Այսօր անցկացվեց Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի բանակային ձեռնամարտի առաջնությունը:
Ռուս 96 բանակային մարզիկներ յոթ քաշային կարգերում պայքարեցին ոչ միայն հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու, այլեւ չորս լավագույնների ցուցակում ընդգրկվելու համար, որոնք կնախապատրաստվեն փետրվարի 25-28-ը Դոնի Ռոստովում կայանալիք Հարավային զինվորական օկրուգի առաջնությանը:
Ռուսական 102-րդ ռազմաբազայի ֆիզդաստիարակության պետ, կապիտան Ալեքսանդր Վոլնիխը Aravot.am-ին ասաց. «Պայմանավորվել ենք մեր հայ գործընկերների հետ, որպեսզի նրանք մարզումների ու այս առաջնությունն անցկացնելու համար տրամադրեն այս բազան, ինչին նրանք սիրով ընդառաջ գնացին: Շնորհակալություն աջակցության համար: Այսօր անհատական եւ թիմային պայքարի հաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթներով, մեդալներով ու դիպլոմներով, իսկ չորս լավագույնները կմեկնեն Դոնի Ռոստով ու կաշխատեն մեր զորամիավորման մարզական պատիվը բարձր պահել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ