168.am-ն այսօր Եռաբլուրում Վլադիմիր Գասպարյանից հետաքրքրվեց՝ արդյոք իր հայտարարությունը, որ իրենք էլ էին ծեծում, ջարդում, ստորացնում, հաղորդում չէ՞ հանցագործության մասին: «Բացարձակապես: Աղջի´կ ջան, հոգի ջան, ախր պետք է հասկանալ՝ ինչը ինչից հետո է: Բաց տեքստով ասված է եղել. մենք, ես ի նկատի եմ ունեցել, պարզաբանեմ, խաղաղվելու համար պարզաբանեմ, մենք ի նկատի ենք ունեցել միլիցիան, այսինքն՝ մենք իրենց փոխարինողներն ենք, չէ՞, ժառանգորդներն ենք՝ միլիցիայից ոստիկանություն և ընթացք, այսինքն՝ միլիցիան, ամբողջ այդ ընթացքում խոսել է նրա մասին, որ ծեծով ու ջարդով ցուցմունքներ են խլում: Ի նկատի է ունեցվել դա, որ նախկինում եղել է այդպես, պարզ ասում եմ՝ տեսե´ք, որ մենք վերափոխվել ենք, դա այլևս չենք անում, քաղաքականությունը փոխվել է»,- ի պատասխան ասաց Վլադիմիր Գասպարյանը:
Հարցին՝ ի՞նչ է պետք անել ծեծով ու ջարդով ցուցմունքներ խլելու դեպքերը վերացնելու համար, Վ. Գասպարյանը պատասխանեց, որ պետք է միասին աշխատել. «Միասին աշխատենք: Կլինեն դեպքեր՝ ահազանգեք: Իմ ուզածը հենց ի՞նչն է եղել, որ ինչ-որ մի պրոցես կա, որ դրանից հետո օժանդակություն է պետք: Իհարկե, կարող է մի տեղ մի ինչ-որ երևույթ ինչ-որ մի ձև վատ պահի… եթե ձեզանից մենք չիմանանք, հասարակությունից չիմանանք, որտեղի՞ց պետք է իմանանք»:
Հարցին՝ երբվանի՞ց է ոստիկանությունը դադարեցրել ծեծն ու ջարդը, ոստիկանապետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ առանձին երևույթներ կարող են և հիմա դրսևորվել, առանձին երևույթներ, որովհետև ոստիկանությունը մեծ կազմակերպություն է, և ցանկացած տեղ կարող է մեկ հիմար դուրս գա ոստիկանի համազգեստով, որն իրեն թույլ կտա: Բայց որ ոստիկանության քաղաքականությունը այդ առումով ժխտողական է՝ դա միանշանակ և անդառնալի է: Այնքան ժամանակ, որ ես ոստիկանապետ եմ, ես դրա համար պատասխանատվություն եմ կրում»: Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ արդյոք նախկինում ծեծողներն ու ջարդողները ենթարկվե՞լ են պատասխանատվության: «Կարծում եմ, որ համակարգում էլ չկան: Կարող է՝ մեկ երկուսին պատահաբար մոռացել ենք….»,- ասաց Վլադիմիր Գասպարյանը:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Փաստորեն առաջ ծեծ ու ջարդ եղել է: Բայց միշտ էլ տվյալ պահին պաշտոնավարողների կողմից դա ժխտվել է: Իսկ ո՞նց են պատժվել բացահայտված ծեծ ու ջարդ անողները: Հեռացվել են համակարգի՞ց, ու վե՞րջ: Շատերը կուզենային ծեծ ու ջարդ անել ու պատժվել ընդամենը աշխատանքից հեռացված լինելով: