Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին

Հունվար 27,2014 14:14

Հայտարարություն

ՀՀ ազգային բանակի տոնի նախօրեին ցանկանում եմ անդրադառնալ այն կերտողներից մեկի ճակատագրին և բարձրաձայնել տարիներ ձգվող մի խնդրի մասին, որտեղ հնչող անարդարության ձայնը չի խլացվի այս տոնի առթիվ հնչող ցնծության մեջ, ոչ էլ բարձրագոչ հիացական ուղերձներով։

Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրությանը կամավոր զինվորագրված, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, պահեստի փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու անօտարելի իրավունքը մերժելը անարդար է, անարդար է, անարդար է, իսկ ամեն անարդարություն իր մեջ հակապետական լիցք է կրում։

Նա, ում ապրած կյանքը, կատարած գործերը կարող են լավագույն օրինակ ծառայել հայ երիտասարդությանը հայրենասիրությամբ դաստիարակելու գործում, առ այսօր չի արժանանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու պատվին: Ժիրայրը բազմիցս հայտնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու իր իղձը։ Նա երեք անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու խնդրանքով, սակայն ստացել է մերժում՝ առանց հիմնավորման ու բացատրության։

Ի՞նչ պատճառաբանություն կարող է արդարացնել Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու մերժումը պետական այրերի կողմից: Միակ բացատրությունը, որ տրամաբանական է, դա ոխակալությունն է այն հայորդու հանդեպ, որը հանդգնություն է ունեցել ապրել իր բարոյական սկզբունքներով, իր կենսակերպով, և իր քաղաքացիական դիրքորոշումները հայտնել առանց վախենալու։

Կոչ եմ անում իշխանությունը դեռ իրենց ձեռքում պահող շրջանակին վեր կանգնել քինախնդրությունից և Բանակի տոնի առթիվ ընդառաջ քայլ անել։ Ընդունել, որ մերժումները եղել են սխալ ու անհիմն, վերանայել նախկին դիմումները և Ժիրայր Սեֆիլյանին շնորհել ՀՀ քաղաքացիություն։

Հնում ասում էին. «Թող կործանվի աշխարհը, եթե չիք արդարություն»։ Այսօր այն այլ կերպ է հնչում. «Եթե չկա արդարություն, ուրեմն կկործանվի աշխարհը»։

 

«Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի պաշտպանության կոմիտե»

Համակարգող Աղավնի Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Արդյո՞ք Հայաստահի Հանրապետությունը իր ոհմակային իշխանությամբ արժանի է ունենալ մի
    քաղաքացու,՝ ով ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆՆ է։ Նրա համար նույնիսկ անպատվություն կլինի ստանալ
    ՀՀ քաղաքացիությունը մի մարդու ,,բարի կամքից,, որը նույնիսկ արժանի չէ Հայ կոչվելու։ ԺԻՐԱՅՐԸ
    կենդանի լեգենդ է, որի օրինակով կարելի է ազգ դաստիարակել, իսկ նրան քաղաքացիություն շնորհողից կամ ոչ՛ ,,հիանալ,, միայն՝ թաղի խուժան բազմացնելու տաղանդում։
    ԺԻՐԱՅՐԸ Հայաստանի քաղաքացի լինի թե՛ ոչ, նա իր անունը մեծատառերով գրեց Հայ պատմության
    հերոսների ցուցակում, ազգի դարավոր օրհնանքների հետ մեկ տեղ, իսկ նրան քաղաքականությունից զրկողին, կամ զրկողների անունները՝ մեկ այլ ցուցակում, որոնց վրա կթափվի ազգի դարերի անեցքն ու նզովանքը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031