Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունում Զ.Փոստանջյանի մասնակցությունը դադարեցնելու հարցը քննելու վերաբերյալ ՀԿ-ների դիմումը

Հունվար 24,2014 19:25

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ
Պարոն Ժան-Կլոդ Մինյոնին

ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի նախագահ
Տիկին Նատաշա Վուչկովիչին

ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պատվիրակության վերաբերյալ

Մեծարգո պարոն Մինյոն և տիկին Վուչկովիչ

ՀՀ ազգային ժողովի (ԱԺ) «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը 2013 թ. հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ նիստի ժամանակ վիճահարույց հարց է տվել ՀՀ Նախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանին: Սույն վարքագիծն արժանացել է կոշտ քննադատության, անձնական բնույթի վիրավորանքների և ահաբեկման ՀՀԿ ներկայացուցիչների ու ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող ՀՀԿ պատգամավորների կողմից: Այս արձագանքին հետևել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տարածած հայտարարությունը, որում մտադրություն է հայտնել Զարուհի Փոստանջյանին հեռացնել խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմից[1]:

2013 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է երկու կարգադրություն: Դրանցից մեկն առնչվում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ազգային պատվիրակությունների կազմավորման և դրանց գործունեության կարգը հաստատելուն, որով որոշումների կայացման իրավունքը վերապահվել է ԱԺ նախագահին՝ խախտելով քաղաքական խորհրդակցությունների իրավական պահանջը[2]: Երկրորդ կարգադրությունը վերաբերում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների տեղերի բաշխման սահմանաքանակը հաստատելուն, փոփոխություններ կատարելու ԵԽԽՎ ազգային պատվիրակության կազմում՝ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցչին կառավարող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» խմբակցության անդամով փոխարինելով:[3]

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հավատացած ենք, որ ազգային  ժողովի նախագահի կարգադրությունները միտված են ՀՀԿ կողմից վրեժ լուծելու կուսակցության առաջնորդին քննադատության ենթարկելու համար և հետամուտ չեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների և բազմակարծության սկզբունքներին` որպես Եվրոպայի խորհրդի հիմնարար ժողովրդավարական արժեքներ: Սույն կարգադրությունները խախտում են ԵԽԽՎ-ում  կուսակցությունների կամ ազգային խորհրդարանների պատվիրակությունների արդար ներկայացվածության վերաբերյալ 1798 (2011) բանաձևը: Տեղերի համապատասխան վերաբաշխումը արդար չէ՝ այն չի համապատասխանում ազնիվ, անկողմնակալ, արդար, անաչառ, խտրականությունից զերծ լինելու պահանջներին, որն արտացոլված է բանաձևում:

ԱԺ նախագահի վերոնշյալ կարգադրությունները հավասար հնարավորություններ չեն ապահովում  ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների համար և ըստ էության ընդդիմադիր կուսակցությանը զրկում են այլընտրանքային կարծիք արտահայտելու հնարավորությունից՝ որպես խորհրդարանական աշխատանքի անբաժան մաս: Այս ամենը խախտում է պատվիրակության բազմակարծությունը՝ վտանգելով ընդդիմադիր խմբակցության և ողջ ազգային պատվիրակության արդյունավետությունը:

Խնդրում ենք հաշվի առնել այդ հանգամանքը ԵԽԽՎ գալիք նիստի ընթացքում: Երախտապարտ կլինենք, եթե քննարկեք նշված որոշման հետ կապված ՀՀ ԱԺ պատվիրակության տեղերի վերաբաշխման և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից Զարուհի Փոստանջյանի հեռացման հարցերի արդարացիությունը և ապահովեք բազմակարծություն ու ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունում բոլոր կուսակցությունների արդար ներկայացվածությանը:

  1. Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
  2. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե ՀԿ
  3. «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
  4. Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ
  5. Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ
  6. «Երաշխիք» քաղաքացիական հասարակության կենտրոն ՀԿ
  7. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
  8. Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ
  9. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

10. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

11. Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս) ՀԿ

12. «Նոր սերունդ» հումանիտար ՀԿ

13. Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

14. Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

15. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

16. Երեւանի մամուլի ակումբ ՀԿ

17. Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության ՀԿ

18. «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն

19. Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031