Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանի դեսպան. «Սա չվերագրեք նրան, որ Հնդկաստանը ցանկանում է Մաքսային միության անդամ դառնալ»

Հունվար 24,2014 18:23

«ՀՀ որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, ինքնիշխան որոշում է և դա արվել է երկրի շահերին համապատասխան»,-Aravot.am-ի հարցին՝ հայ-հնդկական հարաբերությունների ընթացքը կփոխվի՞ ՀՀ-ի մաքսային միությանն անդամակցելու պարագայում, այսպես պատասխանեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Այնուհետև դեսպանը հավելեց. «Հնդկաստանը, լինելով բարեկամ մի շարք երկրների հետ, որոնք մտնում են Մաքսային միության մեջ, քննարկել է մի տնտեսական համագործակցության համաձայնագիր Մաքսային միության հետ: Բայց խնդրում եմ սա չվերագրեք նրան, որ Հնդկաստանը ցանկանում է Մաքսային միության անդամ դառնալ: Հոկտեմբերին Հնդկաստանի վարչապետը այցելեց Ռուսաստան, միացյալ հայտարարություն ընդունվեց, որտեղ պարզ նշվում է, որ երկու կողմերը աշխատանքային խումբ են ստեղծելու, որ ուսումնասիրեն այդ համաձայնագրի իրականացման մեխանիզմները Մաքսային միության հետ: Այնպես որ, Դուք ինքներդ կարող եք ձեր եզրակացություններն անել»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության վրա դիվերսիոն գործողություններին դիմելու փաստի վերաբերյալ դեսպանն այսպիսի կարծիք հայտնեց. «Հնդկաստանը հայտնել է իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ: Մենք այն կարծիքին ենք, որ պետք է երկկողմանի խաղաղ բանակցություններ լինեն: Ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացները»:

Հնդկաստանի դեսպանը մտահոգություն հայտնեց ՀՀ-ի և Հնդկաստանի առևտրաշրջանառության ծավալների մասին ու շեշտեց. «Մեր երկու երկրների միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 75-80 միլիոն դոլար: Հաշվի առնելով մեր ներուժը՝ դա փոքր թիվ է: Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ այժմ չունենք ուղիղ չվերթ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031