«Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանի համար Կիեւի Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի մահը կրկնակի ցավալի է, քանի որ անձամբ ճանաչել է, շփվել է այդ երիտասարդի հետ: «Մեկ ամիս առաջ Կիեւում Եվրամայդանում շրջում էինք հայկական դրոշով, տեղի հայերը՝ Ուկրաինայի քաղաքացի, ոգեւորված մոտենում էին, զրուցում էին: Դրանցից մեկն էլ Սամվել-Սերգեյ Նիգոյանն էր»,-այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց պարոն Դովլաթյանը, ավելացնելով, որ Սերգեյի մասին նրա սպանությունից հետո ընկերները պատմել են, որ ինչ-որ ոգեղեն բան ուներ իր մեջ, եւ Մայդանում կարգի պահպանմանն էր անմիջականորեն մասնակցում, որ ամեն ինչ կազմակերպված լինի, հստակ գործողություններով:
Արմենակ Դովլաթյանը վստահ է, որ Ուկրաինայում՝ հանուն այդ երկրի ինքնիշխանության ոտքի ելածները պայքարում են ոչ միայն իրենք իրենց, այլեւ հետսովետական մյուս երկրների ապագայի համար եւս: «Խոսքը չի գնում պրիմիտիվ ռուսական-արեւմտյան գերիշխանությունների առճակատման մասին, ավելի խորքային հարցեր կան: Մարդիկ ուղղակի հոգնել են նման վիճակում ապրելուց, նրանք չեն ուզում ունենալ թալանչի կառավարություն, կախյալ երկիր, ուզում են ունենալ ազատ եւ անկախ երկիր, որտեղ իրենք են որոշում իրենց երկրի ապագան: Խոսքը անգամ այն մասին չէ, թե՝ Մաքսային միություն կամ Եվրամիություն, այլ անկախ պետության գոյության մասին է: Ուկրաինան բավականին մեծ հնարավորություններ ունեցող երկիր է, եւ այդ մարդիկ ուզում են ապրել իրենց երկրի հնարավորություններով»,-նկատեց Կանաչների կուսակցության ղեկավարը, ում պատկերացմամբ, Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ չի կարող լինել, բայց եթե իշխանության հետ առճակատումը շարունակվի, այն կվերածվի պատերազմի՝ իշխանության եւ ժողովրդի միջեւ:
Պարոն Դովլաթյանը, շեշտելով, որ պետք է, անպայման, տարանջատել Ռուսաստանը՝ ՌԴ իշխանությունների վարած կայսերապաշտական կացնային քաղաքականությունից, նկատեց, որ այդ քաղաքականության արդյունքում հետխորհրդային շատ ժողովուրդներ լարված են Ռուսաստանի դեմ: «Մենք դաշնակիցներ ենք, հարյուրավոր տարիների հարաբերություն ունենք, բայց խախտել այդ հարաբերությունը եւ բռնի ուժով մարդկանց ինչ-որ բաներ պարտադրելը բնական դիմադրություն է առաջացնում»,-ասաց բանախոսը:
Զուգահեռներ անցկացնելով Մարտի 1-ի եւ Մայդանում տեղի ունեցածի միջեւ՝ Արմենակ Դովլաթյանը նմանություններ գտավ մեր եւ ուկրաինական իրավապահների ոչ համարժեք գործողություններում. «Կարծես անօրինական, հանցագործ գործողությունները խրախուսվում են իշխանությունների կողմից: Չեմ ուզում պրիմիտիվ բաներ ասել, թե ղեկավարվում են Մոսկվայից, բայց կարծես թե նույն ոճն է, նույն դպրոցն է, նույն ձեռագիրն է»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ