Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարելու համար ամուսնուն ներեց, իսկ նա տունը այրեց

Հունվար 25,2014 14:50

Ամանորի գիշերը Լեւոն Աղաբեկյանն իր սեփական երեխաների բնակարանը դիտավորյալ
հրկիզել է, բարեբախտաբար՝ այս անգամ ընտանիքի անդամները ֆիզիկապես չեն տուժել,
սակայն տան մեծ մասը մոխիր է դարձել:

Siranush

Լեւոն Աղաբեկյանն ընդամենը 20 օր առաջ էր հենց դատարանի դահլիճից ազատ արձակվել: Չնայած վերջինս պարբերաբար ծեծի էր ենթարկում կնոջն ու դատարանի դահլիճում էր հայտնվել կնոջը՝ Սիրանուշ Աղաբեկյանին, դանակահարելու համար, կինը որդու խնդրանքով դատարանում ներել է ամուսնուն, ինչն էլ հիմք է եղել քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Լեւոն Աղաբեկյանը, մեղմ ասած՝ խմիչքի հետ սեր ունի ու մշտապես կնոջը բռնության էր ենթարկում: Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին էլ ոգելից խմիչքի ազդեցության տակ կնոջը դանակով մի քանի անգամ հարվածել էր. այդ հարվածներից կինը հաշմանդամ կդառնար, եթե բժիշկները ժամանակին բուժօգնություն չցուցաբերեին:

Նոյեմբերի 6-ին «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության արագ արձագանքման խումբը անդրադարձել էր այս դեպքին, որը լուսաբանել է նաեւ «Առավոտ» օրաթերթը: Այն ժամանակ Լեւոն Աղաբեկյանը ձերբակալված էր, իսկ կինը հույս ուներ, թե այդ ընթացքում ամուսինը խելքի կգա: Սիրանուշը մեզ պատմել էր, որ ամուսինը մշտապես հարբում էր ու իրեն ծեծի ենթարկում, ընդ որում, հարբած հոր ձեռքից չէին պրծնում նաեւ որդին ու աղջիկը. ամուսինը բավական չէր՝ ծեծում էր կնոջը, ընտանիքին էլ տանից դուրս էր հանում: Կնոջ դանակահարության օրն էլ Լեւոն Աղաբեկյանը սպառնացել էր՝ «Կոկորդդ փրթելու եմ, արյունդ խմեմ»: Ու չնայած այս սպառնալիքներին, մշտական հետապնդումներին՝ տիկին Սիրանուշը դեկտեմբերի 10-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ ներում է ամուսնուն, սակայն նաեւ չի ցանկանում նրա հետ ապրել մի հարկի տակ, ուզում է ամուսնալուծվել. Լեւոն Աղաբեկյանն էլ խոստացել էր, որ այլեւս չի անհանգստացնի կնոջը: Հիմա տիկին Սիրանուշը զղջում է, որ ներել է ամուսնուն. հունվարի 1-ին ամուսինը կոտրելով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող իրենց բնակարանի կողպեքը՝ ներս է մտել, տան եղած-չեղածը հավաքել հյուրասենյակում ու այրել: «Վերմակները, բարձերն ու ներքնակները հավաքել բերել էր հյուրասենյակ, անգամ էն տոնական սեղանի ուտելիքներն էր լցրել կրակի մեջ, սառնարանից տոլման էր տարել լցրել կրակը: Հլը մի բան էլ կանգնել ոստիկանների մոտ ասել է՝ լավ եմ արել, իմ տունն է, կայֆավատ եմ եղել»,- մեզ հետ զրույցում պատմեց Սիրանուշ Աղաբեկյանը:

Ayr_2

Սիրանուշի պատմելով՝ լավ է, որ դիմացի շենքից հրդեհը շուտ են նկատել ու ահազանգել, հակառակ դեպքում հնարավոր է կրակը տարածվեր, ու ոչ միայն ամբողջ բնակարանը մոխրի կվերածվեր, նաեւ՝ հարեւանների: Սիրանուշի ներկայացմամբ` կրակից առաջացած ծուխը հասել էր հարեւանի` մի քանի ամսական երեխայի սենյակ. «Երեխան ծխից սկսել է հազալ, եթե ծնողները շուտ չհասնեին, հնարավոր է՝ երեխան «ուգարից» մահանար»:
Սեփական բնակարանը հրկիզելու համար ՀՀ օրենսդրությամբ Լեւոն Աղաբեկյանին հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել:

Մեզ հետ զրույցում Լոռու մարզի քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանն ասաց, որ Լեւոն Աղաբեկյանին հրկիզման համար չեն ձերբակալել, նյութեր է նախապատրաստվել, բայց հաշվի առնելով, որ համատեղ սեփականություն է, վարույթի նյութերը մերժվել են. «Քրեական օրենսգրքի 185 հոդվածով ձերբակալում են, եթե ուրիշի գույքն է վնասում կամ ոչնչացնում, սեփական գույքի դեպքում պատասխանատվություն չի հասնում: Լեւոն Աղաբեկյանը գույքը ոչնչացնելուց տանն է գտնվել, եթե ինքը հրկիզեր ու թողներ գնար, այլ բան, բազմաբնակարան շենք է, թողներ գնար, մենք կդնեինք 185 հոդվածի 2-րդ մաս` ուրիշի գույքը վնասելու փորձ. ամբողջ շենքի արժեքը կդնեինք: Քանի որ տանն է գտնվել, ասում է՝ իմ տունն է, ու եթե հանկարծ ուրիշ տեղ կպներ, ես կհանգցնեի: Համատեղ սեփականության դեպքում կողմերից որեւէ մեկի գույքը փչացնելու դեպքում մենք մտածել ենք` գույքը բաժանենք երեխաների ու կնոջ միջեւ, մեկ քառորդով հանենք գույքի արժեքը: Դատախազության հետ քննարկել ենք եւ գտել, որ համատեղ սեփականություն է, ու հրկիզողը կասի` հո ամբողջ տունը չեմ այրել, տանս այդքան հատվածն այրել եմ, մնացածը` իրենց փեշքեշ: Սա քաղաքացիաիրավական խնդիր է: Եթե կնոջը սպառնում է, ապա կինը կարող է այդ մասով դիմել ոստիկանություն»:

Հիմա բնակարանում ապրել հնարավոր չէ, հրկիզման արդյունքում պատուհանների ապակիները պայթել են, տան պատերը ծխահարված են, սեղան-աթոռներն ու պահարանն այրված են, անգամ ափսեներն է ամուսինը կոտրել: Տիկին Սիրանուշը դստեր ու որդու հետ բնակվում է քրոջ վարձով բնակարանում. «Իրա «խազեյկան էլ» չի թողնում մենք էնտեղ ապրենք: Չգիտեմ, թե ինչ անեմ, մոտ 45 հազար դրամ եմ ստանում, ես տո՞ւն վարձեմ, թե՞ հաց առնեմ»:

Տիկին Սիրանուշը հիմա զղջում է, որ ներել է ամուսնուն. բնակարանը հրկիզելու դեպքը առիթ եղավ, որպեսզի նա դիմի Վերաքննիչ դատարան` առաջին ատյանի որոշումը վերանայելու համար: Տիկնոջ փաստաբան Կարինե Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց՝ եթե մեղադրող դատախազի խոսքը դատարանը լսեր, եւ այդ անձին համապատասխան պատժի ենթարկեին, այսօր այս չարիքը չէր լինի: Ըստ էության, դատարանն ապօրինի որոշում չի կայացրել, սակայն ինչպես փաստաբանն ասաց՝ բուժման կուրս չանցած մի անձնավորությանը ազատ է արձակել, հատկապես, որ մեղադրող դատախազը առարկել է. «Կարելի էր հետեւություն անել եւ խորացված նայել գործը: Եթե նախկինում` 5 տարի պարբերաբար ծեծել է կնոջը, դանակահարել է ու հիմա էլ հրկիզել տունը, որքանո՞վ է ճիշտ այդ անձին պատժի չենթարկելը: Մեղադրողը շատ հստակ վկայակոչել է միջազգային իրավունքի նորմերը, ուստի կարելի էր անհրաժեշտ հետեւություն անել կամ հոգեբան հրավիրել, հարկադիր բուժման ուղարկել ալկոհոլիզմի դեմ: Առանց բուժման մարդուն ազատություն տալ, նրա նախկին գործողությունները հիմք ընդունելով, կարծում եմ՝ դատարանը շատ մարդասիրական մոտեցում է ցուցաբերել»:
Իսկ մեղադրող կողմը դատարանում նշել է միջազգային այն կոնվենցիաները, որոնք կիրառելու դեպքում դատարանը չպիտի Լեւոն Աղաբեկյանին ազատ արձակեր: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադառնալով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (ՀՀ-ն վավերացրել է 2001թ.) 2-րդ, 3-րդ եւ 8-րդ հոդվածներին՝ իր մի շարք որոշումներում ձեւավորել է այն իրավական դիրքորոշումը, որ առանձին դեպքերում, մասնավորապես՝ ընտանեկան բռնության գործերով պետություններն ունեն պոզիտիվ պարտականություն՝ պատշաճ քննություն իրականացնելու, ընդհուպ մասնավոր հետապնդման գործերը հանրային մեղադրանքի կարգով քննելու համար: Դատարանը առաջնորդվելով Հայաստանի կողմից վավերացված միջազգային նորմերով՝ քրեական հետապնդումը շարունակելու մասին հարցը լուծելիս պիտք է որ հաշվի առներ ասենք՝ հանցանքի ծանրությունը՝ արդյոք տուժողին պատճառվել է ֆիզիկակա՞ն, թե՞ հոգեբանական վնաս, արդյոք հարձակումից հետո որեւէ սպառնալիքներ արվե՞լ են մեղադրյալի կողմից, մեղադրյալը պլանավորե՞լ է հարձակումը, թե՞ ոչ, տանը ապրող երեխաների վրա ունեցած ազդեցությունը (այդ թվում՝ հոգեբանական), մեղադրյալի կողմից կրկին հանցագործություն կատարելու հավանականությունը, մեղադրյալի հետ տուժողի փոխհարաբերությունների ներկայիս վիճակը, փոխհարաբերությունների վիճակը նախկինում, մասնավորապես՝ արդյոք նախկինում գործադրվե՞լ է բռնություն, թե՞ ոչ եւ այլն: Մեղադրող կողմը այս դրույթները դատարանի ուշադրությանը ներկայացնելով՝ հորդորել էր եզրակացություն անել, որ որքան մեծ է կրկին անգամ հանցագործություն կատարելու վտանգը, այնքան ավելի հավանական է, որ քրեական հետապնդումը պետք է շարունակվի հանուն հանրային շահի՝ անգամ տուժողի կողմից իր բողոքը հետ վերցնելու դեպքում. «Եվրոպական դատարանը սույն գործով հիմք ընդունելով ընտանեկան բռնության նմանատիպ գործով իր կայացրած վճիռը, ելնելով պետության պոզիտիվ պարտավորություններից՝ նշում է, որ պետք է ստեղծվի եւ արդյունավետորեն կիրառվի մի այնպիսի համակարգ, որով կպատժվեն ընտանեկան բռնության բոլոր դրսեւորումները, եւ բավարար երաշխիքներ կտրամադրվեն դրանցից տուժող անձանց»:

Լեւոն Աղաբեկյանը հիմա ազատության մեջ է, տիկին Սիրանուշը մտավախություն ունի, որ ամուսինը կշարունակի նրան հետապնդել ու կարող է մինչեւ անգամ կնոջ կյանքին վերջ տալ. «Նա ինձ ասել է՝ մինչեւ չսպանեմ` չեմ հանգստանա»: Տիկնոջ փաստաբանի խոսքերով` Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքում հիմք է ընդունվել, որ եթե մեր օրենսդրությամբ մարդասիրական որոշում է եղել կալանավորի նկատմամբ, մյուս կողմից՝ կա տուժող, որը մինչեւ վերջին պահը չի ներել ամուսնուն. «Ներել է պայմանով, որ դատարանը լուծի նրա բուժման հարցը, ներել է, բայց ասել է, որ չի հաշտվում նրա հետ: Դատարանը գոնե պիտի դիտարկեր` մեղադրյալը բուժման կարիք ունե՞ր, նոր ազատ արձակեր»: Վերաքննիչ դատարանում, ըստ փաստաբանի, կներկայացվեն փաստեր, որից եւ դատարանը հետեւություն կանի. «Մարդը ներվեց կնոջ կողմից, որպեսզի ուղղվի, նա դա չհասկացավ ու կրկին հանցագործություն արեց: Պետք է միջազգային նորմերի շրջանակում վերլուծեն ու բեկանեն: Միջազգային նորմերը պետք է հիմք ընդունվեն, այսօր մենք մի այնպիսի պետություն ենք, որ բռնությունը կնոջ շահերի դեմ հասկացություն է, կինը պաշտպանված է, ու այսօր հանկարծ կնոջն օրենքի ուժով դատարանն ասել է` գնա՝ ամուսինդ, քո ճակատագիրը, ոնց ուզի լուծի՞»:

«Տղայիս ասացի՝ դու լավություն արեցիր, խնդրեցիր ինձ ներեմ, ու ազատություն տվեցիր հորդ, իսկ ինքը քեզ դռները գցեց, անտուն թողեց: Էսօր տունն ա վառել, վաղը մեզ կվառի»:
Երեկ մենք տեղեկացանք, որ Վերաքննիչ դատարանը հայցն ընդունել է եւ դատական նիստի օրը նշանակել փետրվարի 11-ին:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ արձագանքման խմբին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031