«Պուտինը մարդասպան է, հանցագործ է», «Յանուկովիչը ոչ թե նախագահ է, այլ հանցագործ է» վանկարկումներով, այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առաջ մի խումբ երիտասարդներ, քաղաքական գործիչներ ակցիա անցկացրին` ի հիշատակ Կիեւի Մայդանում օրերս հրազենային վնասվածքներից զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի:
Դեսպանատունը ակցիայից դեռ մեկ ժամ առաջ հսկվում էր 20-30 ՀՀ ոստիկանների կողմից, որոնք պատ կազմած ու դեսպանատունը շղթայած, ապահովում էին ուկրաինացի դիվանագետների անվտանգությունը:
Ակցիան ընթացավ խաղաղ. մասնակիցները դեսպանատան պատի տակ մոմեր վառեցին եւ ծաղիկներ դրեցին:
«Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի Մայդանում տեղի ունեցածի ու Հայաստանում մարտի 1-ի դեպքերի միջեւ, ասաց. «Սերգեյ Նիգոյանը մարտի 1-ի 11-րդ զոհն է: Ես համոզված եմ, որ Ուկրաինայում էլ, Հայաստանում էլ ժողովրդավարությունը հաղթելու է եւ ռուսական կայսրությունից ազատվելու ենք: Մենք հույս ունենք, որ Ուկրաինայի իշխանությունների մեջ կգտնվեն գիտակից մարդիկ եւ կանցնեն ժողովրդի կողմը»:
Կարդացեք նաև
«ԱԻՄ» առաջնորդ Պարույր Հայրիկյանն էլ համոզված էր, որ ուկրաինացի ժողովրդի վրա կրակելը ռուսական ԿԳԲ-ի ձեռքի գործն է:
Պատգամավորի նախկին թեկնածու Գայանե Առուստամյանը, որը բախումների ժամանակ Մայդանում է եղել եւ տեսել ու զրուցել է Սերգեյ Նիգոյանի հետ, ասաց, որ ուկրաինացի ժողովուրդը շատ վճռական է տրամադրված եւ ամեն օր մարդկանց թիվը Մայդանում եռապատկվում էր: Նրա խոսքերով, առաջին զոհը Դնեպրոպետրովսկից Սերգեյ Նիգոյանն է եղել, որը Մայդան էր եկել ընկերուհու հետ:
Գ. Առուստամյանն ափսոսանք հայտնեց, որ բախումների օրը կորցրել է Սերգեյին եւ չի կարողացել նրա համար մի բան անել: Գ. Առուստամյանի խոսքի մանրամասները` տեսանյութում.
Դեսպանատան առաջ ելույթ ունեցող երիտասարդներից մեկն էլ ասաց. «Լավ չէ, որ մարդիկ զոհվում են ազատության համար, ազատությունը պետք է լինի ծաղիկներով ու ժպիտով»:
Ակցիայի մասնակիցների բողոքը լսելու եւ նամակը վերցնելու համար դեսպանատնից դուրս էր եկել Ուկրաինայի դեսպանատան հյուպատոսը , որը, սակայն, չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ պետք է սահմանված կարգով հարցերն ուղղել դեսպանատան պատասխանատուներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
ինչ մեղք եք չէ՞ 🙂