Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հայտնել է, որ հունվարի 28-ի արտահերթ նիստում Ուկրաինայում արտակարգ դրություն մտցնելու հարցը չի քննարկվելու, օրակարգում լինելու է երկրում քաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Արտահերթ նիստում մեկ հարց է քննարկվելու՝ այսօրվա ստեղծված իրավիճակը: Այն բավական բարդ է, և կքննարկվի Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու հարցը», – ասել է Ռիբակը «Ռադա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ ավելացնելով, որ Ուկրաինայում արտակարգ իրավիճակ մտցնելու մասին ոչ մի փաստաթուղթ չի ուսումնասիրվում, և այդ հարցը արտահերթ նիստում չի քննարկվելու:
Ռիբակը նաև հիշեցրել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման մասին. «Քաղաքական գործիչները քաղաքական մեթոդներով ամեն ինչ պետք է անեն, որպեսզի կարգավորեն այն, ինչ տեղի է ունենում երկրում այսօր», – ասել է նա, – «Դրա համար եմ ես հունվարի 28-ին արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշում ստորագրել»:
Ռիբակը նաև խոսել է իշխանությանը պատասխանատվության կանչելու և հրաժարականի պահանջի մասին. «Մենք պետք է կողմնորոշվենք համաձայնության խորհրդում և քննարկենք այդ հարցն օրենքի շրջանակներում», – ասել է նա և նշել, որ դա հնարավոր է անել փետրվարի 4-ից հետո:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ