Պաշտպանության նախարարն այսօր հրավիրած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարին հայտարարել է «Փողոցային բարքերի դեմ պայքարի տարի»: «Գոյություն ունեցող մեր բացթողումների եւ տարբեր տիպի հանցագործությունների հիմքում ընկած են միջանձնային հանցագործությունները:Մեծ ջանքերի գործադրման կրկնապատկման հետ մեկտեղ նաեւ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, մշակութային ոլորտում, իրավապահ մարմինների հետ ակնկալում ենք հասարակության եւ ձեր աջակցությունը, վատ արժեքային համակարգի, փողոցային բարքերի արմատախիլ անելու գործում:
Մենք պետք է չթողնենք, որ փողոցային արժեքները եւ դրանց կրողները դառնան մեր օրվա հերոսը:Մենք ունենք իրական հերոսներ: Այսօր քսանամյա հայ պատանին կյանքի գնով պաշտպանում է ոչ միայն իր համածառայողներին մեր նենգ հակառակորդից, այլեւ պաշտպանում է մեզ համար ամենաթանկը` մեր հողը, մեր ճշմարտությունը, մեր արդարությունը, հայրենիքի եւ նախնիների պատիվը»,-ասաց նախարարը:
Նա հավաստեց, որ նախարարությունն իր վրայից չի հանում գլխավոր պատասխանատվությունը՝ իբրեւ ռեժիմային կառույց, կատարելով «վերադաստիարակման խնդիրը»:
Նախարարը խոստացավ, որ բանակը զտիչ դերակատարություն է ունենալու՝ քաղաքացիական հասարակությունից ստանալով ավելի լավ զինվորների, նորակոչիկների:
Վաղը ռազմական կոլեգիայի նիստի ընթացքում կամփոփվեն արդյունքները, կխրախուսվեն օրինակելի զորամասերը, զինծառայողները .«Մենք դափնիների վրա չենք նիրհում, սառնասրտորեն վերլուծում ենք բացթողումները, թերությունները»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ