Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Հայաստանում եւ Ղարաբաղում լինեն ժողովրդավարական իշխանություններ…

Հունվար 24,2014 14:40

Ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ, ինչպե՞ս կարող է լուծվել Ղարաբաղի խնդիրը: «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը:

Արամ Աբրահամյան.- Այս շաբաթ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմաններում մեծացել էր լարվածությունը, հարեւան երկրի ոտնձգություններն ավելացել էին: Իսկ Փարիզում հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Ինչո՞ւ է Ադրբեջանը այս գործողություններըը ձեռնարկել հենց հիմա, դա կապ ունի՞ Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպման հետ:

Մանվել Սարգսյան.– Ես կարծում եմ՝ կապ ունի: Վերջին տարիներին մենք նկատել ենք, որ շփման գծի դեպքերը համընկնում են նման հանդիպումների հետ: Ադրբեջանի պաշտոնյաները, այդ թվում՝ արտգործնախարար Մամեդյարովը, բազմիցս հայտարարել են, որ այդ միջադեպերն իրենց դիվանագիտության շարունակությունն են, դա կոչում են «ռազմական դիվանագիտություն»: Դրա միջոցով հավելյալ ազդեցություն են փորձում թողնել միջնորդների վրա, ճնշում՝ Հայաստանի վրա:

Ա. Ա.– Համանախագահ երկրների ղեկավարները բազմիցս ասել են. «պատրաստել ժողովուրդներին ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»: Ստացվո՞ւմ է խաղաղությանը պատրաստել՝ Հայաստանում եւ Ադրբեջանում:

Միքայել Դանիելյան.– Ոչ մեր իշխանոություններն են ուզում, ոչ էլ Ադրբեջանի իշխանություններն են ուզում, որ ընդհանրապես մի բան ստացվի: Նրանց համար այս վիճակը շատ լավ է, շատ հարմար է, եւ նրանք ոչ մի բանակցային գործընթացի մասին իրականում չեն մտածում: Հանդիպում են, խոսում են, իրար մեղադրանքներ են առաջադրում եւ դրանով պրծնում է ամեն ինչը:

Ա. Ա.– Իսկ ինչո՞վ են նրանց ձեռնտու այս իրավիճակը:

Մ. Դ.- Գերխնդիրը իշխանությունը պահելն է՝ թե Ադրբեջանում եւ թե Հայաստանում: Եթե օպոզիցիան հանկարծ փորձի քայլ անել դեպի իշխանափոխություն, միանգամից բերում են Ղարաբաղի խնդիրը, ասում են՝ դուք այստեղ խաղեր եք տալիս, իսկ մենք տարածքային խնդիրներ ունենք: Եվ մերոնք են այդպես անում, եւ իրենք: Բանակցային գործընթացը կլինի նորմալ այն դեպքում, երբ ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ լինեն ազատական, ժողովրդավարական, հանդուրժող իշխանություններ, իսկ դրանից մենք շատ հեռու ենք:

Ա. Ա.- Իսկապե՞ս մեր եւ Ադրբեջանի իշխանությունների համար Ղարաբաղի հարցը «մահանա» է:

Մ. Ս.- Այդպես է: Մենք ունենք կոնֆլիկտային վիճակ, ռեժիմները դա օգտագործում են: Այն երկները, որտեղ նմանատիպ իշխանություններ են, ու չկա կոնֆլիկտ, մի ուրիշ բան են գտնում: Բայց մենք պիտի փորձենք քննարկել ամենակարեւոր հանգամանքը. ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ բանակցել Ադրբեջանի հետ: Նրանք 94 թվականին կորցրել են Ղարաբաղը եւ մի շարք տարածքներ, 20 տարի ինչո՞վ է զբաղված Ադրբեջանի իշխանությունը: Նա փորձում է պայմաններ ստեղծել՝ վերադարձնելու համար: Նրանք իրավունքն են իրենց ձեռքում պահում՝ բանակցություններին մասնակցելով, տարբեր միջազգային հարթակներում քարոզելով, ուժի սառնալիքով, դիվերսիոն գործողություններով, կրակելով: Հայր Ալիեւն ասում էր՝ մենք սա կորցրել ենք, հիմա՝ կվերցնենք, թե չենք վերցնի, բայց իրավունքը պահենք մեր ձեռքին, մնացածը երկրորդական է, այս սերունդը չի անի, մյուսը կանի:

Ա. Ա.– Դուք կարծում եք, որ լիբերալ ժողովրդավարական իշխանությունները նո՞ւյնպես իրավունքը կփորձեն պահել իրենց ձեռքում:

Մ. Ս.– Իսկ ի՞նչ անեն: Կամ էլ պիտի հրաժարվեն, ճանաչեն դիմացինի իրավունքը: Ինչո՞ւ նրանք ոչ մի թուղթ չեն ստորագրում: Ցանկացած թուղթ, որ Ադրբեջանը ստորագրի, իրավունքի մի մասը պիտի հանձնի կամ Հայաստանին, կամ Ղարաբաղին:

Մ. Դ.- Բայց Հայաստանն էլ այդ քայլին պիտի գնա: Հայաստանը կամ պետք ընդունի Ղարաբաղի իրավունքը, կամ չընդունի: Ղարաբաղը անկախ չի, եթե Հայաստանը չի ընդունում Ղարաբաղի անկախությունը: Ի վերջո՝ իրավաբանորեն Ղարաբաղը անջատվել է Հայաստանից, չէ՞ որ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը դեռ չի բեկանվել, հետո Ղարաբաղը ճանաչեց իր անկախությունը, իրավաբանորեն Ղարաբաղը անկախացավ Հայաստանից, եւ Հայաստանի դեմոկրատական քայլը կլիներ այն , որ ճանաչեր Ղարաբաղի անկախությունը:

Մ. Ս.– Քննարկումները շատ քիչ են այդ հարցի շուրջ, բայց սա լուրջ խնդիր է: 23 տարի է՝ այդ ժողովուրդը ոչ լեգալ պայմաններում ապրում է երկրագնդի վրա: Մյուս կողմից՝ այդ ժողովուրդը ոչ մի պատասխանատվություն չունի աշխարհի առաջ, որովհետեւ եթե որեւէ մեկը մեր իրավունքը չի ճանաչում, ապա մենք որեւ պատասխանատվություն մեր առաջ չունենք: Երբ Հայաստանում դրվում է ճանաչել-չճանաչելու խնդիրը, միանգամից անվտանգության խնդիրն է մեր դեմ դրվում, բայց երբեք չի քննարկվում կարեւորագույն հարց՝ ի վերջո դուք այդ մարդկանց իրավունքը ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ:

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031