Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա համակարգը պաշտպանում է բիզնես շահը, ոչ թե`բնության, շրջակա միջավայրի». (Տեսանյութ)

Հունվար 27,2014 22:41

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» նոր օրենքի նախագիծը Ազգային Ժողովին է ներկայացվել այնպիսի փոփոխություններով, որոնց մասին տեղյակ չեն պահվել նախագծի աշխատանքային խմբի որոշ անդամներին: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց այդ աշխատանքային խմբի անդամ Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը: Մեր այն հարցին թե ինչպես է գնահատում նոր օրենքը, պարոն Գալստյանն ասաց. «Այս տարբերակով օրենքի նախագիծը ինքը տարբերվում է այն տարբերակից, որի տակ մենք ստորագրել ենք, իսկ հետո արել են փոփոխություններ դեպի բացասականը: Օրինակ` հենց նույն փոքր ՀԷԿ-երի մասով, երբ մեր ստորագրած նախագծով փոքր ՀԷԿ-երը Բ կատեգորիայի մեջ էին, սա այն կատեգորիան է, որը որոշակի առումով խիստ պահանջներ է ներկայացնում ու խիստ առաջադրանքներ տրվում շահագործողին, այսինքն` պետք է անցնեին ՇՄԱԳ ամբողջական պրոցես` 2 փուլով փորձաքննություն, հիմա, չգիտես ինչո՞ւ, ինչ-որ մի փուլում, երեւի ինչ-որ մի նախարարության առաջարկով Գ կատեգորիայի տակ են: Այսինքն` ինքը կարող է փոքր ՀԷԿ-ը միայն նախնական փուլով անցկացնեն ու վերջ: Մենք չենք թողնի, որ այս տարբերակով ԱԺ-ն ընդունի: Սա նոր եմ կատել, բայց թե էլ ինչեր են փոխել` չգիտեմ, կնայեմ»:

Պարոն Գալստյանի խոսքերով`  նախագծում խնդիրներ կան. պետք է օրենքում հանրային մասնակցության դրույթն այնպես ֆիքսել, որ եթե հանրային կարծիքն այնպիսի բան է ստեղծում, որ այդ նախագծին դեմ է, ապա նախագիծը հաջորդ փուլ չանցնի, սա լինի բավարար պայման. «Հանրությունը նույնիսկ չպիտի հիմնավորի, իր գյուղն է, իր տարածքն է, դեմ է, բայց նույնիսկ հիմա էլ հանդիպում ենք, որ դեմ են արտահայտվում, բայց միեւնույն է նախագիծն անցնում է»:

Մեր այն դիտարկմանը, որ այս պարագայում, օրենքում նման դրույթն անիմաստ է, պարոն Գալստյանն ասաց. «Եթե այդպես է լինելու, ուրեմն այստեղ պետք է լինի քաղաքական կամք, որպեսզի փոփոխություն կատարվի: Ես այդ քաղաքական կամքը չեմ տեսնում, կարող է բնապահպանության նախարարությունում ինչ-որ մարդիկ ցանկություն ունեն ինչ-որ բան փոխելու,   բայց ես հասկանում եմ, որ վերեւից արդեն հրամայված է, թե ինչ նախագծեր Հայաստանում պետք է իրագործվեն»:

Aravot.am-ի այն հարցին էլ, որ արդյո՞ք օրենքի նախագիծն այնպես է մշակված, որպեսզի բիզնես շահերով չառաջնորդվեն, եւ այնքան լիազորություններ տան  փորձաքննող մարմնինը, որպեսզի կանխվի վտանգավոր նախագծերը, Լեւոն Գալստյանն ասաց. «Ամենակարեւոր  խնդիրը` մենք այսօր ունենք մի համակարգ, որը նպատակաուղղված է բիզնես շահերի պաշտպանությանը: Նույնիսկ, եթե հին օրենքը ճիշտ օգտագործվեր եւ բնապահպանական շահը ճիշտ դրված լիներ ճիշտ մարդիկ կիրառեին այդ օրենքը, հաստատ մենք ոչ մի խնդիր չէինք ունենա: Բայց փաստն այն է, որ մենք չունենք այն քաղաքական կամքը, որպեսզի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, բնության պահպանությունն ավելի բարձր դնեն, քան բիզնես շահը: Անհատական մարդկանց բիզնես շահն այսօր ավելի կարեւոր է, քան հանրության եւ շրջակա միջավայրի: Լուրջ համակարգային փոփոխություններ կարիք ունենք»:

Ներկայումս, ինչպես ասաց պարոն Գալստյանը, հանք կամ ՀԷԿ շահագործողը պարտավորություն չունի գնահատելու վնասներն ու դրա փոխհատուցումը, իսկ նոր օրենքով  պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում ներկայացնի, ասենք.«Այսինչ բաներն եմ անելու, ու այս վնասներն են լինելու ու այսպես եմ փոխհատուցելու, իսկ դրա չափորոշիչները կառավարությունն է կազմելու  հիմա պետք է նաեւ ձեւակերպվի այդ չափորոշիչները, ներկայումս չունենք դրանք»:

Եթե չկա քաղաքական կամք, եւ առաջնորդվում են բիզնես շահերով, ապա ի՞նչ երաշխիք, որ կառավարությունը խիտս չափորոշիչներ կկազմի, Aravot.am-ի այս հարցին էլ Լեւոն Գալստյանն ասաց, որ դրանք կազմելու շրջանում պետք է լուրջ փորձագետներից աշխատանքային խումբ լինի, որոնք կներկայացնեն նաեւ տնտեսական վնասների մեխանիզմները, միջազգային փորձը, որից հետո նոր ընդունվի կառավարության որոշումը. «Ես այդպես եմ պատկերացնում դա: Շահագործողին էլ պարտավորեցվի դրանք կիրառել, իսկ հետո լինեն անկախ փորձագետներ, հանրության մասնակիցներ, որպեսզի ստուգեն, թե  շահագործողի ներկայացրածն որքանով է համապատասխանում չափորոշիչներին»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031