2014թ. հունվարի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Կառավարման խորհրդի քննարկմանն էր ներկայացված ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) 2013թ. գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը և համալսարանի 2014թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվները:
Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ համառոտ զեկույցով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը: Նա Խորհրդի անդամներին ներկայացրել է 2013թ. Պոլիտեխնիկի տարբեր ոլորտների գործունեության հիմնական արդյունքները, որոնց հիման վրա լույս է տեսել 2013թ. համալսարանի հաշվետվությունը: Վերջինս դեկտեմբերի 25-ից տեղադրվել է ՀՊՃՀ կայքում, քննարկվել ՀՊՃՀ Գիտական խորհրդի հունվարյան նիստում և երաշխավորությամբ ներկայացվել Կառավարման խորհրդի քննարկմանն ու հաստատմանը: Հաշվետվությունը տրամադրված է եղել նաև Խորհրդի անդամներին նախապես ծանոթանալու նպատակով:
Մինչ հիմնական արդյունքների ներկայացումը` ՀՊՃՀ ռեկտորը նշել է, որ 2013թ. համալսարանի հաշվետվությունը կառուցվել է ՀՊՃՀ 2011-2015 թթ. Ստրատեգիական պլանի 3-րդ տարվա նպատակներին, խնդիրներին ու առաջընթացի գնահատման կողմնորոշիչ ցուցանիշներին համահունչ և ներկայացնում է համալսարանի կրթական, գիտական, հրատարակչական, ֆինանսական, սոցիալական աջակցության, հանրային կապերի և միջազգային համագործակցության ոլորտներում ձեռքբերումներն ու մասնակի ձախողումները:
Կարդացեք նաև
Ըստ նրա` հաշվետու ժամանակաշրջանում համալսարանում շարունակվել են նախորդ 2 տարիներին սկսված արդյունավետ աշխատանքները` համակարգային փոփոխությունների, ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսուցման տեխնոլոգիաների արդիականացման, ժամանակակից լաբորատոր գործիքակազմի բարելավման, որակի ապահովման ներքին համակարգի ձևավորման, գիտահետազոտական գործունեության զարգացման, համալսարանի արտաքին կապերի ամրապնդման, բուհի միջազգայնացման գործընթացի շարունակական լավարկման և այլ ուղղություններով:
Լսելով ՀՊՃՀ 2013թ. հաշվետվության մասին ՀՊՃՀ ռեկտորի զեկույցը` Կառավարման խորհուրդը, Ս. Նիկոյանի նախագահությամբ և Ռ. Աղգաշյանի քարտուղարությամբ, միաձայն ընդունել է որոշում, որով բուհի 2013թ. գործունեությունը գնահատվել է դրական և ամրագրվել են ընթացիկ` 2014թ. օրացուցային տարում համալսարանի գործունեության մի շարք առաջնահերթ խնդիրներ, որոնցից են դիվերսիֆիկացված ընդունելության կազմակերպումը, միջազգային չափանիշներով առաջին անգամ իրականացվող ՀՊՃՀ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման գործընթացների հաջող եզրափակումը, ՏՏ ենթակառուցվածքներն արդիականացնող “Արդիական և միասնական Պոլիտեխնիկ” ծրագրի հաջող իրականացումը, պրոֆեսորադասախոսական ներուժի փուլային զարգացման գործընթացի շարունակականության ապահովումը, համալսարանի արտաբյուջետային մուտքերի կառուցվածքի բարելավումը և այլն:
Օրակարգային երկրորդ հարցը` ՀՊՃՀ 2014թ. տնտեսական գործունեության ուղղություններն ու դրանց եկամտային և ծախսային նախահաշիվները ևս ներկայացրել է ՀՊՃՀ ռեկտորը: Խորհուրդը, լսելով ռեկտորի զեկույցը, միաձայն հաստատել է ՀՊՃՀ 2014թ. հիմնական ֆինանսական փաստաթուղթը:
ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժին