Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյանը` Ջհանգիրյանին. «Զապորոժեցը» պետք է փոխել

Հունվար 27,2014 18:54

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, անդրադառնալով պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ ֆինանսների նախարարության բանավեճին, կարծիք էր հայտնել, որ բանավեճի պատճառը հիմնականում այն է, որ առընթեր մարմնի կարգավիճակ ունեցող ՊԵԿ-ը չի  գտնվում կառավարության կազմում, չունի նախարարության կարգավիճակ, այդ կարգավիճակի շնորհիվ զերծ է մնում խորհրդարանին որեւէ կերպ պատասխանատու լինելու պարտականությունից:

Նշենք, որ ՊԵԿ-ֆիննախ տարաձայնությունը վերաբերում էր ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման ու վճարման ոլորտում հայտնաբերված չարաշահումներին:

Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում  տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը, որը նաեւ կառավարման ոլորտի փորձագետ է, մեր հարցին, թե ՊԵԿ-ի չարաշահումների պատճառն արդյո՞ք պետական սխալ կառավարման արդյունքն է, վստահեցրեց, որ բոլոր այդ արատների արմատները գալիս են դեռեւս 1991 թվականից: Հ. Մեսրոբյանի մեկնաբանությունները` հարցազրույցի տեսքով:

-Զարմանում եմ, երբ պետական կառավարման անարդյունավետության հարցով ինչ-որ փաստարկ են հայտնաբերում: Ինձ մոտ միշտ հարց է առաջանում. այսօրվա մեր պետությունը 2014-ի՞ն կամ 2013 թվականի՞ն է ձեւավորվել: Նա ձեւավորվել է 1991-ին եւ  ցանկացած դժգոհություն, օրինակ` ընտրությունների ազնվության հետ կապված,  2012-13 թվականի՞ն է առաջացել, թե` 1995-96 թվականներին: Այսինքն` որոնք են այն արատները, որ ի հայտ եկան վերջերս: Այդ արատների արմատները շատ վաղուց են, երբ մեր պետությունը նոր էր ստեղծվել, հետեւապես, պետք չէ զարմանալ կամ դժգոհել ինչ-որ արատից` հետին թվով, անցյալ ժամանակով: 1991 թվականին ստեղծվեց անարդյունավետ, վատ աշխատող պետական համակարգ, եւ այդ ժամանակ մեզ մոտ առաջացան պետական կառավարման արատներ ե’ւ իշխանության թեւերի մասով ե’ւ իշխանության թեւերի արդյունավետ ստեղծման մասով: Եթե մենք հիմա սահմանափակվենք այսօրվա օրով եւ փորձենք դեղատոմսեր տալ, անիմաստ բան է, բժիշկը, երբ գալիս է հիվանդի մոտ, նա չի բուժում հիվանդության արտահայտման ձեւերն այս պահի դրությամբ, նա միշտ փորձում է իմանալ  հիվանդության պատմությունը մինչեւ հասնի պատճառներին եւ փորձում է բուժել պատճառները, հետեւանքները չեն բուժում: Եվ դրա համար, երբ ամեն անգամ սկսում են ինչ-որ մի հիվանդության թիրախներ հրապարակել, դա կառավարման իմաստով ճիշտ չէ, միշտ պետք է գնալ սկզբնաղբյուր` պատճառ: Եթե մենք պատճառները չվերացնենք մենք միշտ կունենաք հետեւանքներ: Պատկերացնենք մի բան, որ ինչ-որ լոկալ խնդիր պետական կառավարման հարցում մենք լուծել ենք, բայց ամբողջ պետությունն է հիվանդ:

Այսինքն՝ մենք պետք է փոխե՞նք ողջ կառավարման համակարգը:

-Եթե մենք, իրոք, ուզում ենք ունենալ հզոր զարգացող պետություն, ապա ամբողջ կառավարման համակարգը պետք է փոխել: Բացասական ընտրասերումը կադրերով, որոնք կա մեր պետական համակարգում, պետք է փոխել դրական ընտրասերումով: Մեզ մոտ ցանկացած իշխանության թեւի մեջ մենք առաջինը լավագույն դեպքում անարդյունավետություն ենք տեսնում: Միայն գործադիրում եւ օրենսդիրում չէ, վերցրեք ցանկացած ոլորտ` տեղական ինքնակառավարման մարմինները, կառավարությանը կից գերատեսչություններ, ինչ-որ ԾԻԳ-եր, կոմիտեներ, ցույց տվեք մի ոլորտ, որտեղ մենք կարող ենք հպարտանալ մեր արդյունքներով: Պետական կառավարման համակարգի սխալ ընտրասերման եւ, որպես հետեւանք, սխալ կառավարման պատճառով, մենք ստեղծեցինք անարդյունավետ, քարշ եկող, յոլա կառավարման պետական համակարգ: Մենք ընդհանրապես չենք արձագանքում մարտահրավերներին, օրինակ` մի մարտահրավեր` արտագաղթը մեզ մոտ սկսվել է հենց պետության ձեւավորման սկզբում: Պետության համար շատ վտանգավոր, մահացու այդ երեւույթը 1991 թվականից մինչեւ հիմա գալիս է: Անցել է 23 տարի եւ 23 տարի մենք, պարբերաբար, ունենում ենք կամ աճող կամ մի քիչ նվազող, բայց, այնուամենայնիվ, արտագաղթում, որովհետեւ հիմնական պատճառները վերացված չեն: Կամ վերցնենք աղքատությունը: 1991 թվականից մեզ մոտ սկսվեց սոցիալական բեւեռացում: Հայաստանը համարվում է աշխարհի ամենաբեւեռացված պետություններից մեկը: Ես վերցնում եմ պետության կառավարման մակրոթիրախները, որոնք ձեւավորվել են 91 թվականին եւ մինչ այսօր չեն լուծվել: Պատկերավոր ասած` մենք առել ենք «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենա եւ 23 տարի քշում ենք այդ մեքենան ու զարմանում ենք, որ «Զապորոժեցն» անգամ ամենավատ «Մերսեդես» մակնիշի մեքենային չի կարող հավասարվել: Չի’ կարող հավասարվել, որովհետեւ, այն «Զապորոժեց է»: Ասում ենք «կարբյուրատորն այն չէ, բենզինը սխալ ենք լցնում եւ այլն, ո’չ, հիմնական պատճառը «Զապորոժեցը» պետք է փոխել:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031