Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտե՞ղ էր Վլադիմիր Գասպարյանը Մարտի 1-ին», ինչո՞ւ չքննադատեց»

Հունվար 27,2014 14:02

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի համոզմամբ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խաբել են, թե ոստիկանական համակարգում բարեփոխումներ են կատարվել:

«Կարող է ոստիկանները նոր համազգեստ են ստացել, ձեռնաշղթաներն են նոր կամ էլի մի քանի տեխնիկական աջակցություն եւ վերազինում է եղել: Օրինակ կենտրոնի ոստիկանության շենքը իր հին խայտառակ կառույցից տեղափոխվել է նոր շենք, որտեղ պատերին հեռախոսահամարներ չկան գրված, ինչպես նախկին շենքի ոստիկանների աշխատասենյակի պատերին էին գրված: Այս առումով ահռելի միջոցներ դրվել են եւ տեխնիկական բարեփոխում արվել է: Բայց դեկտեմբերի 2-ը, դեկտեմբերի 20-ը ցույց տվեցին, որ ոստիկանության վարքի մեջ որեւէ բարեփոխում չի եղել»,- ասաց պարոն Բարսեղյանը:

Նրա խոսքով, ոստիկանական համակարգում բարեփոխումներ կլինեն այն ժամանակ, երբ հանրության վստահությունը ոստիկանի նկատմամբ բարձրանա. «Այն ժամանակ, երբ իմանանք, որ մարդիկ չեն վարանում հաղորդում գրել, հայտարարություններ, բացատրություններ տալ ոստիկանությանը եւ ոստիկանին համարում են գործընկեր: Հիմա ոչ ոք չունի այդ զգացողությունը Հայաստանում, էդ վստահությունը չկա: Վլադիմիր Գասպարյանի ճառերով, ելույթներով, «խոհափիլիսոփայական մտքեր» հայտնելով բարեփոխումներ տեղի չեն ունենում , ինքը կամ դրա մասին չգիտի կամ նրան լրջորեն խաբել են, թե համակարգում բարեփոխումներ են արվել»:

Անդրադառնալով, ոստիկանապետի քննադատությանը` Ուկրաինայում ցուցարարների նկատմամբ «Բերկուտ» հատուկջոկատայինների գործողությունների վերաբերյալ, ասաց. «Բա որտեղ էր Մարտի 1-ին Վովա Գասպարյանը, ինչո՞ւ չքննադատեց Մարտի մեկի դեպքերը, խաղաղ ցուցարարների, զինվորականների սպանությունները, չէր երեւում չէ՞ ոնց որ»:

Հիշեցնենք, որ ոստիկանապետը Գյումրի այցելության ժամանակ լկտիություն էր որակել «Բերկուտ» հատուկջոկատայինների գործողությունները:

Պարոն Գասպարյանի հավաստիացումներին, թե հայ ոստիկանը փոխվել է, ցուցարարին այլեւս չի ծեծում, չի ջարդում, չի ստորացնում, պարոն Բարսեղյանը չի հավատում. «Նորից հիշեցնեմ Կոմիտաս 5-ի դեպքերը, երբ ուժով, քաշքշելով , հայհոյելով ցուցարարներին տարան, դեկտեմբերի 2-ին 110 խաղաղ ցուցարարի տարան: Պարտադի՞ր է գնդակահարեն: Հա ճիշտ է, էս վերջերս չեն գնդակահարել, մարտի մեկից հետո դեռ գնդակահարություն չի եղել, գուցե Վովա Գասպարյանը բարի ցանկություններ ունի, չեմ բացառում, մարդ է, բայց երբ բանը հասնում է իշխանությունը պահելու գործին սատարելուն, վստահ եմ, որ ինքն էլ կդիմի այդ քայլերին: Ուկրաինայի դեպքում, վստահ եմ, որ ցուցարարներին գնդակահարելու նախագահի հրաման չի եղել, գուցե ոմանց` ոստիկանական համակարգից որոշ հրամանատարների, Բերկուտից հրամաններ եղել են, բայց այն, ինչ տեղի ունեցավ մեզ մոտ Մարտի 1-ին, ակնհայտորեն պետական իշխանության կողմից անօրինական ինքնապաշտպանություն էր ցուցարարներից»:

Մեր հարցին քաղաքացիական ակտիվիստները ոստիկանական համակարգում դրական փոփոխությունների կամք ու միտում նկատո՞ւմ են, ասաց. «Այո’, իհարկե, տեսնում եմ, բայց մի վերապահումով: Այնքանով, որքանով այն Հայաստանի իշխող, հակաժողովրդական ռեժիմի երկարակեցությանը չի վնասում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031