«Փետրվարի վերջին լուրջ բեկում է լինելու»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նա նշեց, որ պետք է երկրում իրավիճակը փոխել: Մեր այն հարցին, ինչպե՞ս պետք է այդ փոփոխությունը կատարվի, ազատամարտիկն ասաց. «Արմատական փոփոխություն պիտի լինի, այս իշխանությունները պետք է դառնան հուշ»: Aravot.am-ի այն դիտարկմանն էլ, որ իշխանությունները կամավոր չեն հեռանա, ի՞նչ միջոցներ է առաջարկում պարոն Եղիազարյանը, ազատամարտիկն ասաց` «Ինչ միջոցի էլ դիմենք, մենք արդարացի ենք»:
Մեր այն հարցին էլ, արդյոք Հայաստանում կա՞ այն ընդդիմությունը, որը կհամախմբի հասարակությանն ու իշխանություններին «գահընկեց կանի», Մանվել Եղիազարյանն ասաց.«Շատ շուտով կստեղծենք, մենք փետրվարի վերջում կստեղծենք, եթե ոչ, ուրեմն մենք ընդունակ չենք այս հիվանդության դեմ պայքարելու: Մենք հայերս, բոլորս-բոլորս, պիտի հավաքվենք, պայքարենք: Տղաները` հրամանատարները, ազատամարտիկները հայտարարել են արդեն` համախմբվելու ենք ու պայքարենք»:
Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով բանակում տեղի ունեցող սպանություններին, պարոն Եղիազարյանն ասաց. «Հայկական բանակում պիտի նման բան չլինի, հայ զինվորը մյուս հայ զինվորին չպիտի սպանի: Սարսափելի է, երբ 18 տարի տղային պահում, ուղարկում են բանակ ու դիակն են բերում: Մեր հայրենիքի պաշտպանին չպիտի թողնենք բախտի քմահաճույքին, ամեն ինչ շաղկապված է իրար հետ: Բանակը պետք է կարգի բերվի, որ ամեն զինվոր զգա, որ «կազարմա» մտնելուց`իր տուն է մտնում, իր եղբայրներն են: Մենք ծույլ անգործության ենք մատնվել ու 10-րդ դասարանի կրթությամբ մի սպայից պահանջում ենք, որ նա քարոզի բանակում եղբայրություն»:
Անդրադառնալով Տավուշի մարզում օրերս տեղի ունեցած ադրբեջանական կողմից կրակոցներին, պարոն Եղիազարյանն ասաց, որ տարբեր հայտարարություններ են հնչում` այստեղ ասում են՝ կրակում են, իսկ գյուղապետն ասում է բան չկա, եւ եթե գյուղապետի ասածը չի հերքվում, ուրեմն նա ճիշտ է. «Ու այդ հայտարարությունները թուլացնում են մեր զգոնությունը: Ամեն մի դետալ, որը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը պետք է ասի մի մարդ, երկաթյա կամքով, երկաթյա խոսքով, որ մարդիկ իմանան իրականում վիճակն ինչպիսին է: Մենք մեր բարոյական պատն ավելի ամուր պիտի կանգնեցնենք, լուրջ, ճիշտ մարդկանց տանք՝ ներկայացնի իրավիճակը»:
Մանրամասն` տեսանյութում
Ինչ վերաբերում է բարոյահոգեբանական կամ մարտական ոգուն, «Արաբոյի» հրամանատարն ասաց, որ 90-ականների ու ներկայիս իրավիճակն այդ առումով շատ տարբեր է. «Այն ժամանակ մեր հոգին թեւածում էր ամբողջ Արցախ աշխարհով: Այն ժամանակ մենք մղկտում, լաց էինք լինում…Ես հիշում եմ Նովիյ Աֆոնում էի, լսել էի՝ Շահումյանում 5 տղա զոհվել էին, թողեցի ու հաջորդ օրը եկա, որ մասնակցեմ կռվին: Եթե այն ժամանակվա ոգին կարողանայինք պահպանել, Հայաստանը կլիներ ծաղկանոց: Հիմա, եթե ոգին ընկճված է, դա չի նշանակում, որ մենք պիտի մահանանք, պիտի կենդանություն տանք այդ ոգուն»:
Մանվել Եղիազարյանը խոսելով ազատամարտիկների խնդիրների վերաբերյալ, նկատեց, որ եթե երկիրը վատ վիճակում է, ժողովուրդը վատ է ապրում, ազատամարտիկն իրավունք չունի 15-20 հազար դրամ թոշակի համար պայքարի:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ