Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնի մրցանակաբաշխությունը։
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառնում է Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակ։
Ուրախ ենք հայտնելու, որ ‹‹Լավագույն մոնտաժ›› անվանակարգում հաղթել է Արեն Մալաքյանի ‹‹Սիրո խոստովանություն ճապոնական ոճով››, իսկ ‹‹Լավագույն ձայնային մոնտաժ›› անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի ‹‹Հեքիաթ›› կարճամետրաժ ֆիլմերը։
Ինչպես ավելի վաղ հայտնեց Սոֆիայում անցկացվող կինոփառատոնի մեր մասնակից Արեն Մալաքյանը՝ պայքարը թեժ է լինելու, որովհետեւ հիմնական ֆավորիտների ցանկում Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ուսանողների դիպլոմային աշխատանքներն են։
Մրցանակաբաշխության արդյունքների ժամանակ Արեն Մալաքյանի ֆիլմը հայտնվել է Գրան պրիի հավակնող երեք ֆիլմերի ցանկում, որոնցից մյուս երկուսը ներկայացնում էին Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանը։
Ընդհանուր մրցանակների եւ անվանակարգերի թվով Հայաստանը փառատոնում տեղը զիջել է միայն ՌԴ ներկայացուցիչներին։
«Հպարտ եմ, որ երիտասարդ սերունդը կարողանում է գլուխը բարձր ներկայացնել մեր կինոն՝ ազատվելով ‹‹ մենք պայմաններ չունենք, մենք խեղճ ենք›› եւ այլ նմանատիպ խոսքերից․․․Այո, սա Հայաստանն է, սա մենք ենք, մենք չունենք մեծ բյուջե, սակայն ստեղծողն իր կարգավիճակում չի զիջում տեղը համաշխարհային հարթակներում։ Սոֆիայում ինձ շատ հպարտ եմ զգացել այս օրերին, կցանկանայի, որ բոլոր ընկերներս, ում ֆիլմերը նույնպես մասնակցում էին փառատոնին, այստեղ լինեին, քանի որ մրցանակը չէ, որ կարեւորվում է այս պահին, այլ այն շփումը, որ կա աշխարհի երիտասարդ ստեղծագործող քաղաքացիների միջեւ։ Սա եւս մի հրաշալի առիթ էր երիտասարդ ստեղծագործողների փորձի փոխանակման եւ շփման։ Այս ամենի համար շնորհակալ եմ, նախ և առաջ վարպետիս Էդգար Բաղդասարյանին, որովհետեւ ‹‹լավագույն մոնտաժի›› հիմքում նրա խորհուրդներն ու ուղղորդումներն են››,- ասել է Արեն Մալաքյան։
‹‹Ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր օգնեցին նկարահանելու ‹‹Հեքիաթը››, այն մարդկանց, ովքեր օգնեցին երկրի սահմաններից ֆիլմը դուրս հանելուն․․․ Լուսահոգի ռեկտոր Մազմանյանը մեծ ուրախությամբ ու հավատով էր սպասում մեր հաղթանակներին․ սա նաեւ իր հաղթանակն է, իր ներդրումն ու ջանքերը։ Հուզմունքս եւ ուրախությունս խառնվել են ու նոր հեքիաթի մասին են ինձ հուշում››,-ասել է Անդրանիկ Հարությունյան։
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հունվարի 23-ից 25-ը անցկացվում էր «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողներից 4-ի ֆիլմերը անցել էին ընտրության նախնական փուլը, ապա մաս էին կազմել մրցութային 29 ֆիլմերի:
Թատերական ինստիտուտից կինոփառատոնի մրցութային փուլում հայտնվել էին Արեն Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», Լուսինե Պապոյանի «Պատահական հանդիպում» (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 3-րդ կուրս), Նահապետ Սարգսյանի «Тоска», Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» (Սուրեն Բաբայանի արվեստանոց, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 4-րդ կուրս) կարճամետրաժ ֆիլմերը։
Տեղեկացնենք նաեւ, որ կինոփառատոնին ուսանողների ֆիլմերի մասնակցությունը հնարավոր է դարձել լուսահոգի ռեկտոր Արմեն Մազմանյանի եւ Կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան Անիտա Երզինկյանի ջանքերի շնորհիվ։
ԵԹԿՊԻ ողջ անձնակազմը շնորհավորում է հաղթանակած ուսանողներին եւ սպասում Արեն Մալաքյանին, ով կվերադառնա Հայաստան՝ իր հետ բերելով երկու մրցանակները։
ԵԹԿՊԻ մամուլի ծառայություն