Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ ատենապետը՝ ձախ ուժերի միավորման մասին. «Հայոց աշխարհ»

Հունվար 28,2014 11:54

2011-ին Դեմոկրատական կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) միավորման նախաձեռնությամբ հանդես եկան, ձախերը նպատակ ունեին անգամ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց այդ փորձերն ի դերեւ եղան: Այսօր ձախերի միավորման հայտ ներկայացնողի դերում ՍԴՀԿ նորընտիր վարչությունն է: Հարցերին պատասխանում է ՍԴՀԿ ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ։

  -Հայտնի է, որ ձախ ուժերի համախմբման շուրջ արդեն իսկ բանակցություններ են տարվում որոշակի քաղաքական շրջանակների հետ: Ձախերի դաշտում, մասնավորաբար, Դեմկուսն է, Դաշնակցությունը, Կոմկուսը: Կբացե՞ք փակագծերը, ո՞ր ուժերի հետ եք արդեն իսկ բանակցել, եւ որո՞նք կլինեն ձեր ապագա համագործակիցները: 

-ՍԴՀԿ նորընտիր վարչությունը վերջին երկու ամիսներին ձեռնամուխ է եղել ձախ ուժերի միավորման գաղափարին: Այո, մենք բանակցություններ ենք վարել Դեմկուսի, Կոմկուսի, նաեւ այլ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ: Ընդ որում, ոմանցից արդեն իսկ դրական պատասխան ենք ստացել: ՀՅԴ-ի հետ այս պահին բանակցություններ չեն ընթանում:
Ճիշտն ասած, քանի որ այժմ դեռ բանակցությունների փուլում ենք, նպատակահարմար չեմ համարում ասել ավելին, սպասենք եւս 15-20 օր: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ ձախ ուժերը հստակ գործողություններով ապացուցեն իրենց կենսունակությունը: Հուսամ, փետրվարի կեսերին տեղի կունենա ձախերի միասնական միջոցառումը, որը կներկայացնի որոշակի արժեքների, գաղափարների ու նպատակների շուրջ համախմբված քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների եւ անհատների միասնական պլատֆորմը:

-2011-ին ձախ ուժերը որպես միավորման նպատակ հայտարարում էին հետեւյալի մասին՝ քաղաքական կուրսին այլընտրանք ստեղծել, որպեսզի մեր հասարակությունը ունենա երկրի զարգացման ուղու ընտրության հնարավորություն։ Նաեւ հայաստանյան քաղաքական դաշտում հաստատել մրցակցային պայմաններ, որպեսզի այն ձեւավորվի ոչ թե փողի, ադմինիստրատիվ ռեսուրսի, այլ գաղափարական հենքի վրա: Այսօր նո՞ւյնպես նույնն է միավորման նպատակը: 

-Ես կասեմ, կոնկրետ, ՍԴՀԿ-ի նպատակը: 1991-ից Հայաստանում գործող համակարգը կենսունակ չէ, եւ միայն անձանց փոփոխությունը չի կարող հանգեցնել հայաստանցու կյանքի որակական բարելավման: Հետեւաբար կարծում ենք, որ խնդիրը ոչ թե անձերի, այլ համակարգի մեջ է, մեզ օր առաջ անհրաժեշտ է նախ համակարգային փոփոխություն իրականացնել:

Երկրորդ՝ Հայաստանում առկա է սոցիալական անարդարության հսկայական «պաշար»՝ օլիգարխներն իրենց մենաշնորհներով ու «արժեքային» համակարգով Հայաստանի համար, մեղմ ասած, ոչ դրական երեւույթ են: Սրա դեմ է, որ պայքարելու է ՍԴՀԿ-ն: Մեծ հույսեր ունենք, որ այդ պայքարը կտարվի նաեւ ձախ ուժերի ալյանսով, որը առաջիկայում կներկայացնի իր հայտը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031