Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Պևցով. «Ես սիրահարված եմ Թարիվերդիևի երաժշտությանը»

Հունվար 27,2014 18:14

Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգային ծրագրով՝ նվիրված Միքայել Թարիվերդիևին:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ համերգի շրջանակներում կհնչեն Թարիվերդիևի Ջութակի կոնցերտը և հայտնի ու սիրված կինոնկարների համար կոմպոզիտորի գրած մեղեդիները, ինչպես, օրինակ, «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք» և այլն:

«Այն, ինչ այսօր պիտի ներկայացնենք, շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել: Դրա մասին փաստում է այն, որ արդեն 4-5 օր է, ինչ տոմսերն սպառված են: Սա խոսում է նախագծի հաջողության մասին: Մենք հաճախ ենք նման նախագծերով հանդես եկել, բայց սա, երևի, մի փոքր տարբերվում է իր ձևաչափով, ինչու չէ, նաև նրանով, որ հայտնի դեմքեր են ընդգրկված»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ս. Սմբատյանը:

Միքայել Թարիվերդիևի կնոջը՝ Վերա Թարիվերդիևային ուրախացնում է հանդիսատեսի կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրությունն իր ամուսնուն նվիրված համերգի նկատմամբ, ինչը, նրա խոսքով, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում սիրում են Թարիվերդիևին ու նրա երաժշտությունը:

«Ինձ համար շատ հաճելի է լինել Երևանում, և շատ հաճելի է, որ Թարիվերդիևի երաժշտությունը հնչելու է հայրենիքում, որ ավելի շատ մարդիկ են լսելու և ճանաչելու նրա երաժշտությունը»,- ասաց Վերա Թարիվերդիևան:

ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը, որը նույնպես այսօր հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, ասաց, որ ամեն անգամ մեծ սիրով է գալիս Հայաստան և հավելեց. «Մայրս մի տեսակ նախանձում է ինձ, որ ես այսօր Երևանում եմ: Նա սիրում և կարոտում է Երևանն այնպես, ինչպես իր ծննդավայր Թբիլիսին»:

Դմիտրի Պևցովն ասում է, որ սիրահարված է Թարիվերդիևի երաժշտությանը և մեծ սիրով է ընդունում կոմպոզիտորին նվիրված համերգներին մասնակցելու հրավերները:

Դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլն էլ գտնում է, որ Թարիվերդիևը աշխարհի ամենապահանջված կոմպոզիտորներից մեկն է, Արամ Խաչատրյանի ամենահայտնի աշակերտը, որի ճանաչված գործերը մեկ անգամ չէ, որ հնչել են տարբեր բեմերից: «Ես կցանկանայի, որ կատարվեին նաև նրա ոչ այնքան հայտնի, բայց շատ արժեքավոր ստեղծագործությունները»,- ասաց դաշնակահարը:

Ջութակահար Հայկ Կազազյանը նույնպես կարևորեց կոմպոզիտորի ոչ այնքան հայտնի գործերի կատարումը. «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ներկայացնում ենք ոչ միայն կոմպոզիտորի՝ ֆիլմերի համար գրված և մյուս հայտնի ստեղծագործությունները, այլև այնպիսիք, որոնք, ցավոք, այնքան էլ հաճախ չեն հնչում: Հուսով եմ՝ հանդիսատեսին հետաքրքիր կլինի այսօր երեկոյան ծանոթանալ այդ գործերին, որոնք Թարիվերդիևին կբացահայտեն մի ուրիշ կողմից»,- նշեց ջութակահարը:

«Պատանեկան տարիներից մենք հիշում ենք «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմը, որը շատ սիրելի է մեզ,- ասում է դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, որը նույնպես այսօր հանդես կգա երիտասարդական նվագախմբի հետ:- Ես չէի պատկերացնում, որ այդ ֆիլմի երաժշտության մի նմուշ տարիներ հետո կկատարեմ: Երբ առաջին անգամ առաջարկ ստացա Վերայի կողմից, շատ ուրախացա, բայց, միևնույն ժամանակ, զարմացա, թե ինչպես կարելի է այդ փոխադրումն անել դուդուկի համար այնպես, որ և´ համոզիչ լինի, և´ կարողանանք պահել դուդուկի հմայքը, խառնվածքը, և´ ամբողջական լինի այդ համադրումը: Բայց, պատկերացրեք, Վաչե Շարաֆյանն այդ համադրումը շատ հաջող արեց, և 2-3 տարի առաջ դա առաջին անգամ հնչեց Կրեմլում՝ Թարիվերդիևին նվիրված մեծ միջոցառման ժամանակ: Այսօր այդ ստեղծագործությունն իմ երգացանկի անբաժան մասն է, և ուզում եմ հպարտությամբ նշել, որ այս ստեղծագործությունը կարողանում եմ նաև ներկայացնել դրսում, քանի որ այն սիրով է ընդունվում»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031