Հունվարի 27-ին, ժամը 00.17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարյան փողոցում գտնվող փոստատան մոտ կրակել են մի քաղաքացու վրա, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` «Մակարով» տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն