«Առաջին լրատվական»–ի զրուցակիցն է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
– Ձեր գնահատմամբ՝ ինչքանո՞վ ենք մենք, Հայոց բանակը պատրաստ կռվի: Ինչպե՞ս կգնահատեք բանակի պատրաստվածությունը:
– Ես բանակով երկար ժամանակ չեմ զբաղվել, այնպիսի վիճակ է, որ նույնիսկ քիթ սրբելու ժամանակ չունեմ, ես կոնկրետ չգիտեմ՝ հիմա բանակում ինչ կա: Բայց այն, որ մեր հասարակությունը (ոչ միայն իշխանությունները, այլև ամբողջ հասարակությունը) ընկած է փողի հետևից՝ դա լավ բանի բերել չի կարող:
Ասածս այն է, որ մենք պետք է արագ հասնենք բարձունքների, իսկ դրան մենք չենք կարող հասնել, եթե մեր գաղափարախոսությունը գումարն է, փողը:
Չունենք ազգային գաղափարախոսություն՝ հիմնված քրիստոնեության վրա, այդ դեպքում մենք որևէ խնդիր չենք ունենա, մենք միշտ զգոն կլինենք, կիմանանք՝ որտեղից է վտանգ գալիս, ներսի և դրսի թշնամիներն ովքեր են: Իսկ այսպես՝ ամեն մարդ իր հարցերն է ուզում լուծել, կապ չունի թե նա ով է: Եթե ամբողջովին ազգով այդ հարցերը չլուծենք՝ չի ստացվի: Եթե մենք գլոբալ խնդիրներ չենք լուծելու, ազգովի չենք իմանալու՝ թե ինչ ենք ուզում, մենք չենք հաղթի: Ազգը պետք է միավորված լինի:
– Իսկ այդ միավորման համար ի՞նչ պետք է արվի, Դուք էլ եք նշում, որ մարդկանց փողից բացի ոչինչ չի հետաքրքրում, քաղաքական ուժերից էլ կարծես մեծ հիասթափություն կա:
– Մենք պետք է վերադառնանք դեպի Աստված, ապրենք ծխական համայնքներում, ոնց որ առաջներում մեր պապերն ապրել են և, իմիջիայլոց, դիմակայել են ամեն ինչին: Ժողովուրդն իմացել է, որ մենակ չի լինելու՝ հիմնված է եղել հավատքի վրա, միմյանց օգնելու վրա, իսկ հիմա բոլորն առանձին-առանձին են: Օրինակ՝ Երևանում այդքան մարդ կա, բայց երբ մեկի տանը դժբախտություն է լինում, ոչ ոք չի գնում օգնելու:
Բզկտում են, կիսում են աղանդներով, տարբեր բաներով, սուտ գաղափարներով, կազմակերպություններով շեղում են, իսկ մենք պետք է ունենանք մեկ խնդիր: Ես չեմ ասում, որ բոլորը նույն կերպ պետք է մտածեն: Մեկը դուրս է գալիս-ասում՝ ես չեմ ուզում բոլորի նման մտածել և այլն, դրա մասին չէ խոսքը: Խոսքն այն մասին է, որ մարդիկ իրար հարգեն և սիրեն: Այդ ժամանակ վատ բան մտածող մարդիկ չեն լինելու, դրսից վատ կազմակերպություն չի ներմուծվելու՝ այնքան որ ինչ-որ մեկը գումար աշխատի:
– Կարծում եք՝ պատերազմի դեպքո՞ւմ էլ մարդիկ չեն միավորվի: Սովորաբար նման ծանր պահերին ժողովուրդը միասնական է լինում:
– Նեղ պահին բոլորս էլ միախմբվելու ենք՝ դրա մասին խոսք չկա, մեր զինվորի մեջ այնքան պոտենցիալ կա, որ ինքն էլ չի պատկերացնում, մենք էլ չենք պատկերացնում: Այսինքն՝ հաղթանակը մեկից մեկ լինելու է: Չգիտեմ՝ կոնկրետ ինչ է կատարվում բանակում, չգիտեմ՝ քանի ամիս կտևի կամ քանի տարի ու քանի զոհ կտանք, կարող է հազար զոհ տանք ,կարող է՝ 30․000, չգիտեմ նույնիսկ՝ ինչ տիպի նոր զենքեր ունենք, կոնկրետ ասել չեմ կարող, բայց որ կհաղթենք՝ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:
Մարիամ Գրիգորյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում