Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառված չէ, որ միայնակ ճանապարհ հարթենք վախվորածների համար». Ըստ Հայրիկյանի՝ ԱԻՄ-ում համալրումներ են սպասվում (Տեսանյութ)

Հունվար 24,2014 18:49

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազատության հրապարակում, ինչպես արդեն տեղեկացրել էինք, իր հանրահավաքն էր անցկացնում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ ընդդեմ Հայաստանի  Մաքսային միության կազմում ընդգրկվելը:

ԱԻՄ նախագահը հանրահավաքում մեղադրեց այսօրվա իշխանություններին սխալ ճանապարհ ընտրելու՝ «դիտատոր Ռուսաստանին» միանալու համար:

Պարոն Հայրիկյանն իր խոսքում նշեց, որ այսօր Ռուսաստանը մեր ամենալուրջ թշնամին է, հիշատակեց Ուկրաինայում այս օրերին կատարվողը եւ նշեց, որ վերջին տվյալներով՝ Կիեւում սպանված հայազգի երիտասարդը ռուս դիպուկահարի գնդակով է ընկել: ԱԻՄ նախագահը շեշտեց, որ այսօր հայերը Ռուսաստանում սպանվում են միայն նրա համար, որ հայ են, հավաքվածներին կոչ արեց պայքարի, չպետք է միանալ Ռուսաստանին:

«Հայաստանը տեր ունի եւ այդ տերը մենք ենք»,-ասաց նա:

Պարույր Հայրիկյանը տվեց այն հարցի պատասխանը, թե ինչու են հանրահավաքներ անում. «Առաջին՝ կա ստրատեգիական խնդիր. հայերն ունեն արժանապատվություն,- ասաց պարոն Հայրիկյանը եւ նշեց, որ այսպես սերունդների առջեւ պատասխան ենք տալու, նրանք չեն մեղադրի մեզ ապագայում- ճիշտ է, մենք Ուկրաինայի պես չընդվզեցինք, բայց  գիտեինք՝ ինչն ինչոց է: Երբ խոսում ենք 20-ականների մասին, ասում ենք ՝ մեզ հետ էր Արամ Մանուկյանը, այն ժամանակ էլ կտան ձեր անունները: Վաղը չեն խոսելու   այդ ծախու, «Կագեբեի» խորհրդական, Մաքսային միությանը կողմնակից կուսակցությունների օգտին, այլ խոսելու են մեր մասին, որ մենք կարողացանք մեր ժողովրդի խիղճը մաքուր պահել»:

Պարույր Հայրիկյանը նշեց, որ ժողովրդի վաթսուն տոկոսից ավելին ձգտում է դեպի Եվրոպա, պետք է հաշվի առնել այդ ցանկությունը: «Նախորդ անգամ երեք անգամ պակաս մարդ էր հանրահավաքին, հաջորդ անգամ, եթե երեք անգամ ավելի մարդ լինի, մենք կկարողանանք արդեն ավելի լուրջ պահանջներ ներկայացնել»,-ասաց նա:

Պատասխանելով իրեն հաճախ տրվող հարցին, թե ինչ կլինի Հայաստանի վերջը, Պարոն Հայրիկյանն  ասաց. «Մեր վերջը կլինի այն, ինչին արժանի ենք: Եվ մենք ինչի՞ ենք արժան, որոշվում է մեր քաղաքացիական գործողությամբ»:

Պարոն Հայրիկյանն ասաց նաեւ, որ սպասում է, որ եվրոպական կողմնորոշման կուսակցությունները կմիանան իրեն. «Մենք ոչ մի հավակնություն չունենք առաջատարը լինելու, գլխավորը լինելու, ես նաեւ դրա վտանգավորությունն եմ հասկանում: Ոչ թե վախենում եմ հաջորդ կրակոցից,  այլ ուղղակի հասկանում եմ, որ եթե ինչ-որ գաղափար կապված է մի անձի, այդ գաղափարը մի անձի պատճառով կարող է խոցելի լինել»,- ասաց նա:

Խոսքի եզրափակիչ մասում Պարոն Հայրիկյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ ԱԻՄ-ի համալրում, կազմակերպչական աշխատանքները մեկնարկելու են փետրվար ամսից. «Որովհետեւ բացառված չէ, որ մենք ստիպված լինենք, ինչպես 87 թվականին միայնակ՝ «Անկախություն» թերթ հրապարակելով եւ ԱԻՄ հիմնադրելով, բացառված չէ, որ միայնակ ճանապարհ հարթենք բոլոր այն վախվորածների համար, որ նախնական փուլում, իրենց լավ էին զգում, բայց ընդամենը գոռում էին՝ Լենին, պարտիա, Գորբաչով: Հիմա Հայաստանը տեր ունի ,եւ այդ տերը մենք ենք»:

Պարույր Հայրիկյանի ելույթից հետո տեղի ունեցավ քայլերթ:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031