Ի՞նչ կլինի կենսաթոշակային բարեփոխումների հետ, եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին վերաբերող օրենքը, այն բանից հետո, երբ արդեն իսկ ընտրվել են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները, եւ նրանք սկսել են իրենց գործունեությունը: Ըստ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի եւ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի, որոնք այսօր Կենտրոնական բանկում ներկայացնում էին ներդրումային ֆոնդերի երկու լիցենզավորված կառավարիչներին՝ «Ցե կվադրատ ամպեգա մենեջմենթ Արմենիային» եւ «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթին», որոնք միջազգային շուկայում ճանաչված եւ հաջողված փորձ ունեցող ընկերություններ են, եթե Հայաստանում նման բան պատահի, դա կազդի մեր երկրի ֆինանսատնտեսական հեղինակության վրա, մենք կտուժենք՝ երկրի վարկանիշի եւ միջազգային շուկայում մեր երկրի հանդեպ վստահության առումով:
«Կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե ինչ կառավարիչներ կունենանք: Եվ մեզ համար առանցքային խնդիր էր՝ ներգրավել փորձառու, լավ համբավ եւ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ»,-ասաց Անդրանիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով լիցենզիա ստացած ընկերություններին: Մինչ այս ընտրությունը կատարելը՝ քննարկվել է երկու տասնյակից ավելի ընկերությունների հարցը, բանակցություններ են տարվել նրանց հետ, եւ համատեղելով նրանց առաջարկներն ու մեր պահանջարկները, հաշվի առնելով չափորոշիչները, որ դրվել են մեր կառավարության կողմից կառավարիչների դիմաց, հաշվի առնելով Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետների խորհուրդները, Կենտրոնական բանկն ընտրել է վերոնշյալ՝ ֆրանսիական եւ ավստրո-գերմանական ծագում ունեցող ընկերությունները:
Ֆոնդերի կառավարիչների գործունեությունը լինելու է Կենտրոնական բանկի հսկողության ներքո՝ սկսած ռիսկերի կառավարումից, վերջացրած ամենօրյա աշխատանքով: Հսկողության իր չափաբաժինը այդ ընկերությունների վրա ունենալու է նաեւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան:
«Առավոտի» հետաքրքրվեց, թե՝ որոշակի չափորոշիչներ եք սահմանել, երկար ընտրություն եք կատարել եւ ի վերջո կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ եք ընտրել հեղինակավոր, վարկանիշային ընկերությունների, որոնք ունեն լուրջ փորձ եւ խոշորագույն գումարներ կառավարելու հմտություն, ունե՞ք երաշխիքներ, որ մեկ-երկու տարի հետո, ինչ-ինչ պատճառներով այդ ընկերությունները չեն վաճառի իրենց բաժնետոմսերը որեւէ անհայտ եւ անվստահելի ընկերության, օրինակ, որեւէ հայ օլիգարխի պատկանող, որը կփոշիացնի ֆոնդերում եղած գումարները:
Կարդացեք նաև
Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց, որ Կենտրոնական բանկն ունի համապատասխան մեխանիզմներ, որոնցով սահմանափակում է այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե իրենց ընտրած ընկերությունը որոշի դուրս գալ շուկայից: Ըստ այդմ, եթե ընկերությունը որոշի իր բաժնետոմսերը վաճառի երրորդ կողմի, ապա չի կարող դա անել առանց Կենտրոնական բանկի համաձայնության եւ թույլտվության: Իսկ Կենտրոնական բանկը, ըստ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետի, «բնականաբար, համաձայնություն չի տա անվստահելի ընկերության մուտքին»:
Անդրադառնալով այլ երկրներում կուտակային համակարգի փորձին՝ ԿԲ ներկայացուցիչներն ասացին, որ հաշվի են առնվել այլ երկրների ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձերը: Օրինակ, այն երկրները, որոնք աշխատավարձի 3%-ն էին սահմանել կենսաթոշակները կուտակելու համար՝ չհաջողեցին, քանի որ բավարար չէին միջոցները, Ռուսաստանում չհաջողվեց այս համակարգը, քանի որ կառավարիչները պետական մարմիններ էին, եվրոպական զարգացած երկրներում կենսաթոշակային լուրջ խնդիրների առաջ են կանգնած, քանի որ կամք չունեցան անցնելու պարտադիր բաղադրիչին եւ միայն կամավոր համակարգն է գործում. «Փորձը ցույց է տալիս, որ եթե պարտադիր չլինի՝ համակարգը չի աշխատի, բոլոր երկրները, որոնք չեն դրել պարտադիր բաղադրիչը՝ խնդիրների առջեւ են կանգնած: Սկսել են կենսաթոշակի գնալու տարիքային ցենզը բարձրացնել, թոշակները կրճատել եւ այլն…»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ