-Կանգնի’ր, այստեղից էլ մերը չէ:
2011 թվականի օգոստոսի 18, սահմանամերձ Վահան գյուղ և Հայաստանն ու Ադրբեջանը այստեղ պայմանականորեն բաժանում է մի մետաղալար: Սահմանապահ դիրքապահը ինձ թույլ չի տալիս, որ առաջ չգնամ. մի քանի մետր այն կողմ ադրբեջանցին էր ու «երկու աշխարհները» իրարից բաժանող ականապատ տարածքը:
Ամեն տարի ամռանը գնում եմ գյուղ ու հաճախ բարձրանում սարերը` մերոնց օգնելու խոտ հավաքել ձմռան համար: Եվ ամեն տարի մոտ լինելով հայ դիրքապահներին ու սահմանին, խիզախություն չէի ունենում դիրքեր բարձրանալու: Ամեն անգամ հիշում էի պապիս խրատը, թե ես աղջիկ եմ ու ինձ համար վտանգավոր է, բայց այս անգամ հետաքրքրությունս հաղթեց այն թաքուն վախին:
Բարձրացա, և ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ արդեն ադրբեջանցիների տներն էին, որտեղ մի ժամանակ նախնիներս են ապրել: Առաջին անգամ ներսումս կորուստ ու կարոտ զգացի մի բանի հանդեպ, որը երբեք չէի տեսել: Հավատս չէր գալիս, որ ինձ իմ հողից բաժանում էր մի սովորական մետաղալար: Այն կողմ եղածը իմն էր, որը միևնույն ժամանակ ես չունեի: Դա հայի հող էր. այն ուրիշ ազգի համար չէր: Մետաղալարից այն կողմ ամեն ինչ ուրիշ էր. հողը կոշտ էր, չորացած ու մռայլ. հայ գյուղացին չէր մշակում, բակերն ու տները դատարկ էին, սառը և տխուր, հայ մանուկները չէին վազվզում, ուրիշ էին ծառերը, տերև չկար, կանաչ չէր: Եվ վերջապես ուրիշ էի ես մինչ այստեղ գալս:
Երբեք իմ ազգը, իմ հողը, հայրենիքն ու իմ սեփականությունը այդքան չէի արժևորել, որքան այդ պահից սկսած: Ես ամաչում եմ , որ երբևէ մտածել եմ երկրից հեռանալու մասին, Եվրոպայում արևոտ ու պայծառ եղանակին պաղպաղակ ուտելու և իմ օտարերկրյա ընկերներին Հայաստանի մասին ինչ որ բաներ պատմելու մասին: Ամաչում եմ, որ իմ մեջ արդարացրել եմ այն տղաներին, ովքեր խուսափել են բանակում ծառայելուց:
Ես արդեն ուրիշ էի. նախկինը մնաց անցյալում: Հիմա ինչպես թողնեմ հեռանամ, երբ քսան տարի առաջ իմ հարազատները իրենց արյան գնով սահման են պահել, կռվել ու իմ այսօրվա ապահով ապագան ամրագրել, ինչպես գնամ, երբ սահմանամերձ Վահան գյուղի հասակակից իմ ընկերներից շատերը իրենց հայրերին կորցրին դեռևս վեց ամսական հասակում, հենց այս հողերի համար, որ իրենց զավակները հպատակ չլինեն ուրիշի ձեռքում:
Կրակահերթ սկսվեց հակառակորդի կողմից: Դիրքապահները զգուշացրին` դիրքերից իջնելու ժամանակն էր:
Մինչ մեր տղաները պատասխանում էին հակառակորդի կրակոցներին, ես հասցրի երկու լուսանկար նկարել: Ուզում էի կանգնեցնել ակնթարթը: Վերջին անգամ նայեցի ԻՄ սարերին, որտեղ մի օր իմ ու իմ ընկերների երեխաները միմյանց վրա Վարդավառին ջուր են լցնելու:
Երջանիկ էի. ես հաղթեցի առաջին հերթին ինքս ինձ, գնահատեցի ու գտա իմը:
Ամեն ամառ գնում եմ նույն սարերը գյուղացիների հետ խոտ հավաքելու, ու ամեն անգամ հարմար առիթ եմ փնտրում մեր սահմանապահների հետ խոսելու, չնայած պապիս խրատները դեռ ականջիս են: Անցել է արդեն երեք տարի, աչքիս առաջ այն նույն ադրբեջանցի հովիվն է իր սև մուշտուկով, նույն կարմիր տանիքները, բայց այս ամենը ինձ ավելի մոտ է թվում: Երբեմն, երեխայի պես կարծում եմ, թե սարերը վեր են կացել ու իրենց ոտքով գալիս են տուն: Հաջորդ ամռանը էլ ավելի մոտ են լինելու, ու մի օր անպայման էլ ոչ մի մետաղալար չի խանգարելու:
Ռուզան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Վահանի հարեւանությամբ գտնվող ու կորցրած Արծվաշենը մենք լրիվ մոռացել ենք, թեկուզ ձեւականորեն չենք հիշում….մեր հետ բերած Ղարաբաղին էլ այլ պետություն ենք ընկալում` ԼՂՀ…ինչ ԼՂՀ….Ես Վահան գյուղի պաշտպանական մարտերի մասնակից եմ, բայց երբեք չեմ մեղադրի այն տղաներին, ովքեր ԱՅՍՕՐ չեն ծառայում ՀՀ բանակում….արժեհամակարգն է խախտված, դրանից պետք է սկսել….
…Բա ո՞վ ծառայի, այս ի՞նչ քարոզ ես անում:Հայրենիքի սահմանն ո՞ւմ ես թողնում:Թուրքի՞ն:Այս ինչ աբսուրդ մտածողություն է:Այսօր Արմեն Հովհաննիսյանն ու իր ընկերները հերոսանում են սահմանին, իսկ դու…Չնյարդայնանամ, երևի արտերկրից եք կարոտում Հայաստանը:Իսկ ո՞րն է քո՛ արժեհամակարգը:
ոչ մի քարոզ էլ չեմ անում….ես ընդհանրապես քարոզ չեմ անում….ասում եմ մասնակցել եմ Վահան գյուղի մոտ մղվող մարտերին, իսկ դու ասում ես արտերկրից եմ կարոտում…ոչ մի բան էլ չեմ կարոտում, այլ ասում եմ, որ քո ասած հերոս տղաների կյանքի գնով հետ բերած Հայքի հողերի մի մասը, որ այսօր շատերդ այլ երկիր` ԼՂՀ եք անվանում, չի տեղավորվում այդ զոհված կյանքերի ու այսօրվա իրականության հետ: Ես իմ ծառայելը ծառայել եմ, կռվել եմ ու դրա համար ոչ ոքից ոչինչ չեմ պահանջել, չեմ ասել բա ես մենակս կռվե՞մ: Իսկ եթե դու ծառայելու ցանկություն ունես, ծառայի, ով ա ձեռքդ բռնել: Ծառայի ու ոչ մեկից ոչինչ մի պահանջի դրա դիմաց ու թե կարաս, Արծվաշենը հետ բեր: Դա ինչքան ինձ հայտնի ա, ԼՂՀ-ի հետ կապ չունի:
հայրենասեր Spartak, ի՞նչն ա քեզ խանգարում, որ անունդ հայերեն գրես…