Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Արիստակեսյան. «Ես «անձնապաստան» մարդ չեմ»

Հունվար 25,2014 22:04

«Արմենպրես» լրատվական գործակալության նախաձեռնությամբ լրագրողներն այսօր այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, շրջայց կատարեցին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում:

Թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի խոսքով՝ թանգարանը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի հաջողություններ է գրանցել. «Ընդհանրապես, թանգարանի գործունեության ցուցանիշները գնահատելիս ողջ աշխարհում ընդունված է երկու չափանիշ՝ այցելուների քանակը և թանգարանային հավաքածուների, թանգարանային առարկաների մատչելիությունը հասարակության համար: Որքան մատչելի դարձնենք թանգարանային առարկաները, այնքան շատ զբոսաշրջիկների և այցելուների կկարողանանք ներգրավել: 2004 թվականին Սարդարապատի հուշահամալիր այցելուների քանակը եղել է 12.856, իսկ 2013 թվականին՝ 25.784: Այսինքն՝ այցելուների թիվն աճել է երկու անգամ: Որքան շատ մարդ այցելի հուշահամալիր, այնքան շատ կկարևորենք Սարդարապատի ու Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը և մեր պետականությունը ներկայացնելու առիթ կունենանք»,- ասում է Կ. Արիստակեսյանը:

Տնօրենը թեմատիկ ցուցահանդեսների և միջոցառումների ավելացման միտում է նկատում վերջին տարիներին, որը, ըստ նրա, կարևոր է հատկապես էթնիկ մշակութային ժառանգության, արդի մշակույթի և 20-րդ դարի սկզբի հերոսամարտերի պատմությունը ներկայացնող թանգարանային առարկաների հանրահռչակման տեսանկյունից:

«2009-2013թթ. կազմակերպվել է 10 թեմատիկ ժամանակավոր ցուցահանդես և 6 հիմնական ցուցադրություն, իսկ «1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը» ցուցադրությունը ժամանակակից մեթոդներով կազմակերպելու շնորհիվ ապահովել է այցելուների նոր հոսք»,- ասաց Կ. Արիստակեսյանը և ավելացրեց նաև, որ թանգարանի պատմության մեջ առաջին անգամ նորոգվել են նրա վեց պահոցներն ու ստեղծվել նորերը:

2015թ. լրանում է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակը, և թանգարանի տնօրենն ասաց, որ արդեն ունեն հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Կ. Արիստակեսյանն ասաց, որ առաջիկայում բազմաթիվ ծրագրեր ունեն իրագործելու, որոնցից մեկն էլ աուդիոգիդերի ստեղծումն է, այսինքն՝ բացի էքսկուրսավարներից, թանգարանի այցելուն հնարավորություն կունենա նաև աուդիոգիդի օգնությամբ շրջելու թանգարանում:

Թանգարանի տնօրենն անդրադարձավ նաև նախորդ տարվա վերջին տեղի ունեցած միջադեպին: Խոսքը Կ. Արիստակեսյանի և թանգարանի երկու աշխատակցուհիների միջև ծագած վեճի մասին է: Տնօրենն ավելորդ համարեց խոսել հանցակազմից, քանի որ, նրա խոսքով, իր աշխատասենյակում եղել է բանավեճ, իսկ ընդունարանում և ցուցասրահում՝ բանակռիվ կամ լեզվակռիվ, ուստի՝ դեկտեմբերի 23-ի դրությամբ, ոստիկանությունը հանցակազմի բացակայության, անբավարար ապացույցների պատճառով մերժել է այս քրեական գործը:

«Որպես մարդ՝ ես «անձնապաստան» մարդ չեմ, իսկ որպես տնօրեն՝ անձնական վերաբերմունք չեմ դրսևորում որևէ աշխատողի նկատմամբ: Պարզապես, զուտ մարդկային տեսանկյունից դիտելով՝ կարծում եմ, որ այն մարդը, որը տարածել է այս ապատեղեկատվությունը որոշ լրատվամիջոցների միջոցով, հենց վերջիններիս միջոցով էլ պարտավոր է ներողություն խնդրել: Ինչ վերաբերում է ինձ՝ որպես տնօրենի, գործատուի, ապա ես կարծում եմ, որ մենք իրավունք չունենք թանգարանում ունենալ նմանատիպ վարքագիծ դրսևորող աշխատակիցներ»,- ասում է Կ. Արիստակեսյանը:

Արդյո՞ք միջադեպին մասնակից աշխատակցուհիները շարունակում են աշխատել թանգարանում:

«Աշխատողները, ի զարմանս ինձ և ձեզ, շարունակում են աշխատել, որովհետև այդ վեճը չուներ անձնական բնույթ, այն եղել է աշխատանքային քննարկման ժամանակ, հիմքը էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանն էր, ըստ որի՝ թանգարանի ֆոնդապահը, օրինակ, պետք է ունենա բարձրագույն կրթություն և համարվի գիտաշխատող: Մեր ֆոնդապահներից երեքն այս պահին ունեն միջնակարգ կրթություն: Մենք երբևէ որևէ աշխատողի ազատման պահանջ չենք դրել և չենք էլ դնի, եթե մեր կողմից առաջարկվող աշխատանքը նրանք ընդունեն»,- ասաց տնօրենը և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ազատել է ընդամենը երկու գիտաշխատողի, որոնք, ըստ նրա, իրենց գիտական գործունեությամբ չեն փայլել:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա Մելիքյան says:

    Կիսաճշմարտությունը կամ ճշմարտանման սուտը շատ ավելի վտանգավոր է, քան բացարձակ սուտը:
    1. Տնօրենի նշած միջազգայնորեն ընդունված գնահատման երկու չափանիշների գծով թանգարանը վերջին տարիներին կտրուկ հետընթաց է արձանագրել, ինչը կապված է իր պաշտոնավարման հենց սկզբից մուտքի և էքսկուրսիոն տոմսերի աննախադեպ և ոչնչով չարդարացված բարձրացմամբ, հետևապես հիմնական թիրախ այցելուների` դպրոցականների, ուսանողների և հասարակ մարդկանց համար թանգարանի մատչելիության սահմանափակմամբ: Նրանց հասցեին իր ձևակերպած գոհարներից մեկն այսպես է հնչում.”թանգարանը բոմժերի համար չէ”: Ինչ վերաբերում է իր ներկայացրած թվին, ապա այն շատ խղճուկ է թանգարանի այցելությունների նախկին թվերի համեմատ /80-ից100 հազար` 70-ականների վերջից մինչև 90-ականների սկիզբ և 30-ից 40 հազար`մինչև 2007թ.`հաշվարկած միջին տարեկանով/: Իսկ թե ինչու է տնօրենը իբրև համեմատության ելակետ ընտրել ոչ թե իր պաշտոնավարման սկզբի, այլ 2004թ. տվյալը,ապա իմացողի համար շատ հասկանալի է. դա վաճառված տոմսերի քանակով է հաշվարկված, որի մեջ չի մտնում անվճար սպասարկված այցելուների թիվը, ինչը 2005-2007թթ շատ ավելի մեծ է:
    2. Մայիսյան հերոսամարտերին նվիրված ցուցադրության բացումից հետո Սարդարապատի թեմատիկ ցուցադրությունը մի քանի անգամ ավելի պակաս է սպասարկվում, քան նախկինում, երբ այն հիմնական ցուցադրության մաս էր, քանի որ այցելուն միևնույն թանգարանում երկրորդ անգամ մուտքի տոմս գնելու փաստի առաջ կանգնելով` զայրացած հրաժարվում և դուրս է գալիս թանգարանից:
    3. Ցուցահանդեսների նշված թիվը հնարովի է և մի քանի անգամ մեծ իրական թվերից:
    4. Թանգարանի ֆոնդային տարածքները հապճեպ նորոգվել են հանրային մեծ ճնշման տակ, աշխատանքից իր ազատած աշխատակիցների համառ պայքարի, հնչեցրած բազմաթիվ ահազանգերի պարտադրանքով:
    5 Տնօրենն անձնավորում է ցանկացած աշխատանքային խնդիր, կասկածում է բոլորին, ատում և վախենում է բոլոր աշխատակիցներից`փնտրելով նրանց մեջ միայն թշնամի: Դա պարզապես նրա տեսակն է, և ինքն անկարող է իր դեմ:
    6. Միջադեպի մասին կարելի է ասել, որ մեզ`մասնագետներիս համար դա սպասված և օրինաչափ էր, քանի որ ի սկզբանե դա իր ընտրությունն էր` մասնագետների և նախկին անձնակազմի փոխարեն,ինչի արդյունքում գեղարվեստորեն ասած. “ փողոցը մտել է թանգարան և եղանակ է որոշում” և կամ ներկա աշխատակիցների լեզվով ասած `“թանգարանը դարձել է Գեչըռլուի/Մրգաշատ/ ֆիլիալ”:
    7. էկոնոմիկայի նախարարի հրամանով չի կարող առաջնորդվել գիտամշակութային հաստատությունը, դա չի բխում թանգարանի կանոնադրությունից: Ինչ վերաբերում է գործունեությամբ չփայլող երկու մասնագետներին աշխատանքից ազատելուն, ապա նրանցից գոնե մեկի հեղինակած միակ Ուղեցույցն ու թանգարանի այցեքարտը մինչ օրս տնօրենի սեղանի զարդն են, պատվավոր հյուրերի ամենաթանկ նվերը, թանգարանի եկամտի աղբյուրներից մեկր և այսօրվա ‘’գիտական” մասի արդարացումը: Վերջինիս մասնավոր ջանքերի արդյունք է, նաև ֆոնդերի նորոգումը, վտանգված առանձին արժեքների նորոգումը և մի ամբողջ ցուցադրական սրահի ձևավորումը:
    Իսկ “սեփական դիմումով” ազատված մեկ տասնյակից ավելի աշխատակիցների մասին Կ. Արիստակեսյանը համեստորեն լռում է: Կարծում եմ, ամեն ինչ ասված է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031