Ինչ էր մտածում Ջոն Լոքը 1688 թվականի բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մասին
1992 թվականի գարնանը՝ Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ, որը կազմակերպել էր Ազգային ինքնորոշում միավորումը, ես առաջին անգամ լսեցի, որ ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն՝ ժողովուրդները՝ որպես ծայրահեղ միջոց, իրավունք ունեն ապստամբելու բռնապետության դեմ: Պարույր Հայրիկյանի կողմնակիցները, բնականաբար, վստահ էին, որ այդ պահին Հայաստանում հաստատված ռեժիմը բռնապետական էր: Դրանից հետո ես այդ հղումը լսել եւ կարդացել եմ բազմաթիվ այլ ընդդիմադիր ելույթներում: Թարմ օրինակների համար պետք չէ հեռու գնալ: Մի քանի օր առաջ Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Սերգեյ Հոլովատին, նկատի ունենալով իր երկրում ստեղծված իրավիճակը, նշել է, որ ըստ Սահմանադրության՝ պետության գլխավոր պարտականությունն է ապահովել մարդու իրավունքներն ու ազատությունները: Երբ պետությունն իր պարտքը չի կատարում, ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու:
Այն ժամանակ՝ 1992 թվականին, ես, ճիշտն ասած, զլացել էի պարզել՝ կա՞ արդյոք ՄԱԿ-ի վերոհիշյալ փաստաթղթում ապստամբելու մասին կետը, որը, բնականաբար, չափազանց ձեռնտու է բոլոր երկրների արմատական, հեղափոխական ընդդիմությունների համար: Հետո պարզեցի՝ Հռչակագրի կետերում նման դրույթ գոյություն չունի: Փոխարենը նմանատիպ միտք կա Հռչակագրի ներածականում. «Քանզի անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ» (մեջբերում եմ ըստ un.am-ի): Հաշվի առնելով, որ երանգներն այստեղ կարեւոր են, մեջբերեմ նաեւ ռուսերեն եւ անգլերեն տարբերակները: «Принимая во внимание, что необходимо, чтобы права человека охранялись властью закона в целях обеспечения того, чтобы человек не был вынужден прибегать, в качестве последнего средства, к восстанию против тирании и угнетения»: «Whereas it is essential, if man is not to be compelled to have recourse, as a last resort, to rebellion against tyranny and oppression, that human rights should be protected by the rule of law»: Ռուսերեն եւ անգլերեն «восстание» եւ «rebellion» բառերը կասկած չեն թողնում, որ խոսքը հենց ապստամբության մասին է, որովհետեւ «ընդվզել» տեսականորեն կարելի է տանը, ասենք, համակարգչի մոտ նստած:
«Տիրանիա» բառը, որը հիշատակվում է ռուսերեն եւ անգլերեն տեքստերում, ամբողջապես չի համապատասխանում «բռնակալությանը», որովհետեւ այդ բառի հունական արմատը պարունաում է նաեւ «կամայականություն» իմաստը: «Տիրանիան» պետական իշխանության այնպիսի մի ձեւ է, որը հաստատվել է բռնի ուժով եւ հիմնված է միահեծան իշխանության վրա: Պատմականորեն խոսքը կառավարման միապետական կարգերի մասին է: Չնայած 18-րդ դարից սկսած այդ հասկացությունը ձեռք է բերել չափից դուրս լայն իմաստ, եւ այսօր «տիրան» կարելի անվանել նաեւ այն ամուսնուն, որը թույլ չի տալիս կնոջը կինո գնալ ընկերուհիների հետ: Հասարակական բառապաշարում այսօր տարածված է առավել չեզոք՝ «դիկտատուրա» (դարձյա՞լ՝ «բռնապետություն») բառը:
Որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբել բռնապետության դեմ (կիրառենք, այնուամենայնիվ, թեեւ անկատար, բայց հայերեն եզրը), հիմնավորել էր թերեւս 17-րդ դարի բրիտանացի մտածող Ջոն Լոքը: Այդ հիմնավորումներն այնուհետեւ սահուն կերպով տեղափոխվեցին 1776 թվականի ԱՄՆ անկախության, ինչպես նաեւ Ֆրանսիայի 1789 թվականի Մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների հռչակագրեր: Իսկ 1948 թվականին նույն գաղափարը հայտնվեց ՄԱԿ-ի մեջբերված փաստաթղթում:
Ինչպես Լոքի, այնպես էլ մարդու իրավունքների եւ ազատությունների մասին հետագա պատկերացումների հիմքը, այսպես կոչված, «բնական իրավունքն» է, այնպիսի մի իրավունք, որը գոյություն ուներ պետությունների ձեւավորումից առաջ: Ըստ այդմ, դա, բրիտանացի փիլիսոփայի կարծիքով, «սեփական գործողությունները, գույքը եւ անձը տնօրինելու կատարյալ ազատությունն է»: Բայց քանի որ պատմական որոշակի փուլում մարդիկ չեն կարողանում ինքնուրույն պաշտպանել սեփական իրավունքներն ու ազատությունները, նրանք համապատասխան պայմանագիր են կնքում պետության հետ, իսկ երբ վերջինս չի կատարում իր պարտականությունները, նրանք իրավունք ունեն վերանայել այդ պայմանագիրը: Ահա այստեղից է գալիս ապստամբելու իրավունքը:
Ամենաշատը այդ իրավունքի մասին Ջոն Լոքը գրում էր մի աշխատության մեջ, որը կոչվում էր «Մտորումներ 1688 թվականի պանծալի հեղափոխության մասին»: Իրականում «պանծալի հեղափոխություն» (Glorious revolution) պատմության մեջ անվանում են այն հեղաշրջումը, որն իրականացրել է Վիլհելմ Երրորդ Օրանացին՝ գահից գցելով սեփական աներոջը՝ Հակոբ Երկրորդ Սթյուարթին: Դառնալով Անգլիայի թագավոր՝ Վիլհելմը հիմք դրեց սահմանադրական միապետութանը, որի գաղափարախոսներից մեկը Ջոն Լոքն էր: Ձեւով դա մի «թայֆայի» փոխարինումն էր մեկ այլ «թայֆայով», բովանդակությամբ՝ ուժ հավաքած բուրժուազիայի ապստամբությունը բացարձակ միապետության դեմ, որն էլ ավարտվեց սահմանադրական փոխզիջմամբ:
Կարդացեք նաև
Եվ այսպես, ըստ որոշ տեսությունների՝ ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու բռնապետության դեմ: Բայց այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում. իսկապե՞ս ժողովուրդը, թե՞ որոշակի «թայֆաները»: Եվ ամենակարեւորը՝ որտե՞ղ է իրականում հաստատվել բռնապետական ռեժիմ, իսկ որտեղ՝ դրա մասին միայն հայտարարվում է: Հայաստանում, օրինակ, 22 տարվա ընթացքում բոլոր ընդդիմությունները վստահ էին եւ՝ են, որ մեր երկրում բռնապետություն է: Բոլոր իշխանությունները, բնականաբար, այլ կարծիքի են: Ընդհանրապես, աշխարհում, հավանաբար, չկան ղեկավարներ, որոնք ասում են՝ ես բռնապետ եմ, եկեք ապստամբեք իմ դեմ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բայց քանի որ պատմական որոշակի փուլում մարդիկ չեն կարողանում ինքնուրույն պաշտպանել սեփական իրավունքներն ու ազատությունները, նրանք համապատասխան պայմանագիր են կնքում պետության հետ:
Իսկ ես համոզված եմ, որ ոչ թե մարդիկ պետք է պայմանագիր կնքեն պետության հետ, այլ ՍՏԵՂԾԵՆ պետություն, որը պաշտպանի իրենց սեփական իրավունքներն ու պարտականությունները, ճիշտ այնպես, ինչպես, որ գոյություն ունի ասենք նախագահի թիկնազորը, որը վարձված է պաշտպանելու նախագահի իրավունքներն ու ազատությունները: Ա՛յ եթե պետության իմաստը մենք ազգովի` այսինք թե՛ ընտրողներս, եւ թե՛ ընտրվողներս, ընկալենք որպես վարձված աշխատողների մի միասնություն, որը կոչված է ծառայելու այն ստեղծողին, ապա մեր կյանքը լրիվ այլ կլինի, համոզված եմ` շատ լավը: Իսկ հիմա ո՞նց է. կա պետություն, որը մատերիալիստական փիլիսոփայության ընկալման ձեւով կա մեզնից անկախ, ու մենք էլ պիտի ծառայենք իրեն: Ինչո՞ւ: Մենք սա՛ ենք սխալ ընկալում: Պետությունը պիտի լինի մարդու համար, ոչ թե մարդը` պետության:
Մենք՝ հայերս, օրենք հարգող ազգ ենք: Մենք ոչ թե վախենում ենք ապստամբել, այլ, ի տարբերություն վայրի ցեղերի, չենք ուզում գնալ մեր խղճի դեմ, ուզում ենք, որ ամեն ինչ օրենքով լինի: Դրա համար կառաջարկեի ստեղծել հիմնադրամ բարձր կարգի փաստաբաններ պատրաստելու ու նրանց նյութական կարիքները հոգալու համար: Նրանք, բժիշկների նման, պետք է հայտնաբերեն հիվանդներին, որոնց իրավունքը ոտնահարված է, ստիպել տանել դատարան հիվանդանոց, պաշտպանել բուժել ու դուրս գրել որպես առողջացած քաղաքացու: Միայն մեր մտավորական բժիշկները, փաստաբանները, օրինապահները, ուսուցիչները, զինվորականները կարող են մեր ազգը փրկել: Իսկ մենք մնացածներս պետք է նրանց հավելյալ վճարենք:
Հայի տեսակի վերաբերմունքը իշխանության նկատմամբ այլ է, նա երբևէ հույսն իշխանության վրա չի դրել, նրանից սպասելիքներ չի ունեցել ու բնականաբար չի հավատում՝ լրիվ կամ մասնակի, իսկ իշխանություններն էլ իրենց վարքագծով նպաստել են այս մտածելակերպի արմատավորմանը: Բոլորին է հայտնի, որ այս իրավիճակը ծնող պատճառները դարերի խորքից են գալիս և հայը, եղածը չկորցնելու միտքն ուղղեցույց սարքած, ապրում է այստեղ, հարմարվելով իշխանության կողմից թելադրված խաղի կանոններին, կամ հեռանում է, որպեսզի ականատեսը չլինի երկրի…/մարտական գործողությունների վերսկսում, պետականության կորստի վտանգ և այլն/: Բնականաբար այս իրավիճակում որևէ պայմանագիր կնքելու մասին խոսք լինել չի կարող: Սահմանամերձ մարզերում, մասնավորապես Տավուշում այս իրավիճակներն առավել ցավալի հետևանքներով են արտահայտված՝ մի կողմից թշնամին, մյուս կողմից մարզային ապաշնորհ ղեկավարներն ու նրանց ազգակործան քաղաքականությունը /բերենք մեկ օրինակ՝ 2013թ. Տավուշում 26 մլրդ դրամի ներդրում է արվել, սակայն այդ ահռելի գումարների զգալի մասը փոշիացվել և անիմաստ ծախսվել են, իսկ մարզի իրավապահները, որոնք հավանաբար նույն կերամանից են օգտվում, հարուցված քր. գործ կամ հաշվառված նյութ չունեն/: Այսինքն ստացվում է, որ տավուշեցին պետք է երկու ճակատով պայքարի՝ արտաքին և ներքին թշնամու դեմ: Շատ չէ արդյոք մեկ կյանք ապրող տավուշեցու համար մասնակցել մարտական գործողություններին և հաղթել թշնամուն, մոտ 25 տարի ապրել ու արարել հակառակորդի կրակահերթերի ներքո ու մտածել ապստամբելու իրավունքը կյանքի կոչելու մասին:
Այնպես, որ իշխանության նկատմամբ հավատի վերականգնման խնդիր կա, իշխանությունն ինքը պետք է քայլեր ձեռնարկի ժողովրդի վստահության վերականգնման համար, չնայած…:
Շնորհակալություն, Ձեր մեկնաբանությունը հետաքրքիր էր եւ միտքը խթանող:
Հարգելի Արամ, կարծում եմ լավ կլիներ որ Ձեր այս խմբագրականը լիներ առաջին էջում, որպես գլխավոր խմբագրական, քանզի այն բավական համահնունչ է Ձեր վերջին «Երկարաժամկետ …» խմբագրականին… : Ցավոք տեղյակ չեմ թե արդյոք « ապստաամբության իրավունքը» ամրագրված է Հայկական Հանրապետության Սահմանադրության մեջ. ինչպես որ «անգլո սաքս» ամերիկացիների սահմանադրության համար 2 հավելման ( amyndments) մեջ, կամ ուրիշ անգլո սաքս երկրներում…սակայն կարծում եմ որ այն կարող էր որոշակիորեն սրբագել մեր «երկարաժամկետ մտածողության թերությունները» եվ լուծում լիներ 96 թվականին, Մարտի 1 ին տեղի ունեցած համաժողովրդական ելույթների ժամանակ: Համոզված եմ որ այդ օրենքը «եղածը չկորցնելու միտքն ուղղեցույց սարքած, ապրում է այստեղ, հարմարվելով իշխանության կողմից թելադրված խաղի կանոններին» , որոշակիորեն կփոխեր ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ…
Հարգելի Գալուստ, համաձայն եմ բոլոր դիտարկումների հետ: Մեր Սահմանադրության մեջ այդ կետը չկա: Բայց Հայաստանը ստորագրել է թե ՄԱԿ-ի եւ թե ԵԽ-ի բոլոր համապատասխան փաստաթղթերը: Կա մի տեխնիկական խնդիր: Խմբագրականը, որը սկզբից դրվում է տպագիր «Առավոտի» առաջին էջում, պիտի լինի մի էջից պակաս, իսկ խնդրո առարկա նյութը 2,5 էջ է:
Արամ, շնորհակալ եմ պատասխանի համար, իհարկե անսալ ՄԱԿ ի եվ առավել եվս ԵԽ ի փաստաղթերին միեվնույնն է ինչ «նամակ ռուսաց թագավորին», ցավում եմ որ ես էլ Գարեգինի նման պիտի ավելացնեմ «չնայած»…
Հարգելի Արամ, չնայած …իրավաբանական հարցերում պարզունակ գիտելիքներ ունեմ…այնուամենայնիվ համարձակվում եմ եզրակացություներ անել, որ թերեվս Հայաստանի Սահմանադրության մեջ չի ապահովված նաեվ Օրենսդիր, Գործադիր, եվ Իրավական մարմինների լիիրրավ անկախությունը, քանզի մեր նախագահները փաստորեն միահեծան ղեկավարում են ամեն ինչով…, եվ չեմ հասկանում ընտրական համակարգում ինչ է նշանակում մեծամասնական կամ փոքրամասնական ձեվը:
Փաստորեն Հայաստանի Սահմանադրության մեջ մոռացել են պաշտպանել Հայաստանի ՔԱՂԱՔԱՑՈՒ իրական իրավունքները, քանզի ինչպես «անգլո սաքս» երկրների «ապստամբության իրավունքի» քաղահացիները իրավունք ունեն զենք կրելու եվ կազմակերպվելու ինքնապաշտպանական խմբերի այն դեպքերու, եփե ինչ ինչ չնախատեսված իրավիճակներում հանկարծ որեվե նախագահ կհանդգնի ՄԻԱՀԷԾԱՆՈՒԹՅԱՆ անցնել:
Այս վերեվում բերածիս առումով կարծում եմ այն մարդիկ եվ կուսակցությունները որ քվեարկել եվ ընդունել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը այն վիճակով որ այն կա, այդ մարդիկ ամենաքիչը ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐ են, եվ այն արյունը որ թափվեց Հոկտեմբերի 27 ին, Մարտի 1 ին նրանց բոլորի ձեռքերի եվ խղճի վրա է…
Այն որ մենք այդպես կրքոտ բանավիճում ենք Ձեր հարգելի լրագրում փաստորեն ջուր ծեծոցի է, նախ պիտի խոսվի նոր ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ գրելու հրամայականի մասին, որը ոչնչով չհիշեցնի Խորհդային Սահմանադրությունը:
Ես նորից վերադառնում եմ մեր մեծ պատմաբան առաջին Նախագահին, ինչ արժեք ունի իր գիտական գիտելիքները այս ամենի առթիվ… նրան հետեված մեր մեծ գրող Դեմիրճյանի հայտնի «Քաջ Նազարին» հիշեցնող Նախագահները որեվե մեղք չունեն, իրենց Սկուտեղի վրա փաստորեն մատուցել են ԹԱԼԱՆԵԼՈՒ իրավունքը…
Ես հիշում եմ հեղինակի 80-ականների հոդվածները անգլիական ռոքի մասին/PINK FLOYD,
JETRO TULL/:Անցել է 30 տարի:Կան արդյոք ներկայիս հայկական երաժշտական միջավայ-
րում այդ խմբերին գոնե հեռավոր նմանություն ունեցող խմբեր:Ոչ:Կան արդյոք 1688 թվին
Ջոն Լոքք -ի արտահայտած կամ 1588-ին ծնված Թոմաս Հոբբսի-ի տարածած գաղափարնե-
րի և 1988-ին սկսված ,,հայկական գարնան,, առաջնորդների ,, գաղափարական մտածում –
ների,, միջև ընդհանրություններ:Ոչ:Հեղինակի մտքերի,նետած մտավոր խայծի մասին կա –
րող եմ իմ մտահոգությունները հայտնել տեղայնացված,Տավուշի մարզում վերջին 25տարի-
ների դիտարկումների հիման վրա:Այդ կարճ ժամանակամիջոցում մարզը զարգացած սո –
ցիալիզմի ֆորմացիայի փուլից հայտնվեց ավատատիրական,ֆեոդալական կարգերում,որ –
տեղ մարդու ,,բնական իրավունքը,,՝այսինքն անձի,գույքի ապահովությունը վտանգված է:
Վերջին 10-12 տարիների ընթացքում միջազգային կառույցների կողմից նոր,արդի ենթակա- ռույցներ ձևավորելու համար ներդրված գումարները մարզպետի կողմից փոշիացվել են կամ ,,թայֆայի,, բաժնեմաս են դարձել:Իրականությունը մարզում առարկայնորեն մոտե –
նում է Ֆրանց Կաֆկայի նկարագրած անհույս մոդելին,որտեղ փրկության բանալիները գը-
տնվում են անկամ,հարբեցող մարզպետի ձեռքում,որտեղ կառուցվող իբր անվտանգ ճանա-
պարհները գտնվում են կրակի տակ,որտեղ հրատապ ծրագրերի համար բյուջեից տրված
գումարները օգտագործվում են միայն ասֆալտապատման վրա և այլն:Մարզ- Մակոնդո,
որը ծածկվում է սարդոստայնով,որը դատարկվում է,որտեղ մոռանում են երեկվա դեպքերը,
որտեղ անգրագետ գրբացին ակադեմիկոսի կոչում են շնորհում…Մոռացված ,,հասարա –
կական դաշինք,,-ը իր տեղը զիջում է համընդհանուր արտագաղթին,բայց ընդվզման ան –
հատական ծիլեր են երևում կողոպտված տանտիրոջ ինքնահրկիզման սպառնալիքով կամ
կամ դատարանի շենքում ինքնասպանության փորձով և այդ բոլորը օնլայն ռեժիմով:Պատ-
մության նենգությունը կամ Աստծո ճանապարհները անիմանալի են:
Այնպիսի բան եք հիշել, որ ես էի մոռացել: Շնորհակալություն: 🙂 Մնացածի վերաբերյալ՝ կարծում եմ, որ կան ընդհանուր հասարակական օրինաչափություններ՝ բոլոր հսկայական տարբերություններով հանդերձ: Նույն Ձեր օրինակով, այսօր Հայաստանում կան ռոք-խնբեր: Ոչ PF-ի մակարդակի, բայց նրանց «ժանրը» ռոք է:
Հարգելի Արամ եվ Մարինե, կարծում եմ ռոք ի ժանրը մի փոքր ավելի առաջ էր հայտնվել Հայաստանում, դուք երեվի փոքր էիք, «Երազողները» մեր բիթլներն էին, «Բլիկները» մեր ռոլինգները, կային եվ «Հրաբուխ»…եվ իհարկե մեր Բորիկը որ Էրիկ Քլապտոնին «թերեվս» չէր զիջում, բարի հուշեր արթնացրիք: Պիտի ասեմ որ ես էլ երբեմն դրամ աշխատելու համար ռադիոյի երաժտական բաժնում Բոբ Դիլանի ու Բիթլզների «երաժշտության հակաբուրժուկան ուղղվածության» վերաբերյալ հաղորդումեր էի կազմակերպում ու նրանց երգերն էինք պոպուլարիզացնում… եվ ինչպես ընդունված է հիմա արեվմուտքում, ասում են «Բիթլզները կործանեցին Խորհրդային Միությունը…»: Այս օրերին ԱՄՆ ում նշում են նրանց Ամերիկա գալու 50 տարին, եվ չե ինչպես նրանք փոխեցին Ամերիկան եվ ողջ աշխարհը…
Հարգելի Արամ, կներեք անհարկի Հայաստանի ռոք «պատմության» հիշողությունների առթիվ (թերեվս տարիքս իրեն զգացնել է տալիս),մեր երիտասարդ տարիներին մեր կյանքի շատ կարեվոր մասը այդ երաժշտությունն էր… բոլորս ովքեր այն ժամանակ հետաքրքրվում էին այդ երաժշտությամբ իրար գիտեինք դեմքով: Իհարկե շատ հետաքրքիր կլիներ եթե որեվե մեկը այդ շրջանի պատմության վերաբերյալ գրեր… այսօր Հայաստանում ապրում են ինձ համար լեգենդար մարդիկ, Զավեն Սարգսյանը, որ այսօր Փարաջանովի անավան թանգարանի տնորենն է եվ հայտնի լուսանկարիչ, տասնյակ գրքերի հեղինակ, եվ որը 60 ականների կեսերին իր ընկերների հետ հիմել էին «Երազողներ» խումբը: Նրա հետ նույն «քառյակում» էր այսօր Հայաստանի վաստակաշատ երաժիշտ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանը, նաեվ Հրայր Կոտոյանը եվ մեր սիրելի Հակոբ Պետրոսյանը, որ ցավոք այսօր մեզ հետ չէ…
Կուզեի մի փոքր ուղղում կատարել,իմ «խալտուրան» ռադիոյում ոչ թե երաժշտության, այլ երիտասարդական հաղորդումների բաժնում էր…
Հարգանքներով, Գալուստ