Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջան քոլեջի աշակերտները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու աշխարհի առաջատար համալսարաններում

Հունվար 24,2014 14:48

Այս տարի UWC  (United World Colleges- Միացյալ համաշխարհային քոլեջներ) համակարգում կարող են ուսանել Հայաստանի 17 քաղաքացիներ, որոնցից 10-ը UWC Դիլիջան քոլեջում, իսկ 7-ը՝ UWC-ի այլ երկրների քոլեջներում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր անդամ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի վերջին Դիլիջանի միջազգային դպրոցը դարձել է Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWS) կրթական ցանցի անդամ և ստացել «UWC Դիլիջան» անվանումը:

«UWC Դիլիջան քոլեջում և UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014թ. օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան և ոչ ավելին, քան 18 տարեկան»,- ներկայացնելով ընդունելության գործընթացը՝ ասաց UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը և հավելեց, որ ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով և առավելությունը տրվում է բազմակողմանի զարգացած, սոցիալապես ակտիվ երիտասարդներին, անկախ նրանից, թե ինչ ծագում ունեն: Տնօրենի խոսքով՝ ընտրության այսպիսի համակարգը հավասար հնարավորություններ է ընձեռում թեկնածուներին՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու ծնողների ֆինանսական կարողությունից:

UWC Դիլիջան քոլեջն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում կընդունի 90 աշակերտ, որոնց 90%-ը կսովորի անվճար՝ բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

«Շատերը չեն հավատում, որ կարող են սովորել որևէ վճարովի ուսումնական հաստատությունում, եթե իրենց ծնողներն անվճարունակ են: Պետք է պարզապես փորձել, ինքն իրեն ոչինչ չի լինում»,- ասում է Վերոնիկա Զոնաբենդը:

Նա նաև նշեց, որ UWC Դիլիջան քոլեջում կկիրառվեն լավագույն միջազգային կրթական ծրագրերը, և աշակերտները հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու աշխարհի առաջատար համալսարաններում:

Ջոն Փադըֆութն էլ ասաց, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող աշակերտների համար կկազմակերպվեն նաև հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայ եկեղեցու պատմության դասընթացներ, որոնք կանցկացվեն հայ մասնագետների կողմից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031