Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարգացման եվրասիական բանկի հետազոտությունը՝ ՀՀ-ի Մաքսային միության անդամակցության վերաբերյալ

Հունվար 27,2014 12:34

«Հայաստանի՝ Մաքսային միությանը և մեկ ընդհանուր տնտեսական գոտու անդամակցումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական զարգացման վրա»,-այսպիսի եզրակացություն է պարունակում «Հայաստանը և Մաքսային միությունը. ինտեգրման տնտեսական ազդեցության գնահատականը» խորագրով հետազոտությունը:  Այն կատարել է Զարգացման եվրասիական բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնը:

Կենտրոնի համալիր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում ՀՀ-ի ՀՆԱ-ի լրացուցիչ աճը՝ կազմելու է տարեկան 4 տոկոս:

Հետազոտության հեղինակները կարծում են, որ մեկ միասնական առևտրային տարածքի անդամակցումը Հայաստանի համար նպաստավոր և նախընտրելի է երկրի՝ ցանկացած տնտեսական ռազմավարության ընտրության պարագայում, ինչպես երկրի ներքին պահանջարկի ընդլայնման, այնպես էլ արտահանման ծավալների ընդլայնման պարագայում:

Ըստ հետազոտության՝ Մաքսային միության և միասնական առևտրային տարածքի անդամակցության հիմնական առավելություններից է աշխատաշուկայի մեկ ընդհանուր տարածքի մուտք գործելը: Որպես հիմնավորում՝ մասնագետները շեշտում են այն հանգամանքը, որ Հայաստան մուտք գործող տրանսֆերտների 85 տոկոսը գալիս է Ռուսաստանից, իսկ միասնական առևտրային տարածքի ինտեգրացիան թույլ կտա Հայաստան մուտք գործող տրանսֆերտների  չափը դարձնել մինչև տարեկան 40 միլիոն դոլար:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ազատ ապրանքաշրջանառության շնորհիվ Հայաստանը հնարավորություն կունենա դուրս գալ տրանսպորտային մեկուսացումից և կարող է զարգացնել էներգետիկ ներուժը: Այս համատեքստում շեշտադրում է կատարվում Հայաստանի՝ նոր ատոմակայանի, դեպի Իրան երկաթուղու, Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղու, «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցումը:

Հետազոտության համաձայն՝ հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀ-ի Մաքսային միության  անդամակցությամբ հետաքրքրված է ոչ միայն Հայաստանը, այլև Մաքսային միության մյուս անդամ երկրները, քանի որ Հայաստանը կարող է դառնալ տրանսպորտային միջանցք դեպի Հարավային Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ, ինչի շնորհիվ Մաքսային միության և այդ երկրների շուկաները կարող են կապվել:

Ուսումնասիրության հեղինակները հետազոտել են նաև ՀՀ ներքին առևտրի ներուժը: Ըստ նրանց՝ Հայաստանը պետք է զգալիորեն բարձրացնի իր առևտրային շուկայի մակարդակը մինչև Մաքսային միության անդամ երկրների շուկայի մակարդակի: Մասնավորապես ներմուծման ներկայիս սակագինը ՀՀ-ում կազմում է 2.7%, մինչդեռ Մաքսային միության տարածքում 2014-ին գործելու է 6.9 % սակագինը: Ըստ փորձագետներ մաքսատուրքերի բարձրացումը կհանգեցնի բյուջեի դեֆիցիտի կրճատմանը:

Հետազոտության արդյունքներից հատկանշական  է այն հատվածը, որտեղ համեմատություն է արվում Հայաստանի Ասոցացման համաձայնագրի ստորագրման և դրանից բխող իրավիճակի հետ: Մասնավորապես ամրագրված է հետևյալը. «Հատկանշական է, որ միայն ռուսական գազի գնի իջեցումը մեկ տարվա կտրվածքով կազմելու է 140 մլն դոլար և համապատասխանելու է Հայաստանի  ՀՆԱ-ի 146 միլիոնի աճին: Այնինչ ՀՀ-ի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պարագայում նման իրավիճակի հասնելու համար երկար ժամանակ կպահանջվեր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031