Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

14 միլիոն դոլարի ռուսական ուղղաթիռներ ու տեխնիկա` Հայաստանին

Հունվար 27,2014 15:30

Օրերս Շիրակի մարզպետարանում անցկացված հաշվետու նիստում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, խոսելով այն մասին, որ պատերազմի սպառնալիքը գնալով իրական է դառնում Հայաստանի համար, ամենակարևորը համարեց պաշտպանական միջոցների անհրաժեշտությունը: Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ Արտակարգ իրավիճակների նախարարի նախաձեռնությամբ մշակվել են ռեզերվներ, դրանց մեջ մտնում են սննդամթերքից, դեղորայքից սկսած՝ մինչև ծանր մեքենաները, որոնք նախատեսված են աղետների ու պատերազմի ժամանակ օգտագործման համար:

Նա նաև տեղեկացրեց, որ ստեղծվել է հայ-ռուսական փրկարարական կենտրոն: Հայաստանը 14 միլիոն դոլարի ուղղաթիռներ, մեծ քանակությամբ տեխնիկա կստանա Ռուսաստանից, որոնք կծառայեն հայ ժողովրդին տարբեր տեսակի արտակարգ իրավիճակների ժամանակ:

Նիկոլայ Գրիգորյանը կարևորեց նաև շչակների անհրաժեշտությունը պատերազմող երկրի համար: Նշենք, որ շչակը մեր ժողովրդին առավել շատ հայտնի է իր ռուսերեն անվան` գուդոկի ձևափոխված տարբերակով`բուդոկով, այն ազդանշան տարածող սարք է, որը խորհրդային միության տարիներին գործարաններում աշխատող բանվորների հիշողության մեջ մնացել է որպես իրենց քնից արթնացնող, աշխատանքի կանչող սարք. վաղ առավոտյան շչակը 3 անգամ ազդանշան էր տալիս: Գյումրիում այն տեղադրված էր Տեքստիլագործների գործարանում:

Ու չնայած Շիրակի մարզի փրկարար ծառայության պետ Մարատ Սարիբեկյանն ասում էր, որ որպես շչակ կարող են օգտագործվել եկեղեցու զանգերը, գեներալ Գրիգորյանը այնքան էլ չհամաձայնեց նրա ասածի հետ:

Շչակներ ունենալու անհրաժեշտության մասին խոսակցությունը թեմայից շեղեց գյումրեցի լրագրողների ուշադրությունը, նրանցից մեկը կատակով նկատեց. «Մի էդպիսի շչակ մեր քաղաքին է պետք, հատկապես քաղաքապետ Բալասանյանին, թող էդպիսի մի սարք իր դռան մոտ դնի ու էսքան չնեղվի, բայց պատկերացնո՞ւմ եք, որ շչակ դնի, ի՞նչ կլինի, շչակը զուտ շչալու է…»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031