Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՍԴ-ն օրենքին կյանքի ուղեգիր տա՝ ստիպված կլինեն վճարել նաեւ հունվարի եւ հետագա ամիսների համար. «Հայոց աշխարհ»

Հունվար 28,2014 12:09

Մինչ ոմանք ցնծության մեջ են եւ մտածում են, թե Սահմանադրական դատարանի այդ որոշմամբ չեղյալ հայտարարվեց կուտակային համակարգի ներդրումը պարտադրող օրենքը` օրենքի գիտակները խորհուրդ են տալիս ժամանակից առաջ հաղթանակներ չտոնել եւ համբերությամբ զինվելով` սպասել մինչեւ ՍԴ-ի վերջնական որոշմանը:
Իրավաբան ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ նկատում է, որ դատարանի որոշումը զուտ աշխատակարգային է, եթե գործը վարույթ է ընդունվել` այսպես թե այնպես օրենքի կիրառումը պետք է կասեցվեր: Դա չի նշանակում, թե Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը նույնպես պետք է բխի դատարան դիմածների շահերից: Դրանով չի կանխորոշվում, թե դատարանը ի՞նչ վերջնական որոշում կկայացնի: Դրանում որեւէ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել, դա զուտ դատավարական գործողություն է:
Իրավաբանի ներկայացմամբ, միակ դրական բանը, որ այդ գործընթացում կարելի է նկատել, այն է, որ դատարանը չի մերժել եւ գործը վարույթ է ընդունել: Մնացածը ցույց կտա դատաքննությունը:
Արա Ղազարյանը բացատրում է, որ ՍԴ-ի այս որոշմամբ ոչ թե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն է ամբողջությամբ կասեցվել, այլ օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված մի բաղադրիչը: Դա նշանակում է, որ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է, միայն դեռեւս օրենքի կիրառման մեխանիզմներից մեկն է կասեցվել, որով, ի դեպ, պետք է մեկնարկի ողջ համակարգը:
Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014թ. հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեին կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվելու էր օրենքով նախատեսված կարգով: Այժմ դատարանը մինչեւ այս դրույթի սահմանադրականությունը որոշելը այն սառեցնելով` հնարավորություն է տալիս 1974թ. հետո ծնվածներին կենսաթոշակային համակարգում վճարումներ չկատարել՝ քանի դեռ հնարավոր չէ ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրել:
Դրա համար քաղաքացին որեւէ պատասխանատվության չի ենթարկվի, ինչն էլ սահմանում է օրենքի 76-րդ հոդվածը, որը նույնպես կասեցվել է: Հոդվածի համաձայն` պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք պատասխանատվություն են կրում կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար:
Այժմ պետք է սպասել ՍԴ-ի վերջնական եզրակացությանը, որով էլ կորոշվի սույն օրենքի սահմանադրականությունը: Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքի նորմերը համապատաախանում են սահմանադրական պահանջներին` օրենքը լիիրավ ուժի մեջ կմտնի, եթե որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչվեն` արդեն դատարանը պետք է որոշի` դրանք վերաձեւե՞լ, թե՞ դուրս մղել օրենքից: Այժմ միանշանակ ոչինչ հնարավոր չէ ասել, քանի որ ՍԴ-ի որոշումը կարող է անկանխատեսելի լինել: Ուստի Ա.Ղազարյանի դիտարկմամբ, եզրակացություններ անել դեռ հարկավոր չէ:
Մյուս կողմից՝ ՍԴ-ն կարող է օրենսդրական նորմերը կամ որեւէ նորմը սահմանադրական համարել այնքանով, որքանով իր դիրքորոշումներն է հայտնել որոշման մեջ: Բայց այդ ժամանակ հոդվածը կիրառողները դա պետք է հաշվի առնեն:
Եթե դատարանը օրենքին կյանքի ուղեգիր տա, բոլոր նրանք, ովքեր ենթարկվում են պարտադիր կուտակային օրենքին, ստիպված կլինեն վճարել նաեւ հունվարի եւ հետագա ամիսների համար: Այսինքն՝ գումարային բեռն ավելի կծանրանա: Դրա համար իրավաբանը կարծում է, որ լրացուցիչ մեխանիզմներ են հարկավոր` վճարումները աստիճանաբար կատարելու համար:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031