Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյանը՝ Զարգացման եվրասիական բանկի հետազոտության մասին. «Այդ թվերին վերապահումով և կասկածներով եմ վերաբերվում»

Հունվար 27,2014 16:53
Tatul Manaseryan

«Նույնիսկ ամենահեղինակավոր կառույցներն իրենց չեն կարող թույլ տալ նման ոսկերչական ճշտությամբ կանխատեսել տնտեսական զարգացումը՝ մի գործոնից ելնելով»,-Aravot.am-ի հարցին՝ այն, որ Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը կանխատեսում է,  թե ՀՀ-ի՝ Մաքսային միության պարագայում Հայաստանի ՀՆԱ-ի լրացուցիչ աճը կազմելու է տարեկան 4 տոկոս, արդյոք չափազանցված ցուցանիշ չէ՞, այսպես պատասխանեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա նշեց, որ Մաքսային միության անդամակցումը «ՀՀ տնտեսական զարգացման որքան էլ կարևոր, բայց ամենաորոշիչ գործոնը լինել չի կարող» ու շարունակեց. «Դրա առանձին կանխատեսմանը այդպիսի հստակ թվով, թող թույլ տրվի ասել ինձ, մի քիչ վերապահումով կարող ենք մոտենալ: Լավագույն դեպքում ՀՀ անդամակցումը Մաքսային միությանը կարող է լինել միայն գործոնային վերլուծություն, թե ՀՀ տնտեսության ո՞ր ճյուղերի վրա կարող է դա ազդեցություն ունել, ի՞նչ ու ինչպե՞ս, ի՞նչ միտումներ կարող են արձանագրվել: Առավել ևս որոշումը դեռ չի ընդունվել և բանակցությունները պայմանների վերաբերյալ նույնպես ավարտված չեն»:

Պարոն Մանասերյանը նշեց, որ իրենց կենտրոնի կողմից արվում են հետազոտություններ և ի տարբերություն օտարերկրյա կազմակերպությունների՝ ՀՀ տնտեսական իրավիճակի վերաբերյալ իրենց ճանաչողական մակարդակը ավելի բարձր է, քանի որ ամեն օր են առնչվում ՀՀ տնտեսական իրականության հետ: Պարոն Մանասերյանը նշեց, որ այդ իրավիճակը հաշվի առնելով՝ իրենք ունեն մշակված սցենարներ, թե որ դեպքում ՀՀ տնտեսությունը ինչպես կարող է զարգանալ:

Պարոն Մանասերյանի հետ զրույցում մեջբերեցինք Զարգացման Եվրասիական բանկի հետազոտության այն հատվածը,  որտեղ համեմատություն է կատարվում այն իրավիճակի հետ, որը կարող էր գրանցվել, եթե ՀՀ-ն ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Տնտեսագետն այս կապակցությամբ ասաց հետևյալը. «Մեծ ցանկություն ունեմ հանդիպելու այդ վերլուծության հեղինակների հետ, և պետք է այդ մարդիկ ինձ և Ձեզ՝ որպես ՀՀ քաղաքացիներ համոզեն, որ բավարար հիմքեր ունեն նման կանխատեսումներ անելու: Անանուն, այստեղից-այնտեղից վերցված թվերով ենթադրություններով մենք շատ թվեր կարող ենք ասել: Ուստի այդ թվերին վերապահումով և շատ կասկածներով եմ վերաբերվում: Ավելին, որպես հայ տնտեսագետ, որը վերջին ներդրումը չունի այս երկրում տնտեսական վերլուծության առումով, չեմ կարող ինձ իրավունք վերապահել նման հստակ և վերջնական կանխատեսումներ անել»:

Պարոն Մանասերյանը շեշտեց, որ հատկապես 2014-ի համար է դժվար կանխատեսումներ անել ու ասաց, թե «անգամ Սողոմոն իմաստունն էլ չի կարող այս տարվա համար կանխատեսում անել»:

Պարոն Մանասերյանը ասաց, որ «հստակ կարող է ասել, որ չնայած ՀՀ պոտենցիալը լավ չի օգտագործում, բայց ՀՀ-ն դեռ պահպանում է հնարավորությունը տարեկան երկնիշ տնտեսական աճ արձանագրելու առումով: Եթե մեզ ընձեռվի հնարավորություն տնտեսությունը ղեկավարելու և կառավարելու, ապա վստահեցնում ենք, որ կարող ենք ունենալ անգամ աշխատատեղերի ավելցուկ»:

Ամփոփելով՝ տնտեսագետը նշեց. «Հետազոտություն կատարողը պետք է նախ իրականության հետ հաշվի նստի, տեսնի՝ ՀՀ-ում ինչ է կատարվում՝ սկսած մրցակցային դաշտից, տնտեսական կառավարումից: Հակառակ դեպքում ցանկացած մեկը կարող է նույնիսկ նարդի խաղալուց էլ կանխատեսում անել, միայն տարբերությունն այն է, որ այն մեկի անունը Եվրասիական միություն է, իսկ մյուսի անունը՝ Կարապետ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Օլգա Տրետյակովայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031