Ոստիկանության երեսուն տարվա աշխատակից, նախկին տեղամասային տեսուչ, հետաքննիչ Ռուդիկ Ներսիսյանը պնդում է, այսօրվա ոստիկանները միայն արտաքին փոփոխություն են կրել, իսկ վարքով, նախկին ոստիկանի բնորոշմամբ «անմակարդակ» են:
«Այսօրվա ոստիկանները համակարգիչներով են աշխատում, ավելի սոլիդ հագնված ման են գալիս, բայց չեմ գտնում, որ այսօրվա ոստիկանն ունի առաջվա ոստիկանի հոգեբանությունը: Անմակարդակ են, այսինքն, առաջվա ոստիկանի պես սրտացավ ու մտահոգ չեն քաղաքացու նկատմամբ: Եթե ինչ-որ հարց էլ նկատում են, թողնում, հեռանում են մինչեւ բողոք չլինի, դիմում չլինի, իրենք չեն խառնվի, չեն օգնի: Ոստիկանի վարքում առաջընթաց չկա, առաջընթաց է պետք»,- Aravot.am-ին ասաց պարոն Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ասել է, որ, ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում ոստիկանների վարքը փոխվել է, նրանք հիմա ավելի հանդուրժող են դարձել:
Մեր զրուցակից՝ նախկին ոստիկանն էլ շարունակեց՝ պնդելով, որ իր տարեկից ոստիկանները զարմանում են, որ քաղաքացիները դեռ հարգում են ոստիկանին. «Մենք՝ հներս, զարմանում ենք, որ ժողովուրդն այսօր էլի ինչ-որ մի տեղ ոստիկանի համազգեստը հարգում է, ոստիկանի համազգեստին մարդը պետք է արժանի լինի: Էսօր ժողովրդի էդ հարգանքն էլ մնացել է էն հին ոստիկանի նկատմամբ, ով որ ժողովրդի հետ վարվելու ձեւ գիտի: Եթե ոստիկանը պետք է գործ սարքելով առաջ գնա, էդ ոստիկան չէ: Ոստիկանը պարտավոր է պրոֆիլակտիկ աշխատանք տանի, հանցագործությունը կանխարգելող քայլեր անի, բայց էդ ամեն ինչը հիմա թողած, հետեւում են՝ ըհը ու գնում բռնում, որ նստացնեն, գործ սարքեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ