Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ծառայողական մեքենաների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվում. «168 ժամ»

Հունվար 28,2014 11:23

Երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ Վրաստանի կառավարությունն այս տարի մորատորիում կհայտարարի առաջին կատեգորիայի ծառայողական ավտոմեքենաների ձեռքբերման համար։ Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել նախարարություններին՝ իրենց ավտոպարկից վաճառքի դուրս բերել թանկարժեք ավտոմեքենաները՝ նշելով, որ մեքենաների վրա տնտեսված միջոցները նախարարությունները կարող են օգտագործել, օրինակ, աշխատակիցների որակավորման բարձրացման համար։

…Իսկ հնարավո՞ր է, որ մեզ մոտ էլ նման նախաձեռնություններ լինեն։ Ասենք՝ կառավարությունը սահմանափակի ծառայողական մեքենաների վրա կատարվող ծախսերը։ Դժվար թե, որովհետև կառավարության գործողություններն այլ բանի մասին են վկայում։

Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին կառավարությունը որոշում էր ընդունել՝ պետական մի շարք գերատեսչությունների համար ծառայողական ավտոմեքենա գնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 789 մլն դրամ կամ ավելի քան 1.95 միլիոն ԱՄՆ դոլար։ Այդ գումարով նախատեսված է գնել 69 հատ մեքենա՝ Դատական դեպարտամենտի, ԱԺ-ի, ՎՊ-ի, Դատախազության, ՀՔԾ-ի, ԱԳՆ-ի, ԿԳՆ-ի, ՏԿՆ-ի, ԿՀԸ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համար։ Մեկ մեքենայի միջին արժեքը կազմում է 11.4 միլիոն դրամ։ Այսինքն` կառավարությունն իր իսկ չափանիշներով շքեղ մեքենաներ է գնել։ Դրա համար էլ զարմանալի չէ, որ այդ որոշումն ընդունվել էր կիսաթաքուն. որոշման նախագիծը չէր հրապարակվել կառավարության կայքում, և դրա մասին լրագրողներն իմացել էին «պաշտոնական տեղեկագրից»։

Զարմանալի չէ նաև, որ Արարատի մարզպետարանը նախորդ տարվա նոյեմբերին մեքենայի դիմապակին տեղադրելու համար համապատասխան ընկերությանը վճարել էր 600 հազար դրամ։ Այդ փաստաթուղթը կարելի է գտնել e-gov.am կայքի՝ 1 անձից կատարված գնումների բաժնում։

Կարճ ասած, մենք՝ հայերս, դժվար թե վրացիների ճանապարհով գնանք։ Միգուցե այն պատճառով, որ մեքենան մեզ համար ընդամենը փոխադրամիջոց չէ։ Սա, ի դեպ, «ամենաանշառ» բացատրությունն է աղքատ երկրում մեքենաների վրա միլիոնավոր դոլարներ ծախսելու համար (չենք խոսում «ատկատների» կամ այլ շահագրգռող գործոնների մասին):

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    ու բազմաթիվ մարդիկ` թե՛ խաբված, թե՛ խաբող, խոսում են, որ բյուջեում փող չկա…..ու հարկերը գնում են սպասարկելու էս ցոփությունը…. բա ձեր գոված հանրային տրանսպորտով գնացեք ստեղ-ընդեղ….օպերատիվ աշատողներին հասկանալի ա, որ ավտո պետք ա, լավ, նախարարներին էլ, բա էն մնացածները ով են….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031