Ելնելով այն սկզբունքից, թե նա, ով ամեն տեղ է ապրում, նշանակում է՝ ոչ մի տեղ չի ապրում, թերեւս նշանակում է նաեւ, որ նա ծնվել է, բայց չունի ծննդավայր, սովորել է դպրոցում, բայց չունի դպրոցական ընկերներ, ծառայել է բանակում, բայց բանակի ոչ մի ընկեր չունի, հավատացյալ է ներկայանում՝ ընդունելով ցանկացած կրոն, քանի դեռ այն սննդարար է, բայց ոչ մի աստվածության չի հավատում, առավել եւս՝ Աստծու:
Օրենքը, անշուշտ, համընդհանուր կամքի վերացական արտահայտությունն է, որը ստեղծված է չափավորելու մեր բնախոսական նկրտումները, բայց ի բարեբախտություն մարդկությանը՝ Համուրաբիից մինչեւ մեր օրերը հասցեագրված է յուրաքանչյուրիս առանձին-առանձին:
Ափսոս, սակայն, որ գրված օրենքներում չկա մեր մեջ վաղնջականից հաստատված անգիր օրենսդրությունը, որն առավել զորեղ է եւ անդատարան ու թելադրում է մեզ՝ հիշել ծննդավայրդ, մանկության ընկերոջդ… Այսինքն՝ այն օրենքները, որ Նարեկացու խոսքում հնչում է. – Մի դատիր արդար, դատիր գթությամբ… Եվ հիմա, ինչպես, ցավոք, ամեն անգամ, այսօր արդեն եւս նախընտրական նախա-նախա վերապատրաստման օրերին ես եթերներում եւ մամուլում, զոհելով ժամանակս, լսում ու կարդում եմ բազմաթիվ հավատքներ փոխած գյուղապետի փեսայի բոյ ու բուսաթով ու խոշոր գլխով հռետորների, որ շարունակ բողոքում են իրականությունից եւ խոստանում փրկել երկիրը: Չգիտեմ՝ ումից եւ ինչպես, կարեւորը բողոքելն է իրականությունից:
Տարիներ առաջ, երբ մենք ջահել ու բոյով էինք, մի խումբ երիտգրողներով, որ Պոպլավոկում խմել էինք, հայ գրականության ճակատագրի շուրջ զվարթ զրույցով իջնում էինք նկարիչների սրճարան՝ մեր կիսատ խումը շարունակելու:
Ուշ աշուն էր, երբ աշնան ջուրը խաղաղվում-ներանձնանում է իր մեջ: Եվ Կարապի լճի ափին մեր ընկերներից մեկը ասաց.
– Խաչվեմ, տղերք, ես հիմա կքայլեմ ջրերի վրայով,- ասաց ու ընկավ ջուրը:
Մենք մի կերպ հանեցինք նրան ջրից, եւ նա թաց շորերի մեջ սրթսրթալով ասաց:
– Խաչվեմ, տղերք, ջուրը կեղծ էր…
Հիմա, երբ հիշեցի մեր ջահելության այդ պատմությունը, հասկացա, որ ընկերոջս թվում էր, թե ինքը ջրերի վրա քայլելու հավատքը ունի, բայց պարզվեց, որ իր հավատն էր թերի, քանզի ջուրը երբեք կեղծ չի լինում:
Կարդացեք նաև
Եվ եթե մենք խմում ենք անապակ ջուրը՝ հագեցնելով մեր ծարավը, ու մեր միջով անցնելով՝ այն դառնում է գարշահոտ հեղուկ՝ մեղավորը ջուրը չէ, մեղավորը մենք ենք… Այդպես էլ Երկիր-Հայրենիքը մեղավոր չէ, եթե չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել եւ ճանաչել, դարձյալ մեղավորը մենք ենք, երկիրը չէ:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ