Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես ունեմ հայրենիք, բայց չունեմ պետություն»

Հունվար 24,2014 14:25

Հայաստանում բիզնեսը, տունը կորցրած Հրաչյան, որն այժմ բնակվում է Ֆրանսիայում, կվերադառնա հայրենիք, եթե մարդիկ օրենքով պաշտպանված լինեն
«Մեր էս քյարթու մտածելակերպով պետություն չենք դառնա: Այ, օրինակ՝ այսօր ծխախոտիս մնացորդը երբ գցեցի եւ աղբամանը չընկավ, կռացա եւ վերցրի, այնտեղ կանգնած մարդիկ քմծիծաղ տվեցին, եւ ես դրանից կոմպլեքսավորվեցի, ինչը որ Եվրոպայում չկա: Այնտեղ երբեք քեզ վրա չեն ծիծաղում, որովհետեւ նրանք սիրում են իրենց պետությունը: Հայաստանից հեռանալուցս 12 տարիների ընթացքում ավելի վատ փոփոխություններ են եղել՝ ինչպե՞ս վերադառնամ: Հայաստանում եթե լինի հավասարություն, որ ես ինձ հավասար զգամ ու տեսնեմ օրենքի գերակայությունը՝ կվերադառնամ, անշուշտ կվերադառնամ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հրաչյան: Նա Հայաստանից հեռացել է 32 տարեկանում, այժմ Հրաչյան 44 տարեկան է: 12 տարի ապրում է Եվրոպայում: Մեկնել է Գերմանիա, ապա տեղափոխվել Ֆրանսիա: Արտագաղթելու որոշում կայացրել է, երբ սեփական փորձով համոզվել է՝ հայն իր հայրենիքում պաշտպանված չէ:

«Երբեք մտքովս չէր անցնում հեռանալ հայրենիքից, ունեի փոքրիկ բիզնես, որով եւ ապահովում էի ընտանիքիս քիչ թե շատ բարվոք կյանքը: Երբ պահը եկավ բիզնեսս մեծացնելու՝ թիկունքից հարվածողները շատացան: Դե, մենք հայերով համառ ու չկամեցող բնավորություն ունենք, որի պատճառով չենք նկատում մեր կողքին ապրող այն մարդկանց, որոնք տարիներ հետո դառնալու են բոլորիս պարծանքը: Մինչեւ այդ մարդը կյանքից կամ երկրից չի հեռանում, չենք ափսոսում ու չենք արժեւորում նրան: Թող տպավորություն չստեղծվի, թե ինձ եմ գովում. շատերս ենք տեսնում, թե, բացի աշխատող ուժից, ինչ քանակությամբ արվեստագետներ են հիասթափված գնում Հայաստանից: Շատերի պես՝ ինձ էլ թույլ չտվեցին գոյության իմաստը գտնել իմ երկրում: Ես ոչ թե հիասթափված էի, այլ զայրացած. գործս իմ գլխին դարձավ փորձանք, ու անգամ տունս կորցրեցի, բայց նույնիսկ այդ դեպքում էլ չկարողացա օրենքով պաշտպանել ինձ: Ամեն ինչ նորից սկսելու հույսով գնացի երկրից»,- պատմում է Հրաչյան:

Ոչ օրինական ճանապարհով Հայաստանից մեկնած հայ միգրանտի համար արտերկրում էլ հեշտ չի եղել. մե՜ծ դժվարությունների միջով է անցել, մինչեւ որ ոտքի է կանգնել, սակայն, ինչպես Հրաչյան է պատմում, ոչ մի անգամ չի նվաստացվել, միշտ օրենքով պաշտպանված է եղել՝ անկախ կարգավիճակից:

Հրաչյայի պատմելով՝ Գերմանիայում ապրել է ճամբարում՝ առանց կեցության վկայականի: «Չիմանալով այդ երկրի լեզուն, անգամ վարք ու բարքերը՝ անում էի ամենատարբեր աշխատանքներ, միայն թե հետ չգայի: Աշխատում էի ու չէի ամաչում իմ աշխատանքից, քանի որ այդ երկրում մարդիկ հարգանքով են վերաբերվում աշխատող մարդուն, եւ կապ չունի, թե ինչ ես աշխատում: Ինձ հետ հավասար աշխատել եւ երբեք չեն նվաստացրել այն գործատուները, որոնց մոտ աշխատել եմ: Ի դեպ, այդ մարդիկ ավելի հարուստ են, քան այստեղի թվացյալ հարուստները»,- ասում է Հրաչյան: Գերմանիայից Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Հրաչյան տեղափոխում է նաեւ ընտանիքին եւ մինչ օրս բնակվում այնտեղ: Ճիշտ է, կարոտը խեղդում է, բայց Հրաչյան չի ուզում հայրենիք վերադառնալ, մի տեսակ սովորել է ապրել օրենքի երկրում: Տարբեր գործեր անելուց հետո Հրաչյան ներկայումս Ֆրանսիայում ավտոմեքենաների առքուվաճառքի փոքրիկ բիզնես ունի, ազատ ժամանակ էլ սալիկապատման աշխատանքներ է կատարում:

2007 թվականից Ֆրանսիայում ստացել է կեցության վկայական եւ ներկայումս աշխատանքներ է տանում այդ երկրի քաղաքացիություն ստանալու ուղղությամբ: «Եվրոպացին գնահատում է աշխատող, կարգապահ մարդուն»,- ասում է Հրաչյան.
«Շուտով կդառնամ այդ երկրի քաղաքացի եւ, ինչպես իմ շատ հայրենակիցներ, կապրեմ հայրենիքիցս հեռու: Ես ունեմ հայրենիք, բայց չունեմ պետություն: Ես էլ միացել եմ այն բազմաթիվ մարդկանց, որոնք կարեւոր չէ՝ ուր եւ ինչի համար են գնում. փաստն այն է, որ գնում են՝ իրենց հետ տանելով հայ մտածողին, կառուցողին, արվեստագետին, ի վերջո՝ այն երիտասարդին, ով պետք է շարունակի ապրել ու շենացնել երկիրը»:

Ապրելով Եվրոպայում եւ միանգամայն ընդունելի համարելով քաղաքակիրթ բարքերը՝ Հրաչյան գտնում է, որ Հայաստանը պետք է գնա դեպի Մաքսային միություն, քանի որ նրա համոզմամբ՝ Ղարաբաղյան խնդրով Հայաստանը Եվրոպային պետք չէ, եւ որ ավելի լավ է՝ մի միության լիարժեք անդամ լինել, «քան տարիներով հերթ կանգնել եւ այդպես էլ չընդգրկվել եվրաընտանիք»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան says:

    Էս հոդվածի իմաստ ՄՄ-ի գովազդն է՞ր, թե ինչ..հոդվածը լրիվ անկապացավ ու արժեզրկվեց իր վերջնամասում արտահայտված մտքով…

    • Անուշ says:

      Հարգելի Վահան շնորհակալություն կարծիքի համար, բայց հոդվածը ոչ թե ՄՄ գովազդ է, այլ եվրոպաբնակ մեր հայրենակցի կարծիքը

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031