Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը Հայկական բանակի կազմավորման 22-ամյակին ընդառաջ

Հունվար 27,2014 18:44

Վաղը՝ 2014 թ-ի հունվարի 28-ին նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Բանակ, որը ՀՀ Սահմանադրությամբ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ պաշտպանությունը:  Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ՀՀ զինծառայողները՝ սպաները եւ շարքային զինվորները, շարունակում են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները:

Տոնական օրվա հետ կապված չենք կարող չարձանագրել զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները, որոնց չլուծվածության հետեւանքով տեղի են ունենում  զինծառայողների մահեր, առողջական վիճակի վատթարացում, խեղումներ:

Ցավոք, նախորդ տարի եւս արձանագրեցինք ՀՀ զինված ուժերում լրջագույն խախտումներ՝ բռնություններ, ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքեր, կոռուպցիոն դրսեւորումներ եւ մահվան դեպքեր:

Շարունակվեցին բռնությունների կոծկումները,  եւ չնայած  մահացության դեպքերի նվազման վերաբերյալ հայտարարություններին՝ միայն 2014 թ-ի 27 օրվա ընթացքում ունեցանք 3 մահ եւ առնվազն 2 բռնության դեպք:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրել է խախտումների շարունակական բնույթ թե՛ զորակոչի, թե՛ զինծառայության ընթացքում: Զորակոչվել են առողջական բազում խնդիրներով երիտասարդներ, նախաքննական մարմնի կողմից տարբեր գործերով, հատկապես մահացության դեպքերով,  չի իրականացվել լիարժեք եւ օբյեկտիվ քննություն եւ չի տրվել համարժեք գնահատական, տեղի են ունեցել կամայական եւ անկանխատեսելի օրենսդրական փոփոխություններ,  ինչպես նաեւ շարունակվել է պաշտպանական գերատեսչության ոչ բավարար թափանցիկ եւ  հաշվետվողական գործունեությունը։

Այսպիսով, վերստին արձանագրում ենք իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը՝  իրականացնելու արմատական բարեփոխումներ, որոնք միտված կլինեն զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը եւ արդյունքում հասարակության կողմից զինված ուժերի նկատմամբ վստահության ձեւավորմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շնորհավորում է բոլոր զինծառայողներին եւ մաղթում անվտանգ ծառայություն, որի գրավականն է յուրաքանչյուր զինծառայողի իրավունքի եւ արժանապատվության նկատմամբ հարգանքը:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031