«Մեզ հաջողվեց Ալիեւին վերադարձնել բանակցային սեղան, սակայն, ցավոք մինչեւ վերջ չկարողացանք պահպանել այդ ձեւաչափը»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով արտգործնախարարների` օրերս կայացած հանդիպման արդյունքները:
Քաղաքագետը համոզված է, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները բանակցային գործընթացում որեւէ արդյունք չեն արձանագրի:
Ինչ վերաբերում է մեզ համար կարեւոր, բանակցային գործընթացի հարցում միջնորդների միջամտությանը, ապա Հրանտ Մելիք-Շահնազարյանը համոզված է, որ Նրանք փորձում են պարզապես մնալ միջնորդի իրենց դերում. «Եթե համանախագահները սաստող քայլ անեն, կստացվի կողմնապահություն են անում, բայց սաստիչ հայտարարությունները պետք է միտվեն անվտանգության ապահովմանը, ինչը` Մինսկի խմբի համանախագահների կողմից չի արվում: Գուցե միջնորդները չունեն այն գործիքները, որով կարող են սաստել Ադրբեջանին, բայց ամեն դեպքում հայտարարությամբ հանդես գալը պարտադիր է:Երբ մենք գիտակցենք, որ միջնորդների դիրքորոշումը մեր կորուստների նկատմամբ զուտ անտարբերությունն է, կարծում ենք պետք է վերանայենք մեր քաղաքականությունը: Իսկ մեր քաղաքականության համար կարեւոր նշանակություն ունի այն, որ բանակցային գործընթացը շարունակվի նույն կերպ»,- հավաստիացրեց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ստեղծված իրավիճակը գնահատեց հետեւյալ կերպ. «Դա պատերազմի սպառնալիք չէ, բայց այն անհանգստացնող է հայկական կողմի համար եւ ինչ որ տեղ նաեւ Ադրբեջանի համար: Բաքվում զգում են այն սահմանագիծը, որից ավելին անցնելը կարող է վտանգավոր լինել ու նրանք փորձում են այդ գիծը չանցնել»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է`բանակցությունները դուրս բերելն այս գործընթացից ճակատագրական կլինի հայկական կողմի համար:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ