ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ
վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ՝ պարոն Ռ.Վարդազարյանին
Կարդացեք նաև
Հարգելի պարոն Վարդազարյան,
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը 24.01.2014թ. դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, տեղեկացնելով, որ ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2013թ. թիվ ԵԿԴ/0070/08/13 որոշմամբ որոշվել է ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքի քննչական վարչության ԾՀՔ բաժնի պետի տեղակալ Ա.Բայադյանի միջնորդությունը բավարարել՝ թիվ 59102509 քրեական գործով թույլատրել քննիչին համապատասխան ինտերնետ կայքի ադմինիստրացիայից ստանալ 01.01.2009թ. մինչև 01.01.2011թ. ընկած ժամանակահատվածում «[email protected]» և «[email protected]» կայքերի էլեկտրոնային փոստերի արկղերի պարունակության վերաբերյալ տեղեկություններ։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ երրորդ վարչության պետը 22.01.2014թ. դիմել է «Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊԸ տնօրեն Արտաշես Կակոյանին խնդրելով տրամադրել «[email protected]» էլեկտրոնային փոստային արկղում պահպանված էլեկտրոնային նամակագրությունը։
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանը հայտնել է, որ «[email protected]» և «[email protected]» էլեկտրոնային փոստերը պատկանում են փաստաբան Կարեն Պետրոսյանին։
Գտնում ենք, որ նշված էլեկտրոնային փոստի մասին տեղեկությունները չեն կարող տրամադրվել ՀՀ ոստիկանությանը, հետևյալ պատճառաբանությամբ.
Կարեն Պետրոսյանը հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (արտոնագիր 854)։
«Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն, իսկ փաստաբան Կարեն Պետրոսյանը հանդիսանում է այդ կազմակերպության աշխատակիցը (ըստ պալատի տեղեկությունների)։
Այս պայմաններում, ՀՀ ոստիկանությունը հավակնում է ստանալ փաստաբանի էլեկտրոնային փոստում գտնվող տեղեկություններ։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
Վերոգրյալից ելնելով ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է, որ փաստաբան Կարեն Պետրոսյանի էլեկտրոնային փոստի տեղեկություններն անձեռնմխելի են։
Դատարանն օբյեկտիվորեն կարող էր չիմանալ, որ պահանջվում է փաստաբանի էլեկտրոնային փոստից տեղեկություններ, քանի որ նախաքննության մարմինը չի հայտնել դատարանին այդ մասին։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։
Վերոգրյալի հիման վրա Ձեզ է հասցեագրվում փաստաբան Գիվի Հովհաննիսյանի դիմումն ի տնօրինություն։
Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջն առ այն, որ ընդհանուր իրավասության դատարանի նախագահը ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, խնդրում եմ քննարկում կազմակերպել՝ նախաքննության մարմնի կողմից հետագայում փաստաբանների մասին տեղեկություններ պահանջելու հնարավորությունը բացառելու հարցով։
Առդիր՝ դիմումի և կից նյութերի պատճենները։
Հարգանքով`
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ` Արա Զոհրաբյան