Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ Արամ ջան, ոնց որ ատկատ մենակ օֆշորում ա լինում, հեչ Հայաստանում չես տեսել» (Տեսանյութ)

Հունվար 24,2014 18:21

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ բավականին մեծ գումարներ են տրամադրվել, որպեսզի հասարակությանը իրազեկեն 3 տարի առաջ ընդունված օրենքի մասին, սակայն հասարակությունը վերջերս է իմացել, թե ինչ է իրենից ներկայացնում բարեփոխումը: Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ի այս դիտարկմանը Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց. «USAD-ին 145 հազար դոլար տվեց, որպեսզի մեզ հիմարներիս բացատրեն: Այսինքն, մեզ պարտադրում են, որ այս օրենքը լինի, դրան գումարած 900 հազար դոլար էլ կառավարությանն է տրամադրել, այսինքն` 1 միլիոնից ավելի դոլար են ստացել, որ մեզ բացատրեն`ինչ լավ օրենք է, այս 3 տարիներին ո՞նց ծախսեցին»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն էլ այսպես արձագանքեց` «Բոլոր ընդդիմադիր քաղաքական  կուսակցությունները դրսից սպոնսոր ունեն»: Սրան ի պատասխան, Արամ Սարգսյանն ասաց` «Ապացուցեք, որ դրսից սպոնսոր ունենք, ու տարեք ինձ դատեք»: Պարոն Սարգսյանի այս հորդորին Մանվել Բադեյանն ուղղեց իր խոսքը` «Դե բոլորը չէ, գրեթե բոլորը»,-հետո ավելացրեց,- «Կարո՞ղ է մենք թաքուն ենք ընդունել օրենքը: Կառավարությունը լավ է բացատրել, թե չէ, միշտ կլինի մեկը, որ կասի ինձ չեն տեղեկացրել»:

Դիտարկմանն էլ, որ երեկ բացահայտվել է, որ ֆոնդերից մեկը օֆշորային գոտում է գրանցված, Արամ Սարգսյանն ասաց` «Բա ես ինչի՞ համար էի ատկատների մասին խոսում»: Իսկ Մանվել Բադեյանն էլ ասաց. «Այ Արամ ջան, ոնց որ ատկատ մենակ օֆշորում ա լինում, հեչ Հայաստանում չես տեսել:

Ասեմ, ընդհանրապես օֆշորում գրանցված ընկերություն, չի նշանակում անպայման անազնիվ: Ուրիշ բան, որ կասկածների տեղիք տա, որ կառավարում են մեր միջոցները: Այսօր կառավարությանն ու Կենտրոնական բանկին օրենքով տրված է մոնիթորինգ անեն, թե ֆոնդերը ինչ են իրենցից ներկայացնում»:

Մանրամասն` տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյան եւ Տիգրան Սարգսյան բանավեճը Քոչարյանի վերադարձի մասին է խոսում, պարոն Բադեյանն ասաց. «Ես Ռոբերտ Քոչարյանի գլխում չեմ ապրում, չգիտեմ ինչ է մտածում նա, այդ հարցերը ուղղեք իրեն»:

Արամ Սարգսյանն էլ այս առնչությամբ ասաց. «Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանն իրար հետ լավ էլ աշխատում էին, 14 տոննա ոսկին վաճառեցին ու մի հատ ախ չարեցին: Ես էն ժամանակ, երբ պատգամավոր էի, Տիգրան Սարգսյանին հարցրեցի` էս ի՞նչ ես անում: Ասեց` ոսկին թանկացել է,  վաճառել ենք, հետո կէժանանա, կառնեք: Այսինքն` թուղթը ստացան, էդ թղթով ի՞նչ արեցին, չիմացանք: Այդ ամբողջը եղել է Քոչարյանի հրահանգով: Այդ բանավեճը ոչինչ չի նշանակում, մենք չենք կարող վատը վատի հետ համեմատել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031