Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստրուկ պահելը ծանր ու անօգուտ գործ է

Հունվար 27,2014 11:10

Ինչո՞վ է ավարտվելու Կիեւում եւ Ուկրաինայի այլ քաղաքներում իշխանության եւ ընդդիմադիր տրամադրություններ ունեցողների բազմահազարանոց դիմակայությունը: Ինչպես սիրում են քաղաքագետներն ասել՝ ժամանակը ցույց կտա: Շատ հնարավոր է, որ Յանուկովիչին հաջողվի Ռուսաստանի քաղաքական եւ, պարզ ասենք՝ ուժային աջակցությամբ ճնշել ըմբոստությունը: Բացառված չէ նաեւ, որ լինեն որոշակի պայմանավորվածություններ՝ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Բայց պատմական հեռանկարի առումով, ինձ թվում է, որ սեփական եւ ուրիշի երկիրը զուտ ուժային մեթոդներով ղեկավարելը դատապարտված է:

Բոլոր ազգերն անցել են այդ «ուժային» ճանապարհը՝ եվրոպացիները, ամերիկացիները, չինացիները: Ոչ ոք իր «մենթալիտետով» ավելի լավը չէ, քան ռուսները, ուկրաինացիները, հայերը կամ բելառուսները: Պարզապես ոմանք ժամանակին հասկացել են, որ դա արդյունավետ ճանապարհ չէ: Ավելի քան 10 տարի առաջ Վլադիմիր Վոյնովիչը, չընդունելով Ալեքսանդր Սոլժենիցինի քաղաքական հայացքները (այն ժամանակ ռուս մեծ գրողը դեռ ողջ էր), վիճարկում էր հատկապես այն կետը, թե իրավունքներից առաջ պետք է լինեն պարտականությունները: «Դրա հետ ոչ մի կերպ չեմ համաձայնի, – գրում է Վոյնովիչը: – Անիրավ մարդը ստրուկն է: Քաղաքացին կատարում է իր պարտականությունները արժանապատվորեն եւ ազնվորեն միայն այն դեպքում, երբ գիտի՝ դրանք պարտականություններ են մի հասարակության առաջ, որը հարգում է իրեն եւ իր իրավունքները: Եվ համապատասխանաբար` իր կողմից հարգված հասարակության: Ստրուկը ենթարկվում է, բայց նրա աշխատանքից վնասն ավելի շատ է, քան օգուտը»:

Կարծես թե, պարզ, անհերքելի ճշմարտություններ են: Սակայն թե ներքին եւ թե արտաքին քաղաքականության մեջ այդ ճշմարտությունները դժվարությամբ են ճանապարհ հարթում: Տարբեր երկրներում, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանում, ժամանակ առ ժամանակ առասպելներ են առաջանում ինչ-որ «ուրույն ճանապարհի» մասին: Այդ պատկերացումների շրջանակներում է ի հայտ գալիս «հատուկ առաքելության» մասին հեքիաթը, որից առաջին հերթին տուժում է ռուս ժողովուրդը, որովհետեւ այդ «առաքելությունը» քաղաքականապես, բարոյապես եւ նյութապես շատ թանկարժեք «խաղալիք» է:

Շատ ավելի ռացիոնալ, պրագմատիկ կլինի Կրեմլի կողմից հանգիստ թողնել ուկրաինացիներին եւ նախկին կայսրության այլ պետություններին՝ թող իրենք որոշեն, թե ինչպես են ուզում ապրել: Միեւնույն է, ճնշելով ոչ մի բան դուրս չի գա: Վաղ թե ուշ այդ ազգերը ձեռք կբերեն իրական անկախություն, եւ այս բոլոր բռնությունների պատճառով ժողովուրդների մեջ տհաճ նստվածք կմնա: Ինչպես, ասենք, հիմա ռուսների եւ բուլղարների միջեւ է՝ պատմական բազմաթիվ սերտ կապեր ունեցող ազգերի:

Ռուսաստանի իշխանությունները պատրանք ունեն, որ իրենց եվրասիական ծրագրերով փրկում են սեփական երկիրը: Ինձ թվում է, ճիշտ հակառակը. անիմաստ ռեսուրսներ ծախսելով այդ ոչ իրատեսական ծրագրերի վրա, Ռուսաստանը վատացնում է իր՝ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակը, առաջին հերթին՝ տնտեսական: Մենք ունենք Չինաստանի դրական օրինակը, որը ոչ մեկին չի ցանկանում գաղութացնել, ոչ մի «չինաեվրոպական» միության մասին չի խոսում, բայց դանդաղ ու հաստատուն քայլերով ուժեղացնում է իր ազդեցությունն աշխարհում: (Ի դեպ, ճիշտ կլիներ, հավանաբար, որ մեր պետական, քաղաքական եւ տնտեսական գործիչները, բացի եվրոպականից եւ ռուսականից, ուշադրություն դարձնեին չինական ուղղության վրա): Իրանը նույնպես, հավանաբար, մոտ ապագայում կմեծացնի իր դերը տարածաշրջանում (ինչն, իհարկե, մեզ համար միանշանակ ձեռնտու է) եւ դարձյալ չի փայփայի «պանիրանական» ծրագրեր:

Այդպիսին է, իմ կարծիքով, պատմական հեռանկարը, որի ճանապարհին, անշուշտ, կլինեն տարբեր տեսակի շեղումներ եւ վայրիվերումներ: Իսկ երբ Ռուսաստանի ղեկավարությունը կհասկանա, որ պետք է հանգիստ թողնել մյուս պետություններին, նա կգիտակցի նաեւ, որ պետք է հանգիստ թողնել նաեւ սեփական ժողովրդին, որ բռնությամբ մարդկանց ստրկացնելով ոչ մի արդյունքի չես հասնի: Քո սեփական եւ այլ ժողովուրդների «հպատակեցումը» պատմականորեն անիմաստ գործ է:

Բայց մինչեւ որ դա Ռուսաստանում հասկանան, մենք՝ հայերս, ինչպես ասում են, քաշելիք ունենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Իլյա Վառլամովի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Տիեզերագնացության ոլորտում ծավալված մրցակցությունը երկու տարբեր համակարգերի խթանեց այդ գիտության զարգացմանը: Նմանապես, մարդկանց, ազգերի, պետությունների կառավարման եւ նրանց օգտագործման գիտության զարգացումը հնարավոր է միայն տարբեր համակարգերի այդ ոլորտում մրցակցության պայմաններում: Եթե մենք մի քիչ զոռ տանք մեր հիշողությանը, մեր ապուպապեր արքաները այդ գիտության մեծ վարպետներ էին, վերհիշենք ու զարգացնենք այդ գիտությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031