Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզյան հանդիպման «զրո» արդյունքը, կամ որտեղ են մնացել բանակցությունները

Հունվար 25,2014 16:51

Հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպումը միայն մեկ հետևանք ունեցավ. համանախագահները փետրվարի առաջին կեսին կայցելեն տարածաշրջան:

Արտգործնախարարների մակարդակով հանդիպումը բացարձակապես արդյունավետ չէր: Եվ դրա համար պատճառները մի քանիսն են: Նախ, համանախագահները, ըստ փարիզյան հանդիպմանը հետևած ԵԱՀԿ մամուլի հաղորդագրության` տարածաշրջանում շարունակելու են քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ, մինչդեռ ավանդաբար համանախագահները գալիս էին տարածաշրջան`շարունակելու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Ասել է, թե այս պահի դրությամբ պայմանավորվածություն, որևէ տեսակի, չկա:

Կար մեկ այլ պայմանավորվածություն, որի մասին փարիզյան հանդիպմանը հետևած որևէ հաղորդագրությամբ, հայտարարությամբ չնշվեց: Խոսքը նախագահների մակարդակով փետրվարին նախատեսված հանդիպմանը նախապատրաստվելու մասին է, որ ակտիվորեն քննարկվում էր մինչև հունվարքսանչորսյան հանդիպումը: Նախագահների մակարդակով հանդիպմանը չանդրադառնալը նշանակում է, որ այդ հանդիպումն առնվազն հետաձգված կարգավիճակ ունի: Այսինքն` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրակարգը, որում պետք է քննարկվեր նախագահների պատրաստվող հանդիպումը, փոփոխության է ենթարկվել, այն էլ` ամբողջությամբ:

Անարդյունավետ հանդիպման ևս մեկ պատճառ էլ շփման գծում լարվածության պահպանվող վիճակն է, մինչդեռ բանակցություններ տարվում են նաև հարաբերական կայունության ապահովման նպատակով: Հայաստանի արտգործնախարարը փարիզյան հանդիպմանը համանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արդբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված հասցնում բանակցային գործընթացին:

Տեղի ունեցած միջադեպերի մասին համանախագահներին ներկայացրել է նաև այս ձևաչափով հանդիպումներին մշտապես մասնակցող, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Արդյունքում թեև համանախագահները «խորը մտահոգություն» են հայտնել սահմանին ու շփման գծում տեղի ունեցած խախտումների առնչությամբ, կրկին անհասցե ու ընդհանրական է մոտեցումը, ինչը սադրանքների դիմող Ադրբեջանին նույն գործիքը կրկին օգտագործելու հիմք է տալիս:

Հանդիպումն անարդյունավետ էր նաև Ադրբեջանի ԱԳՆ տարածած ապատեղեկատվության պատճառով, թե բանակցությունների հիմքը տարածքային ամբողջականության վերականգնումն է: Ադրբեջանում նախընտրում են բանակցությունները ներկայացնել ըստ նպատակահարմարության, այսինքն`Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը ծառայում է որպես լրացուցիչ առիթ` հանրությանը մատուցելու սեփական շահերից բխող «նորություններ»:

ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին թվիթերյան իր էջում հերթական գրառմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը փետրվարին նախագահների մակարդակով հանդիպմանն ընդառաջ քայլի հույս էր հայտնել: Իրողությունն այն է, որ որևէ քայլ չկատարվեց, ավելին, «հետընթաց» ասվածն ավելի ճշգրիտ կարևող է բնութագրել տեղի ունեցածը:

Համանախագահն առաջ քայլ է ակնկալում, միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարությունում անտեղյակ են սադրանքներին, շփման գծի տարբեր կողմերում մարդկային կորուստներին ու շփման գծում աննախադեպ լարվածությանը, եզակի արձագանքն էլ նույն Ուորլիքի թվիթերյան մեկ այլ գրառումն է, թե շփման գծում բռնություններն ու լարվածությունը վնասում են բանակցային ջանքերը: Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրից`Ռուսաստանից էլ հունվարի 19-ից հետո ստեղծված իրավիճակին գնահատական չի տրվում: Համանախագահող Ֆրանսիայում էլ երկրի նախագահի ու իր քաղաքացիական կնոջ գժտությունն ընդհանուր հետաքրքրության գրեթե միակ թեման են, իսկ ղարաբաղյան խնդիրը պարզապես հեռու է…

Հասկանալի է, որ բոլոր պարագաներում բոլորն ունեն իրենց շահերը: Ադրբեջանը, լարելով իրավիճակն ու գնալով սադրանքների, ամենից առաջ, ցանկանում է ցույց տալ, թե հակամարտությունն ամեն րոպե կարող է վերածվել պատերազմի: Բոլոր նրանք, ովքեր լռում են այս առնչությամբ, փաստացի եթե չեն համաձայնվում, ապա լռությամբ խրախուսում են ադրբեջանական կողմի այս մոտեցումը: Ուրեմն սադրանքները դեռ կշարունակվեն:

Աղավնի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վահան says:

    Ինչ էլ մռութներ են հավաքվել….ավելի տգեղ չասելու համար….

  2. Արթուր says:

    Ադրբեջան-Հայաստան պատերազմի վերսկսումը ձեռնտու է Ռուսաստանին, ինչը ՌԴ-ը չի թաքցնում:
    Հարկավոր էր ժամանակին հարց առաջադրել Ռուսաստանին Հայաստանի ռազմավարական գործենկեր համարելու նպատակահարմարության մասին:

  3. կայծակ փալանճեան says:

    Կրկնւող Հանդիպումներ-առանց արդիւնքի-հոգ չէ, այդպէս շարունակւի:հարկ է մենք կացմակեր պենք,աւելի եւ աւելի զօրանանք: Ներքին հարցեր կարկաւորենք հնարաւորին չափ շուտ:

  4. David says:

    Ինչու այդպես…Դուք հանճար, նրանք` անճար, դուք խելոք, նրանք հիմար, դուք քաջ, նրանք` վախկոտ, դու ազգասեր, նրանք` ազգափախ, ու հանկարծ…Նոր հեքիաթներ են պետք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031