Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաներման մեջ քաղհայցերին վերաբերող դրույթներն արդարացի կերպով չեն սահմանվում»

Հունվար 25,2014 14:40

Դիմում-հայտարարություն ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Հարություն Նենեջյանից

Ի սկզբանե ցանկանում եմ իրազեկել, որ իմ կողմից ներկայացվող այս նամակի պահանջը բոլորովին ինքնանպատակ չէ: Ես ինձ վերագրվող հանցագործությունում ինձ մեղավոր չեմ ճանաչում, բայց դատապարտվել եմ 6 տարի ազատազրկման եւ արդեն 4 տարի 2 ամիս կրում եմ պատիժս: Այս հանգամանքը դնենք մի կողմ եւ անդրադառնանք ինձ եւ մեր բոլոր դատապարտյալներին վերաբերող մի հարցի՝ վաղաժամկետ պայմանական ազատման խնդրին: Ըստ ՀՀ քրօրի 76, 77 եւ Քրեակատարողական օր-ի 114, 1158 հոդվածի պահանջի, դատապարտյալին կարող են վաղաժամկետ պայմանական ազատել սահմանված նվազագույն ժամկետի լրանալուց հետո՝ մի շարք պայմանների առկայության դեպքում՝ եթե տվյալ դատապարտյալը չունի տույժ, կարգապահական խախտում, հակում- հաշվառում, նախկին դատվածություն, քաղհայց ունենալու դեպքում՝ սնանկ է ճանաչվել, մասնակցում է ՔԿՀ-ում տարվող հանրօգուտ սպորտային եւ այլ միջոցառումներին, արժանացել է խրախուսանքի, աշխատում է վճարովի կամ անվճար հիմունքով: Ես տեսնում եմ մի շարք դատապարտյալների, որոնք բոլոր ցուցանիշներով համապատասխանում են վաղաժամկետ պայմանական ազատմանը, նրանք իրենց վարքով, կարգապահությամբ եւ աշխատանքով բազմիցս ապացուցել են, որ ենթակա են վաղաժամկետ պայմանական ազատման, սակայն նրանց պատժի նվազագույն ժամկետը վաղուց է լրացել, նրանք բազմիցս ներկայացվել են վաղաժամկետ պայմանական ազատման եւ մերժվել: Ի՞նչն է պատճառը:

namak-1

Իմ այս նամակում նշված փաստերը հաստատելու եւ իմ կարծիքի հետ համամիտ լինելն ապացուցելու համար ինձ հետ կստորագրեն մի քանի տասնյակ ուղղված, դրական, աշխատասեր, կարգապահ դատապարտյալներ: Ընդհանուր առմամբ, իմ վաղաժամկետ պայմանական ժամկետն էլ է լրացել եւ 5 անգամ մերժել են ինձ վաղաժամկետ պայմանական ազատել: Գրելով իմ մասին՝ «բնավորությամբ ծածկամիտ է, խորամանկ, անհետեւողական, նրա հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքները ուղղման եւ քաղհայցի մարման հետ կապված դեռեւս դրական արդյունքներ չեն տալիս» եւ կազմում են եզրակացություն իմ մասին, որ «դատապարտյալի ուղղման աստիճանը բացասական է, բնութագրվում է բացասական, ուստի գտնում եմ, որ նշանակված պատժի չկրած մասը կրելու կարիք ունի»: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ նույնիսկ եթե ճանաչեի, ապա չէի կարող մարել քաղհայցը, քանի որ չունեմ հնարավորություն եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ եմ ճանաչվել:

Ինձ հետ սոցիալ-հոգեբանական որեւէ աշխատանքներ չեն տարվել: Ես մասնակցում եմ կրթական եւ սպորտային միջոցառումներին, կրթական ինքնագործ միավորման անդամ եմ, խնամքիս են գտնվում կինս եւ 4 երեխաներս, չունեմ տույժ, կարգապահական խախտում, նախկին դատվածություն, վատ վարքագիծ: Եվ այս ամենը հանգեցնում է նրան, որ դատապարտյալների մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ, եւ մենք հոգեպես տանջանքների եւ տառապանքների ենք ենթարկվում, քանի որ մենք իրավացի լինելով հանդերձ, չենք կարողանում օգտվել մեզ հասանելիք վաղաժամկետ ազատումից: Անձամբ ես մերժումների հետեւանքով դարձել եմ հոգեկան հիվանդին համարժեք անձ: Նշում եմ նաեւ, որ 2011 եւ 2013թթ. հայտարարված համաներումները իմ նկատմամբ չեն կիրառվել, քանի որ ունեմ քաղհայց: Բայց չէ՞ որ ես վաղուց սնանկ եմ ճանաչվել եւ ի վիճակի չեմ կալանքս կրելու ընթացքում վճարել քաղհայցը: Համաներման մեջ քաղհայեցերին վերաբերող դրույթները արդարացի կերպով չեն սահմանվում:

Եթե ես հնարավորություն չունեմ մարելու քաղհայցս եւ վաղուց սնանկ եմ ճանաչված դատարանի որոշմամբ, ապա ինչու իմ նկատմամբ չպետք է կիրառվի համաներումը: Եթե դատապարտյալը չի կարողանում օգտվել իրեն օրենքով հասանելիք վաղաժամկետ պայմանական ազատումից, ապա մեխանիկորեն հայտնվում է գերու կարգավիճակում: Իմ հայտարարության ընդհանուր նպատակն է իրազեկել դատապարտյալներիս վերաբերող օրինագծերի մշակողներին եւ կազմողներին այն պրոբլեմների մասին, որոնք դուրս են մնացել նրանց տեսադաշտից: Խոսքս մասնավորապես վերաբերում է ՀՀ արդարադատության նախարարին, Ազգային ժողովին եւ գլխավոր դատախազին: Մենք, ներկայացնելով այս փաստերը, խնդրում ենք դրական ընթացք տալ մեր խնդրանքին՝ լուծելով խնդրահարույց վաղաժամկետ պայմանական ազատման հարցը:

Խնդրում եմ լուսաբանել այս ամենը հանրությանը:

Հ. Գ. Դատապարտյալի նամակը ստորագրել են 30 դատապարտյալներ, որոնցից յուրաքանչյուրը պնդում է, որ չունեն տույժեր, իրենց նկատմամբ քաղհայց գոյություն չունի, սակայն իրենք նույնպես անհիմն մերժվածների ցուցակում են:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031