Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրաինտեգրման գործընթացը դանդաղել է, բայց չի մեռել. «Հայոց աշխարհ»

Հունվար 25,2014 10:20

 

Մեր զրուցակիցը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆՆ է

   –Ճի՞շտ է, որ Եվրամիությունը դադարեցրել է եվրոպական կառույցների հետ համագործակցող ՀԿների ֆինանսավորումը՝ պատժում է եվրաինտեգրացման գործընթացը «տապալելու» համար։
-Մենք որեւէ պաշտոնական տեղեկատվություն չունենք այդ մասին, ոչ էլ դա զգացել ենք մեր աշխատանքի վրա։ Կարծում եմ, սա ուղղակի սխալմունք է կամ թերի տեղեկատվություն։
Եվրամիության հետ ասոցացման գործընթացի «վերաբեռնավորման» ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին ի՞նչ կարող եք ասել. համամի՞տ եք այն կարծիքին, թե ԵՄ-Հայաստան հարաբերությունները շարունակելու եւ զարգացնելու խոստումներին հակառակ՝ գործընթացը հայտնվել է տեղապտույտի մեջ։
   -Չեմ կարծում, թե գործընթացը տեղապտույտի մեջ է։ Ուրիշ բան, որ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն պրոցեսը դանդաղ է ընթանում։ Կարծում եմ, դա որեւէ մեկին չպետք է զարմացնի՝ նկատի ունենալով, որ այսօր բոլորի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն են։
Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հստակեցման գործընթացը, որի մեկնարկը, մեր կանխատեսումներով, ակնկալվում էր հունվարի վերջին-փետրվարի սկզբներին, թե՛ արագության, թե՛ ինտենսիվության առումով միառժամանակ հետին պլան կմղվեն, մինչեւ Ուկրաինայում իրավիճակը կհանդարտվի կամ գոնե շատ թե քիչ կանխատեսելի հունի մեջ կմտնի։
   –Նույն Եվրամիությունը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է Ուկրաինայում մոլեգնող «եվրամայդանյան» կրքերը հանդարտեցնելու, իշխանություն-ընդդիմություն առճակատումը մեղմելու, քաղաքացիական պատերազմի դեմն առնելու համար։
   -Գործադրելը գործադրում է։ Բայց մի բան է ջանքեր գործադրել՝ ամբողջությամբ պատկերացնելով եւ հասկանալով ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները, այլ բան է «խաղաղարար առաքելություն» ստանձնել՝ իրավիճակի մեջ խորամուխ չլինելով, չպատկերացնելով խնդիրները։ Եվրամիության եւ «արեւելյան գործընկերների» պարագայում ունենք այդ խնդիրը՝ շատ դեպքերում նույն լեզվով չենք խոսում, եվրոպացի մեր գործընկերների պատկերացումները հաճախ թերի են, իրավիճակի լիարժեք ըմբռնում, ընկալում չկա։
Որեւէ կասկած չունեմ Եվրամիության կողմից բարի կամեցողության, օգտակար լինելու իրական ցանկության եւ անգամ դրա վրա ռեսուրսներ ներդնելու պատրաստակամության վերաբերյալ։ Վստահ եմ, նրանք փորձում են աջակցել Ուկրաինայի ժողովրդին, նպաստել իրավիճակի կայունացմանը։ Բայց այդ միջոցների արդյունավետությունը, ուզենք թե չուզենք, մեծապես պայմանավորված է ստեղծված իրավիճակի լիարժեք պատկերացմամբ, ինչը այս դեպքում, ցավոք, բացակայում է։
Եթե իշխող վերնախավը «առավելության հասնի» ընդդիմության նկատմամբ, եւ Ուկրաինան այդպես էլ չստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ «Արեւելյան գործընկերության» հետագա ճակատագրի վրա։
   -Կարծում եմ, այս իրավիճակում տրամաբանական կլիներ որոշ ժամանակային «մորատորիում» սահմանել ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ։ Այսինքն՝ ո՛չ այս կողմ, ո՛չ այն կողմ շատ ինտենսիվ քայլեր չձեռնարկել, այլ առաջին հերթին կարգավորել Ուկրաինայում ստեղծված իրադրությունը, բերել նորմալ, վերահսկելի դաշտ, ինչը հնարավորություն կտար մեր գործընկերներին խուսափել անդառնալի կորուստներից՝ սկսած մարդկային կյանքերից մինչեւ երկրի հեղինակություն։
   –Նախօրեին կառավարությունը հաստատեց Մաքսային միության անդամակցության ճանապարհային քարտեզի ժամանակացույցը, բայց հանրությունն անտեղյակ է՝ ի՞նչ է դա եւ ինչո՞վ են այն «ուտում»։ Մարդիկ հարց են տալիս. ինչո՞ւ փաստաթուղթը չի հրապարակվում, եթե այնտեղ մեր շահերին հակասող դրույթներ չկան։ Կամ՝ ինչպե՞ս հասկանալ, երբ կառավարությունն ասում է՝ փաստաթուղթը հրապարակելու թույլտվություն չունենք. երբ ստանանք, այն ժամանակ էլ կներկայացնենք հանրությանը։
-Եթե հարցին անդրադառնանք բանակցային էթիկայի տեսակետից, ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց հետո կողմերը պայմանավորվում են դրա հրապարակման ընթացակարգի մասին, եւ դա բնական է։ Եթե խոսքը համաձայնագրի կամ պայմանագրի մասին է, դա էլ ունի օրենքով սահմանված իր ընթացակարգը՝ պետք է մտնի խորհրդարան, ընդունվի եւ դառնա բաց, հրապարակային փաստաթուղթ։
Ճանապարհային քարտեզը ներքին օգտագործման փաստաթուղթ է, որ կարող է հրապարակվել, կարող է չհրապարակվել, կախված նրանից, թե կողմերը ինչ են պայմանավորվել։ Եթե պայմանավորվել են չհրապարակել՝ միակողմանի հրապարակելը ոչ միայն գեղեցիկ չէ, քաղաքակիրթ չէ, այլեւ հակասում է բանակցային էթիկայի բոլոր նորմերին։ Այդ առումով որեւէ խնդիր չեմ տեսնում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031