Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան․ «Ուկրաինային հնարավոր չէ շեղել եվրոպական ուղուց»․ (Տեսանյութ)

Հունվար 24,2014 19:09

Հունվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկում: Բանախոսներն էին «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ուկրաինայից տեսազանգով միացել էին քննարկմանը «Վերածնունդ» (“Відродження”) միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան և Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն:

Իրադրությունն Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվում է լարված մնալ, թեև լրատվական տեսանյութերով գուցե ավելի ահավոր է թվում, քան կա իրականում: Մարդիկ Մայդանում պայքարում են եվրոպական հեռանկարի համար, որից զրկվեցին վիլնյուսյան գագաթաժողովից հետո. նշեց «Վերածնունդ» միջազգային ֆոնդի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում:

«Ուկրաինայի ընդդիմությունը հակասահմանադրական է համարում հունվարի 16-ին ընդունված օրենքների փաթեթի ոչ միայն բովանդակությունը, այլ նաև ընդունման ընթացակարգը,-ասաց Դմիտրի Շուլգան,-քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ երկխոսություն սկսելու կոչերն ու հայտարարություններն առայժմ հաջողություն չունեն: Իրական բանակցություններ իշխանության և ընդդիմության միջև չեն ընթանում»:

«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի կարծիքով՝ իշխանությունները բացարձակապես ցանկություն չունեն գնալու երկխոսության, իսկ նրանց կողմից հակաճգնաժամային հանձնաժողովի ստեղծումն անլուրջ է։ «Նման կառույցն անարդյունավետ է, և իշխանությունների կողմից ստեղծվել է նրա համար, որպեսզի ընդդիմության հետ չգնան իրական երկխոսության»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։

Ըստ Դավիթ Շահնազարյանի` ռազմավարական տեսանկյունից Ուկրաինային հնարավոր չէ շեղել եվրոպական ուղուց, սակայն տակտիկական առումով դեռևս անորոշություն է: «Եթե այսպես շարունակվի, ապա Ուկրաինայի հաջորդ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին Հայաստանում` ամբողջովին կկեղծվեն: Եվ այս ամենն ընդդիմությանը մղում է ադեկվատ քայլերի»,- հավելեց Դ. Շահնազարյանը: Նրա դիտարկմամբ՝ մարտավարական հարցերում Ուկրաինայի ընդդիմությունը անորոշություն է դրսևորում, չնայած հեռանկարում պայքարում է եվրաինտեգրման համար:

«Ամենակարևոր հարցը, որ կա Ուկրաինայում այսօր, հետևյալն է՝ կլինի արդյոք իշխանական էլիտայի ներսում պառակտում, թե՝ չէ»,-նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը: Նրա կարծիքով՝ Արևմուտքի արձագանքը համարժեք չէ Կիևում ստեղծված իրավիճակին: Չնայած որոշ կոշտ երանգների՝ դրանք շատ բանով չեն տարբերվում նախորդներից և դժվար թե էական ազդեցություն ունենան իշխանությունների վարքագծի վրա:
«Մենք հիմա գործ ունենք երկու Յանուկովիչի հետ՝ մինչվիլնյուսյան, ում հետ կարելի էր խոսել և ինչ-որ բաների հասնել, և հետվիլնյուսյան, ով արդեն իսկ Ռուսաստանի նախագահի հետ պայմանագրեր է ստորագրել, ինչը նրան հնարավորություն է տալիս իրականացնել քայլեր, որոնց մասին միայն նա գիտի»,-ասաց Ալեքսանդր Բոժկոն՝ Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպանը: Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ՝ խաղաղ հանգուցալուծման հնարավորությունները սպառված չեն, իսկ իրավիճակի ելքը կախված է իշխանության քայլերից:

 

Մամուլի ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք «Մեդիա կենտրոն»-ի տեսանյութում:

«Մեդիա կենտրոն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031