ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունվարի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2013 թվականի մարտական և օպերատիվ պատրաստության արդյունքներն ու նախանշվել են 2014 թվականի խնդիրները:
Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով հանգամանալից ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները, մատնանշելով արձանագրված դրական ձեռքբերումներն ու որոշակի բացթողումները: Յուրի Խաչատուրովն իր ելույթում նշեց, որ անցած տարվա ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները:
Զեկույցներով ու ելույթներով հանդես եկան նաև կոլեգիայի անդամները, ովքեր անդրադարձան ՀՀ Զու 2013 թվականի ուսումնական տարվա պլանի համաձայն իրականացված միջոցառումներին, տարաբնույթ զորավարժություններին ու մեթոդական պարապմունքներին: Կոլեգիայի անդամները փաստեցին նաև, որ հավատարիմ մնալով իր կոչմանը, 2013-ին բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը` մեր պետության սահմանների անվտանգության ապահովումը:
Ամփոփելով կոլեգիայի նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ թե իր մարտունակությամբ, թե ինժեներական ապահովվածությամբ և թե անձնակազմի պատրաստության առումով 2013 թվականին արվել է ամենայն հնարավորը` առաջնային գծում առավել անվտանգ և արդյունավետ ծառայություն իրականացնելու համար: Որպես արդյունք` մեր զինծառայողների աչալրջության ու զգոնության շնորհիվ տարվա ընթացքում հակառակորդի բոլոր ոտնձգություններն արժանի պատասխան են ստացել: Դրանից զատ` 2013 թվականին շեշտակիորեն նվազել են զինծառայողների մահացության դեպքերը, ավելին` դրանք ամենից քիչն են եղել ազգային բանակի կազմավորումից ի վեր:
Կարդացեք նաև
Առաջընթաց է արձանագրվել նաև ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ապա հարկ է նշել, որ 2013 թվականին շահագործման են հանձնվել նոր զորանոցներ և բանակային այլ շինություններ, ծառայողական բնակարաններով ապահովվել են բազմաթիվ զինծառայողներ: Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2013թ.-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և ՆԱՏՕ-ի հետ իրականացվել են միջոցառումներ ու զորավարժություններ, որոնց ընթացքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ստորաբաժանումները դրսևորել են մարտավարամասնագիտական պատրաստության և փոխգործակցության բարձր մակարդակ: Ի թիվս այլ կարևորագույն խնդիրների` ընթացիկ տարվա գերակա խնդիրներից մեկն է հանդիսանալու պայքարը փողոցային բարքերի և երևույթների դեմ:
Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք զինծառայողների պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, արժեքավոր նվերներով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվո դրոշներ հանձնեց ՀՀ ԶՈւ 2013 թվականի ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչութուն