Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը աղաղակող սխալներ է թույլ տվել

Հունվար 24,2014 22:22

Գորիսի` 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը խեղկատակություն է համարում իր դեմ Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջանների դատարան ներկայացրած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ Սամվել Հարությունյանը զրպարտել է իրեն՝ Aravot.am-ին տված մի քանի հարցազրույցների միջոցով, մասնավորապես ՝ «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհուն ու սպանել չծնված երեխային» հրապարակմամբ:

«Նա շարունակում է ապացուցել, որ դեռեւս տառապում է ու չի ուզում  հրաժարվել իր մարտնչող ցինիզմից: Իր հրեշավոր հանցագործություններից հետո փոխանակ սսկվեր ու, վերջապես, նրան կանգնեցնեին քրեական պատասխանատվության առջեւ, ինչին արժանի էր շատ վաղուց,  հնարավորություն տվեցին, որ ոչ միայն ինքը, իր մարդասպան որդին ու թիկնապահն ազատվեն քրեական հետապնդումից, այլեւ հայցադիմում կարողանա ներկայացնել դատարան»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Նրա համոզմամբ, Սուրիկ Խաչատրյանի  հայցադիմումը դատարանի վարույթ չպետք է ընդունվեր, ոչ միայն նրա համար, որ զրպարտության համար օրենքով սահմանված կարգով հայց ներկայացնելու ժամկետից ուշացել է, այլեւ հայցադիմումը ամբողջությամբ աղաղակող սխալներով լրացնելու համար. «Իր հայցադիմումը ներկայացնելիս անձը հաստատող փաստաթուղթը չէր ներկայացրել, փաստաբանի միջամտությունից հետո միայն պարզվեց, որ նա այդ հայցադիմումի սկզբի մասում իր անունը, ազգանունը եւ հայրանունն  ու անձնագրային տվյալները նշելիս աղաղակող սխալներ էր թույլ տվել: Սխալ անունով ներկայացել, հայրանունը չէր նշել, իսկ անձնագրային տվյալները լրիվ սխալ էին լրացված: Եւ սա լրիվ բավարար էր, որ դատարանը իր վարույթից հաներ այդ գործի քննությունը: Բայց ինչպես տեսնում ենք գործը վարույթ ընդունվեց, ինչը հիմք տվեց ինձ համոզվելու, որ դատավոր Անի Մխիթարյանը պատրաստ չէ արդարադատություն իրականացնելու: Ըստ Հայաստանի օրենսդրության՝  նման դեպքերում, երբ իբրեւ թե մարդու պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը վիրավորող հոդվածներ են հրապարակվում, տվյալ անձն իրավունք ունի մեկ ամսվա ընթացքում դիմել դատարան, իսկ տխրահռչակ Լիսկան դիմել է ավելի քան երկու ամիս ուշ նյութի հրապարակումից հետո: Հայցադիմումում պատճառաբանել էր, որ իրեն տեղյակ չեն պահել այն դեպքում, երբ այդ ոճրագործությունից մի քանի ժամ անց հաջորդ առավոտյան լրագրողներին ասել էր՝ լավ է, որ քնած եմ եղել, թե չէ մի քսան հատ կշարեի դրա գլխին: Ոճրագործությունից մի քանի օր հետո Երեւանի հենց կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, Մարիոտ հյուրանոցի սրճարաններում էր անցկացնում իր ժամանակը եւ մայրաքաղաքի ռեստորաններում Բուդաղյանների մեծագույն վշտի ժամանակ իր նմանների հետ կենդանի երաժշտության տակ շալախո էր պարում: Այնպես որ, նա շատ լավ էլ իմացել է, ու ծիծաղելի է իր պատճառաբանությունը, թե իմացել է հրապարակումից երկու ամիս հետո»:

Ինչ վերաբերում է դատարանի այսօրվա որոշմանը, որ Սամվել Հարությունյանի կողմը պետք է ապացուցի, որ իրենց նշած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, պարոն Հարությունյանն ասաց. «Բազմիցս ասել եմ, որ ճշմարտությունը ապացուցելու խնդիր չկա:  Ճշմարտությունն այն է, որ 1992 թվականի դեկտեմբերի 26-ին Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար, նախկինում մի քանի անգամ դատապարտված ու ազատ արձակված Լիսկան է կրակել Արեւիկ Միրզոյանի վրա, եւ այդ փաստով քրեական գործ է հարուցվել Սիսիանի դատախազությունում: Դրանից լա՞վ ապացույց: Ոչ թե ես պետք է ապացուցեմ, այլ քննությունը իրականացնող մարմինը դեռ այն ժամանակ պետք է ապացուցեր, եւ դատարանն էլ Սուրիկ Խաչատրյանին իր  վայրագ գործողության համար պետք է պատասխանատվության ենթարկեր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նման դեպք կարող է տեղի ունենալ աֆրիկական վայրի ցեղերի մոտ, իսկ մենք պարծենում ենք, որ
    առաջին քրիստոնիա երկիրն ենք, հերիք չէ,՝ ունենք նաև գարեգին Բ։ Այդ էլ հերիք չէ, ունենք նաև
    ռոիկա–շեռժիկա–շաշիկաբարո Հայաստան։
    Իսկ Սամվել Հարությունյանին մեծագույն պատիվ,՝ նրա համարձակության և սկզբունքայինության
    համար, որ պայքարի է դուրս եկել ոհմակի դեմ, քանի որ նրա յուրականչյուր անդամ, դիտվում է որպես ոհմակ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031