Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանում

Հունվար 24,2014 18:35

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մարզային հերթական խորհրդակցությունն անցկացրեց  Գեղարքունիքի մարզպետարանում: Մասնակցում էին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2013թ. կատարված աշխատանքներն ու ներկայացվեցին  2014թ. ծրագրերն ու անելիքները:

Զեկուցվեց, որ մարզային  զարգացման ծրագրով 2013թ. համար նախատեսված է եղել 137 միջոցառում, որից  իրականացվել է  117-ը  կամ  շուրջ 80 տոկոսը: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում իրականացվել են 13, 8 մլրդ դրամի ներդրումներ,  որից շուրջ 7 մլրդ դրամ` սոցիալական, 1,2 մլրդ դրամ` գյուղատնտեսության, 4,6 մլրդ դրամ` ենթակառուցվածքների  ոլորտներում: Ենթակառուցվածքների բաղադրիչում  հիմնական միջոցներն ուղղվել են ճանապարհաշինությանը` 2,6 մլրդ դրամ եւ քաղաքաշինությանը`1,2 մլրդ դրամ:

Տեղեկություններ ներկայացվեցին մարզում  իրականացվող կապիտալ ծրագրերի ընթացքի մասին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց  աշխատանքները կազմակերպել ժամանակացույցերին համապատասխան` անթույլատրելի համարելով  ձգձգումները: Միաժամանակ, նա ընդգծեց, որ դրանից աշխատանքների որակը չպետք է տուժի:

Ներկայացվեցին մարզի համայնքների բյուջեների 2013թ.կատարողականի ցուցանիշները:  Ընդհանուր կատարողականը կազմել է 99.4 %: 2012 թվականի  համեմատությամբ ընդամենը եկամուտների ցուցանիշն աճել է 11.7 %-ով կամ 475, 6 մլն դրամով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 88.3 %-ով, գույքահարկինը` 118.9 %-ով:

Գեղարքունիքի մարզում  աշխատավարձի գծով ընդամենը պարտքը կազմում է 68, 7 մլն դրամ, որից 32,3 մլն դրամը միայն Սեւան քաղաքի 2013թ. պարտքն է: Այս համատեքստում անդրադարձ եղավ  «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից  համայնքի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունների  կատարման խնդրին:  Փոխվարչապետը տեղեկացրեց, որ հարցն այսօր քննարկվել է նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստում, եւ  պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  ներգրավված կողմերից յուրաքանչյուրը պետք է կատարի իր պարտավորությունները:

Անդրադարձ եղավ նաեւ խոշոր հարկատուների պարտավորությունների կատարմանը: Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է  63,3 մլն դրամ: Նկատելով, որ գրեթե բոլոր մարզերում  խոշոր հարկատուները համայնքների նկատմամբ այս կամ այն ծավալով չիրականացված ֆինանսական պարտավորություններ ունեն, փոխվարչապետը  համայնքների ղեկավարներին առաջարկեց  այդ խնդիրը մշտապես պահել ուշադրության կենտրոնում եւ հետեւողական լինել, որպեսզի  ժամանակին բոլոր պարտավորությունները կատարվեն:

Փոխվարչապետը ներկաների ուշադրությունը հրավիրեց  նաեւ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության կողմից մարզի համայնքներում իրականացված ուսումնասիրության արդյունքների վրա:  Ուսումնասիրության  համար որպես մոդելային են ընտրվել  Գավառ, Սեւան, Նորատուս, Վարդենիկ եւ Սարուխան համայնքները:  Հետազոտությունը վերաբերում է  վերջին տարիներին համայնքների տեղական բյուջեների կատարման խնդիրներին, վարչարարության իրականացմանը,  հարկերի եւ տուրքերի գանձման քաղաքականությանը, բյուջեի մուտքերն ավելացնելու համայնքի կարողություններին ու այդ ուղղությամբ  համայնքի ղեկավարության իրականացրած քաղաքականությանը¸ ապառքների առաջացման պատճառներին եւ այլն: Փոխվարչապետը նկատեց, որ արդեն առիթ ունեցել է Գավառի քաղաքապետի հետ այդ մասին խոսելու եւ ներկաներին նույնպես հորդորեց ծանոթանալ կատարված ուսումնասիրությանը  եւ արձանագրված նկատառումները հաշվի առնել հետագա գործունեության մեջ:

Քննարկվեցին նաեւ  մարզում  գյուղատնտեսության աջակցության պետական  ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին,  համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր: Նշվեց, որ շարունակվում են համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ աշխատանքները: Ներկայումս Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված մարզի  համայնքներից 49-ում, 42 համայնք ունի նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժի հնարավորություն:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին  

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031