Ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջախաղացումը կասեցնելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվեցին ինը հայ զինվործառայողներն ու նրանց հրամանատարը: Պարգևատրվել է 10 անձ՝ դասակի հրամանատար Արմեն Հովհաննիսյանը, մայոր Մնացական Ավագյանը, շարքայիններ Էդիկ Դադամյանը, Մխիթար Վարդանյանը, Դավիթ Իսրայելյանը, նռնակաձիգ Սասուն Հակոբյանը, գնդացրորդ Հրայր Համբարյանը, ավագ հրաձիգ Ռաֆայել Ավդալյանը, նռնակաձիգ Արսեն Հարությունյանը, հետախույզներ Արտակ Շիրվանյանը և Արթուր Օհանյանը:
«Մեր բանակի դեմքը հունվարի 20-ին հակառակորդի մոտ 30 հատուկ ջոկատայիններին հետ շպրտած 9 հոգանոց հայկական խումբն է, շարքային զինվորն է, դիրքապահը: Մենք թույլ չենք տա, որ մեր բանակի կերպարը ոչնչացվի, ինչպես դա թույլ չտվեցինք այդ օրը թշնամուն»:
Զինվորներին պարգևները հանձնելուց հետո Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ նիստերի դահլիճում ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ հայտարարեց. «Ահա մենք այսպիսին ենք` Մարտունիներից մինչև Սպիտակ, Ջերմուկ, Էջմիածին, բոլորս միասնական պաշտպանում ենք մեր Հայրենիքը: Այսպես միասնական պիտի լինենք»:
«20 տարի առաջ կնքված հաղթական հրադադարը ձեռք էր բերվել հայ ժողովրդի միասնության, արիության եւ բազմաթիվ դժվարություններին դիմակայելու շնորհիվ: Փառք ու պատիվ մարտի դաշտում բոլոր զոհվածներին, նրանց, ովքեր լուռ եւ առանց օգնություն կանչելու մինչեւ վերջ պայքարել են, զոհվել կամ անհետ կորել: Եվ չնայած մենք նրանց մասին ոչ մի տեղեկություն չունենք, մենք պահպանում եւ սերունդներին ենք փոխանցում նրանց պայծառ հիշատակը: Մենք այդպես ենք հաղթել եւ պայքարին զուգահեռ բանակ ստեղծել», – հայտարարել է նախարարը:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայկական բանակի հզորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության պահպանման երաշխիքներից է: «Աշխարհն էլ է մեզ վստահում: Միայն անցյալ տարվա ընթացքում մենք մասնակցել ենք տասնյակ բազմազգ զորավարժությունների ՀԱՊԿ, ՆԱՏՕ-ի եւ հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակում, մենք բարձր ենք պահել Հայաստանի եւ հայ ժողովրդի պատիվը:Դրան զուգահեռ մենք կարողացել ենք մեծ հաջողություններ գրանցել նաեւ միջազգային պաշտպանական համագործակցության ոլորտում եւ ամրապնդել հայկական կողմի ձեռքբերումներն իրավական դաշտում», – նշել է պաշտպանության նախարարը:
Լուսանկարները`PHOTOLURE-ի