Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ
Սերը գնաց այս երկրից,
Ատելությունն ուսն առած,
Փուչ հեղեղն է բառերի
Տապից գժված իջնում ցած:
– Անձնական եւ անանձնական ցավի, ողբերգության դրոշմով ձեր բանաստեղծությունները Ֆեյսբուքում շատերին անակնկալի բերեցին: 2003-ին գրված բանաստեղծությունները չափազանց այժմեական էին ու ճշգրիտ արտացոլում էին այսօրվա իրողությունները, հայ մարդուն համակած տրամադրությունները: Արձագանքը բուռն էր, անդրադարձն՝ անմիջական՝ ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել:
-Գիտեք, կարգին չարություն էլ չկա, չարության մի չափ կա, որ ստեղծագործության մղիչ ուժ է, մրցակցության, առաջ ընթանալու, հաղթելու, սեփական գաղափարները, ինքնությունը հաստատելու հնարավորություն է: Չկա դա, փոխարենն ահավոր կենդանական չարություն կա, որը մարդկային չի, ոչնչացնող է, տգեղ: Ու սերն էլ մի բան չի, դալուկ, թույլ, դատարկ բառերով քողարկված մի բան է: Երկու շատ հզոր` մարդուն հարիր զգացմունքներ այսօր լավը չեն:
Կարդացեք նաև
-Հին ու Նոր տարվա սահմանագծին՝ Ֆեյսբուքում նոր կյանք ստացած վերոհիշյալ եւ բազում բանաստեղծությունների տողատակերում ընդհանուր առմամբ հասկանում ենք եւ զգում, թե ինչ մտորումների, խոր խոհերի մեջ է Ալվարդ Պետրոսյանը:
-Քանի որ հրապարակային-հասարակական ակտիվ կյանքով չեմ ապրում, տնից դուրս չեմ գալիս, ակնդետ հետեւում եմ՝ ինչ է կատարվում, քանզի անտարբեր չեմ կարող նայել: Ինձ բացակա չդնեք՝ ճիչ կար ներսումս, թե՝ ես անզոր փակված չեմ վշտիս մեջ: Այո, անզորությունից որոշեցի 2003 թվականին հրատարակված իմ գրքից բանաստեղծություններ տեղադրել Ֆեյսբուքում: Հանկարծ հասկացա, որ այն, ինչ ուզում եմ ասել, գրքում կա, արդեն ասել եմ: Չգիտեմ, որքանով են տաղանդավոր այդ բանաստեղծությունները, բայց գիտեմ, որ շատ անկեղծ են: Հաճելիորեն զարմացա, որ վայրկենական արձագանք եղավ հանրության կողմից: Մեկնաբանություններ, նամակներ էլ կային՝ ինձ փաստորեն դեռ փնտրում են ասպարեզում: Որքան էլ պարփակված լինես ինքդ քո մեջ, դա միշտ հաճելի է: Ընդ որում, հետաքրքիր բան կա՝ մի կողմից ասպարեզում սերունդ է, որը մի քայլ այն կողմ կանգնած իրենից ավագներին չի ճանաչում, մյուս կողմից՝ օրինակ, Ֆեյսբուքում բանաստեղծություններիս հանդեպ բազմաթիվ երիտասարդների արձագանքն ինձ հույս ներշնչեց, հասկացա` ինչ-որ պորտալար դեռ կապում է նախորդ սերնդին եկողների հետ:
-Ահավասիկ, 2003-ին գրված եւս մեկը, որն այսօր նաեւ` ի հեճուկս «դեպի Մաքսային միություն» կարգախոսը նոստալգիկ հրճվանքով ընդունողների լինի ասես՝
Ազատություն, բեռ ես դարձել ուսերիս
Վանդակները մեզ են կանչում թովելով…
– Պիտի կարողանանք հասկանալ, թե ինչ է նշանակում ազատությունը, անկախությունը, հայրենիքը: Խնջույքի սեղան չի: Այդ բանաստեղծությունը դուք հիշատակեցիք՝ «ազատություն, բեռ ես դարձել», բայց դա սարսափելի բան է, որ մարդն իր ազատությունը բեռ դարձնի, տեր ուզի, Մաքսային միության գնացող մի զանգվածը տեր ցանկացողներն են, ոչ թե՝ հաշվարկել են, թե դա է մեզ անհրաժեշտ: Այս զանգվածն է ինձ վախեցնում, ոչ թե այսօրվա քաղաքական վճիռը: Այնքան պայմանագրեր են կնքվել: Բայց դա դեռ վերջը չէ, ստրկամտությունն է վերջի սկիզբը:
Այս խնդիրը մեր ազգի գլխին Մաքսային միություն գնալու որոշումով չի, որ սկսվել է: Սա մի քանի հարյուրամյակ սապատ դարձած հոգեվիճակ է, որն ինձ շատ վիրավորում է: Ինքս կողմնակից եմ Մաքսային միության կազմում Ռուսաստանի Դաշնության հետ լինելուն, նույնքան հարգանքով եմ վերաբերվում (թեպետ, չեմ հասկանում) Եվրամիության նկատմամբ բաղձալի ցանկություններ ունեցող մարդկանց, սակայն այս բոլորի մեջ խելացի, հաշվարկված, վերլուծված միտք հասարակության մեջ չտեսա. ինչո՞ւ, ո՞րն է մեզ պետք՝ հարցը եւ պատասխանը չկա: Եվրոպային միանալու մեջ քաղքենիական գրգիռ կա, որն ինձ զարմացնում է: Թե ինչու են հայերն անընդհատ ուզում ձերբազատվել իրենց արեւելյան արմատներից, չեմ հասկանում: Արեւն արեւելքից դուրս է գալիս, Արեւելքում մայր է մտնում: Արեւելքը խորությամբ չպեղված, չուսումնասիրված, չգնահատված աշխարհ է, ընդամենը՝ տուրիստական չափանիշներով են գնահատում, այնինչ մարդկության ստեղծած ամենակարեւոր ինստիտուտներն Արեւելքում են ձեւավորվել: Ահռելի մշակութային ժառանգություն, քաղաքակրթային հսկայական հետքեր թողած Արեւելքից ինչու ենք ուզում ձերբազատվել. այս կերպ դադարում ենք մաքուր արեւելցի լինելուց, եվրոպացի էլ չենք դառնում: Եվրոպան ինքն է թակարդն ընկել իր ագահ ստամոքսի պատճառով, որովհետեւ ամեն ինչ կուլ է տվել ու չի մարսել:
-Իսկ որքանով են մյուս՝ Մաքսային միությանը ձգտողների ցանկություններն արդարացված, ի վերջո, այսօր մեր իսկ պատմության բազմաթիվ տխուր էջերի մեջ Ռուսաստանի մատը խառն է: Ցավոք, այս անակնկալ որոշումը մի տեսակ ժողովրդի թիկունքում կայացվեց… Ընդհանրապես, այս համատեքստում մերոնք որքանո՞վ են հաշվարկել մեր իսկ երկրի շահերն ու առաջնահերթությունները:
-Ըստ իս, բոլորովին հաշվարկված չէ. անկեղծ ասած՝ զարմացած եմ, որ մեզանում մի ստվար հատված ուղղակի քանի հարյուրամյակ արդեն չի ցանկանում վերլուծել, թե ինչն է մեզ ձգում դեպի Ռուսաստան, որն է մեր շահը` ստրուկի պես զոմբիացված դեպի Ռուսաստան գնա՞լը, թե՞ ազգային շահի հաշվարկը: Գուցե ինչ-որ փոքր խումբ նստել-հաշվարկել է, ընդ որում, առանց ժողովրդին նախապատրաստելու: Այս կարգի հսկա անակնկալ պետք չէ տարերային վիճակում գտնվող ժողովրդին, հասարակությանը մատուցել: Ընդ որում, երբ ասում եմ տարերային, գերլարված ժողովուրդ, հասարակություն, ուզում եմ նաեւ ավելացնել, որ սա միայն մեզ չէ, որ հատուկ է: Այս արմագեդոնի, կատակլիզմի սպասող ժողովուրդները ողջ աշխարհում են: Այո, ընկճախտի մթնոլորտ է իջել մարդկության վրա. Մարս թռչելը այդ հեղձուկից չէ՞: Ասում են չէ՝ երբ քնում է գիտակցությունը, արթնանում են հրեշները. երբ հասարակության գիտակցությունը չի մասնակցում այս գործընթացին, հաշվարկներին, թե ինչն է երկրի համար կարեւոր եւ ձեռնտու, նման անակնկալներն անպայման բացասական արձագանք են ունենում, քանզի ավելացնում են անորոշության չափաբաժինը:
Դեպի Մաքսային միություն գնացողների 80 տոկոսը պարզապես հին սովորությամբ Ռուսաստանի մեջ փրկիչ է տեսնում, ոչ թե՝ գործընկեր, ոչ թե՝ արժանապատվորեն ասում է, դու հսկա Ռուսաստանն ես, բայց ես էլ հնամենի, խիստ տարբեր, քաղաքակիրթ ժողովուրդ եմ՝ պատմություն ունեցող ազգ, որը թեպետ փոքրիկ, բայց արժեքավոր ադամանդ է: Մենք չենք կարողանում մեր ադամանդը ներկայացնել, ասել, որ այստեղ բաներ կան, որ ուրիշ ոչ ոք այս տարածաշրջանում չի տիրապետում. հայկական գործոնը մենք չենք կարողանում հավուր պատշաճի մատուցել: Վրացիներն իրենց ջրիկ գինին ու ջրիկ մանդարինն ավելի թանկ են վաճառում, քան մենք մեր ադամանդը: Այն ադամանդը, որ կոչվում է հայկական գործոն: Այն ադամանդը, որով մենք կարողացել ենք Ատլանտի նման Արեւելք-Արեւմուտք խաչմերուկում երկնակամարը պահել մեզ վրա՝ քրիստոնեական քաղաքակրթության պատվար լինելով:
-Մուսուլմանական աշխարհն այսօր ավելի քան երբեւէ համախմբվում է, ասես սրբազան պատերազմի շեմին ենք, իսկ ի՞նչ է անում քրիստոնեական աշխարհը:
-Ցավալի բան պիտի ասեմ՝ հսկայածավալ քրիստոնեական աշխարհը երբեք մեր մեջքին կանգնած չի եղել, համերաշխություն երբեք չի եղել:
-Մենք հիմա խոսում ենք դրսի աշխարհին մեր ունեցածը ներկայացնել չկարողանալուց, բայց արդյո՞ք մեր ներսում կարողանում ենք գնահատել լավը, տաղանդավորն ու արժեքավորը: Իզուր չի, որ մեզանում հաճախ են հիշում ու կրկնում «գնա մեռի, արի սիրեմ» ասացվածքը:
-Դառը ասացվածք է: Դե որ կարողանայինք գնահատել այն, ինչ ի պահ է տրվել մեզ, կկարողանայինք առեւտուր էլ անել: Շատ հեշտ ենք տրվել: Ամենացցուն փաստը՝ մենք սովետական կայսրության միակ երկիրն էինք, որ կարողացանք իսկապես, մեր արյան գնով ապացուցել, թե մեր փրկությունը մեր ոգու մեջ է, այլ ոչ` կարմիր բանակի, կարողացանք գործոն դառնալ, կարողացանք հաղթանակած մտնել երրորդ հազարամյակ, կարողացանք, բայց մեր առաջին նախագահի ձեւակերպմամբ՝ մեր հաղթանակը ներկայացվեց ընդամենը որպես հաղթած ճակատամարտ:
-Ի դեպ, մեր օրերում, բոլորիս աչքի առաջ է թարմ օրինակը՝ թշնամու դիվերսիոն գործողությունն անձնազոհաբար կանխած տասնիննամյա պատանին, իր ընկերները հայրենի երկրի սահմաններին տեր լինելու իսկական օրինակ ցույց տվեցին: Եռաբլուրում արցախյան պատերազմի հերոսների կողքին հանգրվանած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի անձնազոհությունը մեր ներքին կյանքում պարբերաբար եւ մշտապես տեղի ունեցող փոխհրաձգությունների ողջ անիմաստությունն ու սնանկությունն ի ցույց դրեց: Մենք հաճախ ենք անդրադառնում այն փաստին, որ պետությունն իր կառույցներով, հասարակությունն ըստ արժանվույն չեն գնահատում մեր իրական հերոսներին: Եվ շարունակում ենք բարձրաձայնել հարցը` ո՞վ է մեր օրերի հերոսը…
– Դառնորեն պիտի ասեմ, որ մենք եւս Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքի հանգույն գիտակցեցինք, չկարողանալով արժեւորել մեր լույսի պես հերոսների, մեր հազարավոր զինվորների մահը: Ժողովուրդը պիտի կարողանար արժեւորել, ըմբռնել իր հաղթանակի գինը: Մենք մեծ հերոսների մասին ենք խոսում, որոնք շատ չեն լինում: Հաղթանակը կերտողները խոնարհ հերոսներն են, որոնցից մեկն էլ Արմեն Հովհաննիսյանն է: Այդ խոնարհ հերոսներով է երկիրը, հայրենիքը պահվում՝ սկսած այն գյուղացուց, որն իր հող-հայրենիքի մի հատվածն է մշակում, արվեստագետից ու գիտնականից, որը չի թողնում-փախչում երկրից: Ասել եմ եւ կրկնում եմ` մնացողներն են լավագույնը:
Համարում եմ, որ ազգը ցեղախումբ դարձնելու, փսորելու ամենակարճ ճանապարհը ազգին քծնելն է, ինչը շատ վտանգավոր է: Ամենակարեւորը ճշմարտությունն ասելն է: Այսօր մեր հասարակությունը լավը չի: Մեր հասարակությունը շատ մակերեսային է գնահատում, արժանապատվության չափանիշներն իջել են, ամեն մի ստահակ կարող է կանգնել, իրեն առաջնորդի տեղ դրած շարժում ձեւավորել-գլխավորել: Մեր պատմության մեջ ինչն է շատ՝ հերոսները, անունները տալիս են, բայց չեն հասկանում, ինչ է նշանակում Արամ Մանուկյան, Գեւորգ Չաուշ, Մեծն Նժդեհ: Նրանք իսկապես Աստծո տված առաջնորդներ էին, մինչդեռ այսօր հենց այնպես ասում ենք՝ նժդեհականներ եւ այլն, եւ այլն…ես վատ բաներ եմ ասում, բայց հուսահատ չեմ, առողջ է միտքս: Կարծում եմ՝ պիտի մեր լսողությունը թարմացնենք, հիշենք՝ ովքեր են մեզ բան ասողները, ովքեր են մեզ առաջնորդում Եվրոպա կամ Ռուսաստան, այս հարցերը շատ կարեւոր են: Ժողովուրդը պիտի մասնակցի, պատահական չի ստեղծվել աստվածաշնչյան պատմություններից մեկը, հիշո՞ւմ եք՝ ինչպես էր Մովսեսը 40 տարի պտտեցնում իր ազգակիցներին անապատով, որ ցեղը դառնա ազգ` ազատվի պատեհապաշտներից, թուլակամներից, ստահակներից, որկրամոլներից: Եվ մինչեւ չազատվեց դրանցից, չհասցրեց ավետյաց երկրի սահմանին: Խորիմաստ հեքիաթ է: Ով դիմացավ, դիմացավ` մտավ իր երկիր, պահեց իր ազգային ինքնությունը, ով չդիմացավ` ավազների մեջ կորսվեց: Ցեղախմբին ազգ դարձրեց: Այսօր մենք հայտնվել ենք նույն վիճակի մեջ:
շարունակելի
ԱՆԱՀԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ այս զրույցը տեղի էր ունենում, հարցիս, թե իր կարծիքով՝ ՍԴ-ում կուտակային կենսաթոշակի մասին օրենքի կասեցման միջնորդության վերաբերյալ ի՞նչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, Ա. Պետրոսյանն ասաց. «Տարօրինակ, գուցե մի քիչ ծիծաղելի բան պիտի ասեմ, այնպիսի տպավորություն ունեմ, որ Սահմանադրական դատարանում հօգուտ ընդդիմադիրների հարցը կլուծվի: Դա խոհեմ ու լավ քայլ կլինի: Ըստ իս՝ ՍԴ-ն պիտի որոշի, որ հարցը հասունացած չէ: Ինձ թվում է՝ այդպիսի որոշում կկայացվի, եւ ՀՀ նախագահն էլ գոհ կլինի դրանից: Թույլ տվեք երազեմ: Այսպիսով, նման աղմկահարույց օրենքը չեղյալ հայտարարելով՝ նաեւ Սահմանադրական դատարանը կկարողանա իր գոյությունն արդարացնել»: Երեկ արդեն պարզվեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործողությունը ՍԴ-ն կասեցրել է, առայժմ՝ ժամանակավորապես…
«Առավոտ» օրաթերթ
Ինչից է, որ այս կարգի մարդկանց ես որպես կեղծավորների եմ ընկալում…..
…Որովհետև քո մասին մեծ կարծիք ունես և շատ քիչ բան ես հասկանում:
Բայց ես երբեք այդքան դիպուկ չէի կարող ասել կամ ավելի ճիշտ կեցցես Սպարտակ, կեցցես