Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մենապարողը խմբագրեց աշխարհահռչակ ֆրանսիացուն

Հունվար 25,2014 14:17

Աշխարհում ընդունված է, երբ որեւէ թատրոն որոշ խմբագրումներով «տեղայնացնում» է բալետային արվեստի մեծանուն խորեոգրաֆի բեմադրություն: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս «օրենքը» գործողության մեջ է դեռեւս խորհրդային տարիներից: Վերջին շրջանում թատրոնի խաղացանկում է միայն ֆրանսիացի խորեոգրաֆ Մարիուս Պետիպայի (19-րդ դ.) խորեոգրաֆիայով Վիլեն Գալստյանի խմբագրմամբ Մինկուսի «Դոն Կիխոտ» ներկայացումը: Փետրվարի 1-ին օպերային թատրոնում «Անդրադարձ մեծանուն խորեոգրաֆներին» խորագրով բալետային երեկոյի ընթացքում առաջին անգամ կցուցադրվի դարձյալ Պետիպայի խորեոգրաֆիայով Մինկուսի «Պախիտա» բալետից «Պա դե թրուա» հատվածը՝ Վիգեն Հակոբյանի խմբագրմամբ:

Վիգեն Հակոբյանը շուրջ 20 տարի հանդիսացել է Խարկովի Լիսենկոյի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարող եւ շուրջ 3 տարի առաջ տեղափոխվել հայրենիք:

«Առավոտի» հետ զրույցում արվեստագետն ասաց, որ ժամանակին Պետիպայի իրականացրած իսկապես բարձրարվեստ բեմադրությանն անդրադառնալու առաջարկը ստացել է թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանից: Վիգեն Հակոբյանը կարեւորեց «տեղայնացման» աշխատաոճը, նշելով, որ համաշխարհային բալետային գրականության դասական բեմադրությունները, որոնք ժամանակին իրականացրել են աշխարհահռչակ խորեոգրաֆները (Պետիպա, Բալանչին եւ այլն), պարզապես պարտադիր են բալետային խմբի առաջընթացի համար: Հաստատելով այն միտքը, թե Պետիպայի խորեոգրաֆիայով Մինկուսի «Պախիտան» հայ հանդիսատեսին ներկայացնելու խոսակցությունը շարունակվում է շուրջ մեկ տարի, արտիստը նշեց, որ պետիպայական հիշյալ ներկայացումը ամբողջությամբ այսօր ընդգրկված է միայն Փարիզի Գրանդ օպերայում, իսկ մեր թատրոնում առկա է ներկայացման 90 տոկոսը: «Ինքս պայմանավորվածություն էի ձեռք բերել ուկրաինական կողմի հետ բեմական զգեստների պատրաստման հարցում: Եթե մեկ զգեստը արժե 4-5 հարյուր դոլար, իրենք խոստացել էին դրանք պատրաստել ուղիղ կես գնով: Ավելին, այս ներկայացման դեկորների համար առանձնապես մեծ ծախսեր չեն պահանջվում, սակայն ինչ-ինչ պատճառներով ոչինչ չարվեց: Հիմա, ինչպես ասում են՝ առաջ Աստված»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրությանը, թե երկու տասնամյակ Ուկրաինայում բեմ բարձրացած մենապարողի վաստակը հավուր պատշաճի չի գնահատվել այդ երկրում, բալետի արտիստը պատասխանեց. «Մինչ հայրենիք վերադառնալս արդեն գնում էր նման խոսակցություն…»:

Անդրադարձ կատարվեց Ուկրաինայի ներկայիս դեպքերին: Այս առիթով Վիգեն Հակոբյանը հայտնեց. «Ուկրաինան մեր երկրորդ հայրենիքն է, քանի որ գիտակցական կյանքիս շուրջ 20 տարին՝ սկսած 18 տարեկանից, ապրել ու ստեղծագործել եմ այնտեղ: Ինչ խոսք, ինձ համար ցավալի է, մյուս կողմից՝ ուկրաինացիները համախմբված են, ինչը ողջունելի է… Իսկ ինչ են ցանկանում նրանք, ընդամենը մեկ բան՝ ապրել բարեկեցիկ կյանքով: Եվ քանի որ բնակարանս գտնվում է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան հարեւանությամբ, մեծ ոգեւորությամբ արձանագրեցի այն փաստը, որ օրերս հայերը հավաքված դեսպանատան առջեւ՝ իրենց աջակցությունն էին հայտնում Ուկրաինայի ժողովրդին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարիուս Պետիպա says:

    Պետիպան 18-րդ դար չի, 19-րդ է, էսքան գրում եք բալետի մասին, բայց տարրական բաներ չգիտեք

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031